Արմավիրի մարզի Շենավան համայնքի ՀՀԿ-ական ղեկավար Արթուր Մկրտչյանը Aravot.am-ի հետ զրույցում պարզաբանեց համացանցում քննարկվող անգղների որսով հայտնի լուսանկարի պատմությունը:
Ըստ նրա՝ այդ լուսանկարը 2007-ին է արվել ու արդեն մի քանի տարի է՝ ինչ իր facebook-ի էջում տեղադրված է. «Տասը տարվա լուսանկար է, դրանք մենք չենք որսացել, Թուրքիային կից տարածքում՝ Բագարան-Երվանդաշատ տանող ճանապարհին ենք տեսել, ճանապարհին անցնելուց տեսանք՝ անցորդներ էին կանգնել ու նայում, մենք էլ կանգնել ենք, նայել, հետաքրքրության համար նկարվել ենք: Մեզ էլ նկարել է անցորդներից մեկը, թողել ենք նույն տեղը, գնացել ենք: Հիմա նկարը տարածում են ու այնպես է ստացվում, որ դա եղել է երեկ կամ երեկ չէ առաջին օրը»:
Գյուղապետի խոսքով, ինչ-որ մեկը միտումնավոր թարմացրել է այդ նկարը՝ տարածելով համացանցում գուցե իրեն վնասելու նպատակով. «Այս նկարն իմ կայքում արդեն վեց, յոթ տարի կա…այդ անգղներն էլ Թուրքիայի կողմից են եկած եղել, մեր տարածքում այդպիսի անգղներ չկան»: Գյուղապետն ասաց, որ երեկվանից իրեն բարձրաստիճան շատ պաշտոնյաներ են զանգել՝ պարզաբանում ստանալու, այսօր էլ կանչել են մարզպետարան՝ բացատրություններ տալու:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ