Հայաստանի Հանրապետության համախառն արտաքին պարտքը 2017 թվականի հունիսի վերջի դրությամբ կազմել է 10 մլրդ 44.3 մլն դոլար։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ 2017թ. երկրորդ եռամսյակի վճարային հաշվեկշռից, որը հրապարակվել է Կենտրոնական բանկի կողմից։
Նշենք, որ համախառն պարտքը ներառում է ոչ միայն ՀՀ կառավարության և կենտրոնական բանկի, այլ նաև մասնավոր կազմակերպությունների արտաքին պարտավորությունները։
Համախառն արտաքին պարտքից 5 մլրդ 188.3 մլն դոլարը կամ 51.7%-ը ՀՀ կառավարության և Կենտրոնական բանկի պարտքն է (արտաքին պետական պարտք):
Համախառն արտաքին պարտքից 2 մլրդ 412.6 մլն դոլարը կամ 24%-ը ավանդային կազմակերպությունների (բացառությամբ ՀՀ Կենտրոնական բանկի) պարտքն է (ներառյալ միջֆիրմային վարկերը), 2 մլրդ 443.7 մլն դոլարը կամ 24.3%-ը՝ այլ մասնավոր հատվածի պարտքը (ներառյալ միջֆիրմային վարկերը):
ՀՀ կառավարության և կենտրոնական բանկի արտաքին վարկերը հունիսի վերջի դրությամբ կազմել են 4 մլրդ 47.9 մլն դոլար, որից 3 մլրդ 484.6 մլն դոլարը՝ կառավարության պարտքն է, 559.9 մլն դոլարը՝ ԿԲ-ի պարտքը։
2017 թվականի առաջին կիսամյակի ընթացքում արտաքին պետական վարկերի գծով ներհոսքը կազմել է 112.5 մլն դոլար։ Նույն ժամանակահատվածի ընթացքում պետական վարկերի հիմնական գումարի գծով մարումները կազմել են 64.7 մլն դոլար, տոկոսավճարները՝ 32.9 մլն դոլար։
ՀՀ ավանդային կազմակերպությունների համախառն արտաքին պարտքը հունիսի վերջին՝ 2016 թվականի դեկտեմբերի վերջի համեմատ նվազել է 102.2 մլն դոլարով և կազմել 2 մլրդ 412.6 մլն դոլար։ Ավանդային կազմակերպությունների հիմնական վարկատու երկրներն են Նիդերլանդները (21.6%), Լյուքսեմբուրգը (19.7%), ԱՄՆ (7.4%) և Մեծ Բրիտանիան (4.8%): Վարկերի մոտ 23%-ը ստացվել է միջազգային կառույցներից։
Այլ մասնավոր հատվածի 2 մլրդ 443.4 մլն դոլար համախառն արտաքին պարտքի 55%-ը կամ 1 մլրդ 357 մլն դոլարը կազմում են ներգրավված վարկերը, 37.7%-ը կամ 920.9 մլն դոլարը՝ միջֆիրմային վարկերը, մնացած 165.5 մլն դոլարը՝ այլ պարտավորությունները (ներառյալ առևտրային վարկերը):