«Խոսրովի անտառ» պետական արգելոցում տեղի ունեցած հրդեհից հետո կաղնուտների մասով գրեթե կորուստ չկա, իսկ գիհու ծառատեսակների մասով կորուստները դժվար վերականգնելի են:
Այս մասին լրագրողների հետ զրույցում ներկայացնելով 2016-ի հոկտեմբերի 1-ից 2017-ի սեպտեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածի հաշվետվությունն ասաց ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը:
Նրա խոսքով մոտ 2200 հա վառված տարածքի մեջ կաղնու անտառածածկ տարածքը կազմում է 900 հա, որն ավելի հեշտ վերականգնվող է, քան գիհին:
«Գիհի ծառատեսակների մասով կորուստներն անվերականգնելի են, կամ դժվար վերականգնելի: 220 հա գիհու անտառ է այրվել: Այրված խոտածածկ տարածքները կազմել են շուրջ 1100 հա, սրանք կվերականգնվեն աշնանային ու գարնանային անձրևների ժամանակ»,- հավելեց նախարարը:
Նախարարը նշեց, որ վայրի խոշոր կենդանիների մասով կորուստ չեն արձանագրել, մորեխների մասով արձանագրված անկումներ կան, իսկ սողունների անկումները շատ քիչ են կազմում. «Թեև մեր հատուկ պահպանվող տարածքներին հանձնարարական էր տրված, բոլորը բերվել էին առաջին պատրաստվածության մակարդակի` հնարավոր հրդեհների առումով, այնուամենայնիվ հրդեհները մեզ չշրջանցեցին»:
Նախարարի խոսքով՝ իրավիճակը ցույց տվեց, որ կանխարգելման ուղղությամբ պետք է վերանայեն իրենց անելիքները, այդ թվում` տեխնիկա ձեռք բերելու ուղղությամբ:
«Մենք ամեն ինչ չենք կապում եղանակային գործոնի հետ: Ճիշտ է, հարուցված քրեական գործը ցույց կտա` մարդկային և տեխնածին գործոններ կա՞ն կոնկրետ Խոսրովի անտառի դեպքում, թե՞ բացառապես եղանակային բնույթ են կրել: Մենք ունենք հրդեհի հաջորդ առավոտյան արբանյակից արված մի լուսանկար, որ հրդեհի միաժամանակյա երեք օջախ կա, ինչը բնական պայմաններով պայմանավորելն անհնար է: Սա կարող էր լինել միայն կայծակի դեպքում, այլ պարագայում հրդեհի առաջացման պատճառը կարող է լինել կա՛մ մարդածին, կա՛մ տեխնածին գործոնը»,- շեշտեց Մինասյանը:
Նախարարի պնդմամբ` գլխավոր խնդիրը մնում է կանխարգելման համակարգի մշակումը, և այս հարցում նա կարևորում է նաև հանրության ակտիվ ներգրավվածությունը: