Անդրես Մուսքետիի «Այն» հորորը մտել է կինեմատոգրաֆի պատմության մեջ՝ դառնալով ամենահասութաբեր սարսափ-ֆիլմը: Այդ մասին հայտարարել է Warner Brothers-ի մարկետինգի բաժնի ղեկավար Սյու Քրոլը, որի խոսքը մեջբերում է Variety հրատարակությունը:
Ֆիլմը վարձույթում արդեն 500 մլն դոլարից ավելի է հավաքել: Ավելի վաղ ամենահասութաբեր հորորը համարվում էր «Դեւին հալածողը» ֆիլմը, որը վաստակել էր 441 մլն դոլար:
«500 մլն դոլարի նշագծին հասնելն այնքան էլ դժվար չէ լավ բլոքբասթերի համար, բայց սարսափ ֆիլմի համար դա պատմական է: Մենք չենք կարող չհպարտանալ այդ փաստով»,- հայտարարել է Քրոլը:
Նա շնորհավորել է ռեժիսոր Անդրես Մուսքետիին նման հաջողության առթիվ, ինչպես նաեւ նշել է, որ նկարահանող խումբն ստեղծել է մի ֆիլմ, որը հանդիսականների վրա մեծ ազդեցություն է ունեցել ամբողջ աշխարհում:
Սթիվեն Քինգի՝ արդեն էկրանավորված գրքի կինոժապավենը պատմում է Դերի քաղաքի յոթ դեռահասների մասին, որտեղ հայտնվում են երեխաները եւ որոնց առեւանգում է զարհուրելի ծաղրածու Փենիվայզը:
Ավելի վաղ Deadline-ը հայտնել է, որ Warner Bros կինոստուդիան «Այն» սարսափների ֆիլմի սիքվելը լայն վարձույթ կհանի 2019 թվականի սեպտեմբերի 6-ին: Կինոժապավենի ռեժիսրը կլինի Անդրես Մուսքետին, որը նկարահանել է 2017 թվականի «Այն»-ը:
Շարունակությունը կպատմի գլխավոր հերոսների կյանքի մասին նախորդ մասում տեղի ունեցած դեպքերից 27 տարի անց: Գործող անձերը հավաքվում են միասին, որպեսզի կրկին դիմակայեն կինոպատումի գլխավոր անտագոնիստ ծաղրածու Փենիվայզին: