Հայկական առաջին էլեկտրական մեքենան. ինքնարժեքը` 5 հազար ԱՄՆ դոլար. armtimes.com (տեսանյութ)
Advertisement 1000 x 90

Հայկական առաջին էլեկտրական մեքենան. ինքնարժեքը` 5 հազար ԱՄՆ դոլար. armtimes.com

Հայաստանում առաջին անգամ էլեկտրական շարժիչով մեքենա է արտադրվել: Իր փոքր խմբի հետ այն նախագծել և ստեղծել է անհատ ձեռներեց, մասնագիտությամբ ինժեներ Դավիթ Գևորգյանը: Երևանի Մերգելյան գիտահետազոտական ինստիտուտում այսօր բացված էքսպոյի ժամանակ armtimes.com-ը զրուցեց հայկական առաջին էլեկտրական ավտոմեքենայի ստեղծողի հետ: Դավիթ Գրիգորյանը պատմեց, որ ստեղծված մեքենան ինքն արդեն երկու տարի է վարում է Երևանում:

Էլեկտրական մեքենան ստեղծվել է սովորական մեքենայի կառուցվածքի վրա, որը սակայն, աշխատում է միայն էլեկտրականությամբ: Որոշ հանգույցներ ներմուծվել են, որոշները՝ Հայաստանում են պատրաստվել: Օրինակ լիցքավորման համակարգը, արգելակման համակարգի որոշ հանգույցներ Հայաստանում են արտադրվել, իսկ մարտկոցներն ու շարժիչը ներմուծվել են: Էլեկտրական ավտոմեքենան հավաքվել է 4-ից 6 ամսում՝ չհաշված դետալների ներմուծման ժամանակահատվածը:

«Կոնկրետ այս մեքենան վաճառքի ենթակա չի, բայց նպատակն այն է, որ կազմակերպվի այս մեքենայի արտադրությունը: Մեքենայի ինքնարժեքը կարող եմ ասել՝ մոտ 5 հազար ԱՄՆ դոլարին համարժեք դրամ՝ ներառյալ մեքենայի գինը: Ես անհատ ձեռնարկատեր եմ, ունեմ խումբ, ես ինժեներ-էլեկտրիկ եմ, ունեմ մեխանիկներ և ևս մի քանի ինժեներ, մենք այդ խմբով հավաքել ենք: Միայն էլեկտրիկ-ինժեները չէր կարող պատրաստել այն»,- ասաց Դավիթ Գևորգյանը՝ նշելով, որ այս մեքենայի առանձնահատկությունն այն է, որ մեքենան զրոյից չի պատրաստվել, այլ պատրաստի մեքենայի բազայի վրա է հավաքվել: Շահագործվող մեքենայի վրա տեղադրվել է էլեկտրական համակարգ: Մեր զրուցակիցը նշեց, որ ցանկացած մեքենայի բազա կարող են վերցնել և այն վերածել էլեկտրական մեքենայի, քանի որ դա ավելի հեշտ է և քիչ ծախսատար:

«Կոնկրետ այս նմուշի վրայի մարտկոցների լիցքավորման ժամանակը, անկախ մարտկոցների քանակից, 2-ից 3 ժամ է: 2 ժամն արագ լիցքավորումն է, 3 ժամը՝ նորմալ լիցքավորումը: Իր եղած մարտկոցներով շահագործվում է մինչև 50 կիլոմետր, բայց նախատեսված է, որ այս մոդելի վրա պետք է լինի 4 անգամ ավելի շատ ճանապարհ անցնելու համար նախատեսված մարտկոց: 200 կիլոմետր պետք է լինի»,- ասաց Դավիթ Գևորգյանը:

Վերջինս նշեց, որ առաջին անգամ է երկու տարիների ընթացքում մասնակցում նման ցուցահանդեսի, չնայած նրան, որ մեքենան ինքը Երևանում արդեն շահագործել է 2 տարի:

Առավել մանրամասն՝ տեսանյութում