Թե ինչպես տիզը ոչնչացրեց «պնդուկային տերության» բերքը
Եթե ձեզ հետաքրքրի, թե որտեղից է ձեր օգտագործած մթերքում հայտնվում անտառային ընկույզը, պատասխանն արագ կտան Wikipedia-ն և Google-ը. պնդուկի համաշխարհային մատակարարների առաջին հնգյակը հետևյալ տեսքն ունի՝ Թուրքիա, Իտալիա, ԱՄՆ, Վրաստան և Ադրբեջան:
Վրացական պնդուկի 90%-ն աճում է Արևմտյան Վրաստանում՝ Սամեգրելոյում, Աբխազիայի հետ սահմանի երկայնքով:
Մինչև այսօր հենց պնդուկն է 90-ականների հակամարտություններից առավել տուժած շրջանին հնարավորություն տալիս ապրելու: Սակայն շուտով այդ ամենը կարող է փոխվել: Այս տարի Սամեգրելոյում չեն կարողացել հավաքել անտառային ընկույզի նախորդ տարվա բերքի կեսն անգամ, իսկ կանխատեսումները սփոփիչ չեն:
Սամեգրելոյում այժմ ամենաթեժ սեզոնն է: Ֆերմերները հավաքում են գլխավոր տեղական մշակաբույսի՝ պնդուկի բերքը: Զուգդիդիում և հարակից գյուղերում պնդուկի ընդունման կետերն ամեն քայլափոխի են:
Դրանցից մեկի մոտ մի քանի պարկերով բեռնված մեքենա է կանգնում: Դա Կախաթի գյուղի բնակիչ Ռոման Չախայայի տարեկան բերքն ու միակ եկամուտն է: Գինը որոշելու համար ընդունման կետում սկզբից պետք է պարզեն ապրանքի որակը: Դա արվում է սովորական դարձած ընթացակարգի միջոցով. յուրաքանչյուր պարկից մի քանի պնդուկ է վերցվում փորձելու համար: Այնուհետև հարյուր հատ պնդուկ կոտրում են, ամբողջական միջուկը տեղադրում հատուկ սարքում՝ այսպես կոչված գիլյոտինում, և կիսում են հսկայական տափակ սայրով: Եթե 100-ից 90 պնդուկի միջուկն առողջ լինի, գյուղացին այս տարի ամենաբարձր գինը կստանա՝ 4 լարի (1,60 դոլար) մեկ կիլոգրամի դիմաց:
Ռոմանն արդեն գիտի, որ իր պնդուկը որակյալ չէ: Սակայն հույս ունի վաճառել այն կիլոգրամը գոնե մեկ լարիով: Ստուգման արդյունքին սպասում է կարծես դատավճռի: Ընդունման կետի աշխատակիցը հաշվում է պնդուկը: Հարյուրից միայն 9 միջուկն է առողջ դուրս եկել: Դա իրոք դատավճիռ է, ընդունման կետը չի ընդունում պնդուկը, և գյուղացին իր բերքեը հետ է տանում:
«Ես սպասում էի երեք տոննա, սակայն հազիվ կարողացել եմ 300 կիլոգրամ ստանալ: Մտածում էի, գոնե մեկ լարիով վաճառել, սակայն չվերցրին: Մյուս կետեր տանելու իմաստ չկա, այդպիսի պնդուկը ոչ ոք չի վերցնի», – ասում է Ռոմանը:
Թեմուր Գվիլավան կնոջ և երկու երեխաների հետ ապրում է Անակլիա ծովամերձ գյուղում: Նախորդ տարիներին բերքն ու եկամուտը վատ չէր եղել: Այն ժամանակ հաջողվել էր պնդուկը վաճառել կիլոգրամը 5 լարիով (2 դոլար): Ամենաբարձր գինը չէ, քանի որ բերքը բարձրորակ չէր: Իսկ նախորդ տարիներին Թեմուրը պնդուկը հանձնել է կիլոգրամը 9-10 լարիով (3,60-4 դոլար):
Քանի որ պնդուկ աճեցնելը շահութաբեր գործի է վերածվել, Սամեգրելոյում շատերն են սկսել ֆերմերությամբ զբաղվել. վարկեր են վերցրել բանկերից և պնդուկի մեծ պլանտացիաներ են տնկել:
Այդպես է արել նաև Թեմուրը: Շնորհիվ այն բանի, որ նա արդեն բերքատու պլատնացիա ուներ, իսկ պնդուկը թանկ էր, բանկն առանց խնդիրների նրան 15 հազար լարի (մոտ 6 հազար դոլար) վարկ էր տվել: Թեմուրն այդ փողով տան կողքը լրացուցիչ կես հեկտար տարածք էր ձեռք բերել և ընդլայնել իր պլանտացիան մինչև 1 հեկտար:
Այդ պլանտացիայից նա պետք է հավաքեր նվազագույնը մեկուկես տոննա պնդուկ:
Սակայն այս տարի ընդհանրապես ոչինչ չի կարողացել հավաքել: «Յուրաքանչյուր բերք հավաքողի ես պետք է օրական 25 լարի (մոտ 10 դոլար) վճարեմ: Մենք ստուգել ենք պնդուկը, և պարզվել է, որ բարքը չի ծածկի այդ ծախսերը: Այդ պատճառով էլ բերքն ընդհանրապես չենք հավաքել», – ասում է նա՝ մատնացույց անելով պնդուկի իր այգին:
Որոշ պնդուկի հատիկներից միանգամից երևում է, որ փտած են: Որոշներն արտաքուստ նման են առողջների, սակայն եթե միջուկը կիսես, սպիտակ կողմում շագանակագույն բծեր են երևում:
Թեմուրն այժմ մտածում է, թե ինչպես պետք է վերադարձնի բանկի վարկը:
Ամբողջությամբ՝ jam-news.net