Յուրաքանչյուր երկրորդ հիգիենիկ շրթներկ պարունակում է վտանգավոր թունավոր նյութեր։ Այս մասին նախազգուշացնում են սպառողների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող Que Choisir խոշոր ֆրանսիական կազմակերպության փորձագետները։ Կազմակերպությունը պատվիրել է հիգիենիկ շրթներկի որակի մասին հետազոտություն։ Հետազոտության շրջանակում ձեռք է բերվել տարբեր ֆիրմաների՝ այդ թվում խոշոր ապրանքատեսակների արտադրած հիգիենիկ շրթներկի 21 նմուշ։ Դրանցից 10-ում՝ այդ թվում Garnier, La Roche Posay, Carmex և Le Petit Marseillais հայտնի ապրանքանիշերի արտադրանքներում, պարզվել է, կան քաղցկեղածին նյութեր։
Որոշ նմուշներում գտել են հագեցած ածխաջրածիններով հանքային յուղեր, որոնք օրգանիզմում հայտնվելու դեպքում կարող են բորբոքում առաջացնել ավշային հանգույցներում ու լյարդում։ Շուրթերի բալզամի կազմում այդ նյութերը հատկապես վտանգավոր են, չէ՞ որ կա շրթներկը կուլ տալու հնարավորություն։
Նշենք, որ ցանկացած շրթներկի մեջ ժամանակի ընթացքում կարող են կուտակվել պոտենցիալ վտանգավոր բակտերիաներ, իսկ պիտանելիության ժամկետն անցնելուց հետո շրթներկը կրկնակի վտանգավոր է դառնում։ Փորձագետների խոսքով՝ միջին վիճակագրական կանանց մոտ սովորաբար կուտակվում է կոսմետիկա, որի պիտանելիության ժամկետը չորս տարի առաջ արդեն անցել է։ Իսկ որոշ կանայք կոսմետիկան պահում են նույնիսկ 15 տարի։ Ժամկետանց շրթներկը դառնում է շուրթերի չորացման, դրանց գրգռման պատճառ։ Իսկ կեղտոտ վրձինները, որպես կանոն, լի են միկրոօրգանիզմներով, որոնք առաջացնում են հերպես, դերմատոմիկոզ ու մաշկի ցան։
med.news.am