Երկար տարիների ընդմիջումից հետո երեկ Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում կայացավ «Միսս Արմենիա» գեղեցկության մրցույթը, որի հաղթող ճանաչվեց Երևանը ներկայացնող 17-ամյա Լիլի Սարգսյանը։
Մրցույթի թերությունների, հետաքրքիր կողմերի, ինչպես նաև հաղթող մասնակցի մասին Life.panorama.am-ը խոսել է մոդել Մայա Պողոսյանի հետ:
«Կարծում եմ յուրաքանչյուր զարգացող երկրի համար կարևոր է, որ նորաձևության ոլորտը ևս զարգացում ապրի: Ցավալի էր, որ երկար տարիներ այս մրցույթը մեզ մոտ չէր կազմակերպվում, ցավալի էր, որ չկար մեկն, ով կարողանար այդ ողջ կազմակերպչական աշխատանքն իր վրա վերցներ ու պատվով ներկայացներ: Երբ այս տարի տեղեկացա, որ մրցույթը երկար տարիներ անց կայանալու է և կազմակերպիչն էլ Գոհար Հարությունյանն է, շատ ուրախացա, որովհետև գիտեմ, որ նա մեծ պատասխանատվության տեր մարդ է, հետո տեղյակ է այս մրցույթի բոլոր կողմերին, քանի որ տարիներ առաջ անձամբ է անցել այդ ամենի միջով: Ես շատ մեծ հետաքրքրությամբ էի սպասում մրցույթին, միաժամանակ, շատ լավ էի հասկանում, որ դա մեծ թիմային աշխատանք պետք է լիներ»,- նշեց Մայա Պողոսյանը:
Խոսելով թերությունների մասին՝ մեր զրուցակիցը նշեց. «Թերությունները կախված են մեզանից: Եթե մենք հայերիս հատուկ բնավորությամբ զուր աչքով փնտրենք դրանք, բնականաբար կգտնենք, բայց պետք է հասկանանք, թե ինչ մոտեցում ենք ուզում ցուցաբերել: Երեկ, երբ կիկսի ժամանակ հանդիսատեսն իրար խառնվեց, հաղորդավարներից մեկն ասաց, որ մենք բոլորս մի թիմ ենք ու եկեք բոլորս այնպես անենք, որ ամեն ինչ լավ անցնի: Դրանք իսկապես ճիշտ խոսքեր էին: Իհարկե, ցանկացած միջոցառման մեջ կարող ենք գտնել թերություններ, երեկ էլ բացառություն չէր, բայց շատ ողջունելի էր, որ երկար տարիներ անց նորից փորձ է արվել այդ մրցույթը վերականգնելու: Ի վերջո, մարդիկ Հայաստանում են ցանկացել ինչ-որ բան անել, իսկ դա արդեն առավելություն է: Աստված տա գալիք տարիներին գնալով շտկվեն բոլոր թերությունները»:
Անդրադառնալով հաղթող մասնակցին՝ Մայան նկատեց. «Պետք է խոստովանեմ, որ Լիլիին առաջին անգամն էի տեսնում: Բայց, երբ երեկ նրան բեմում տեսա, առաջին իսկ պահից իմ ֆավորիտը դարձավ. կարծում եմ՝ նա ամենաարժանի մասնակիցն էր, ով միջազգային հարթակներում կկարողանա ըստ արժանվույն ներկայացնել մեր երկիրը: Նա ունի և հայկական, և եվրոպական արտաքին: Լիլին շատ հաճելի, գեղեցիկ ժպիտով, բնական ու հայեցի կեցվածքով աղջիկ է, որի գեղեցկությունը իսկապես գնահատվեց»:
Դիտարկմանը, թե ակտիվ մեկնաբանություններ են տարածվում, որ մասնակից աղջիկներն իրենց տվյալներով համապատասխան չէին գեղեցկության մրցույթին, Մայա Պողոսյանն արձագանքեց. «Եթե մեծ հաշվով նայենք, այո, 24 աղջիկներից մեծամասնությունն իսկապես համապատասխան չէին գեղեցկության մրցույթին մասնակցելու պահանջներին, բայց նաև գիտեմ, թե ինչ մեծ դժվարությամբ ենք նրանք ընտրվել: Վստահ կարող եմ ասել, որ մենք շատ գեղեցիկ աղջիկներ ունենք, բայց երևի նրանք տարբեր պատճառներից ելնելով չեն հայտագրվել: Ամեն դեպքում, եղած աղջիկների միջից փորձ է արվել ընտրել լավագույններին: Ինչևէ, այս հարցի շուրջ էլ պետք չէ չարախոսել, կարևորը հաղթող մասնակիցը շատ գեղեցիկ է»: