Հոկտեմբերի 1-ից Արմենիա TV–ի եթերում կմեկնարկի «Ամենախելացին» ինտելեկտուալ հեռուստախաղի 5–րդ եթերաշրջանը, որի շրջանակում Հայաստանի ու Արցախի տարբեր բուհերից ընտրված ուսանողները կմտնեն ինտելեկտուալ մրցապայքարի մեջ։ Այս եթերաշրջանում մասնակցում են բակալավրի առաջին կուրսից մինչև մագիստրատուրայի երկրորդ կուրսի ուսանողները։ Tert.am Life–ի հետ զրույցում «Ամենախելացին» հաղորդաշարի ստեղծագործական կազմը հետաքրքրիր և մեծ ակնկալիքներով եթերաշրջան խոստացավ։
««Ամենախելացին» ամեն եթերաշրջանում մեծացնում է մասնակիցների տարիքային խումբը, քանի որ հնարավոր չէ ամեն անգամ ներկայացնել տարիքային նույն խումբը։ Առաջին եթերաշրջանին մասնակցել են 12–13 տարեկան երեխաներ, հետո ամեն հաջորդ եթերաշրջանում ավելի մեծ տարիքի երեխաներ են եղել։ 5–րդ եթերաշրջանում ուսանողներն են մասնակցելու։ Նախագծին մասնակցելու հետաքրքրությունը բոլոր եթերաշրջաններում էլ մեծ է։ Անցած եթերաշրջանների փորձը ցույց է տալիս, որ մասնակիցները ունեն գիտելիքի բարձր մակարդակ։ Ակնկալիքներս մեծ են, որ այս եթերաշրջանում էլ է այդպես, քանի որ հաղորդման ձևաչափը դա է ենթադրում։ Միայն մի բանից ենք փոքր-ինչ դժգոհ՝ բոլորը կաղում են գեղարվեստական գրականությունից»,– նկատեց խաղի գլխավոր խմբագիր Կարեն Քոչարյանը։
Նախագծի խմբագիրներից Հարություն Արզումանյանն էլ նշեց, որ հարցաշարի մեջ էական փոփոխություններ չեն եղել։ Ուսանողների համար ընտրվել են իրենց տարիքային խմբին համապատասխան հարցեր։ «Այս եթերաշրջանից սպասելիքները շատ մեծ են, քանի որ մինչև այս խաղացած բոլոր մասնակիցներից ամենաբարձր տարիքային խումբն է լինելու։ Հարցերի առումով շատ բան չի փոխվել նախորդ եթերաշրջանի համեմատ։ Բնականաբար, հարցերի ընդհանուր շրջանակը համապատասխանեցվել է տարիքային այդ խմբին։ Ընդհանուր բարդության մակարդակը քիչ է տարբերվելու նախորդ բոլոր եթերաշրջաններից։ Նախընտրական փուլից լավ տպավորություններ ենք ստացել»,– ասաց Հարություն Արզումանյանը։
Հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը ևս մեծ սպասելիքներ ունի 5–րդ եթերաշրջանից։ «Չգիտեմ, իմ կյանքում հաղորդավարական ասպարեզի հետ կապված որևէ այլ իրադարձություն այնքան ուրախություն կպարգևի՞ ինձ, որքան «Ամենախելացին»։ Անհավանական սպասումներ ունեմ։ Հատկապես, որ 5–րդ եթերաշրջանին ուսանողների ենք ներառել։ Հեշտ չէր ընտրությունը, հեշտ չի լինի նաև պայքարը։ Վստահ եմ, որ նրանք, լինելով հասուն և կայացած տեսակ, բավականին բարդ կհաղթահարեն էտապները»,– նշեց հաղորդավարուհին։
Ամբողջությամբ՝ life.tert.am