Գեղարքունիքի մարզում հոկտեմբերի 4-ին ձյուն տեղաց միայն Գավառ քաղաքում և տարածքի մի շարք գյուղական համայնքներում: Բարեբախտաբար, մարզի մնացած տարածքներում տեղումները եղան անձրևի տեսքով, թեև բարձրլեռնային գոտիներում ևս ձյան սավանը նստեց:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության ե ւ բնապահպանության վարչության պետ Համբարձում Համբարձումյանը, տեղացած ձյունը և գրանցված սառնամանիքը, այնուամենայնիվ, անակնկալ էին տնտեսությունների համար, որոնց բերքը դեռ հավաքված չէ, իսկ անասունների նախիրներն ու հոտերը գտնվում էին լեռնային արոտատեղերում:
«Հոկտեմբերի 4-ի լույս 5-ի առավոտյան գրանցված սառնամանիքի, տեղացած ձյան հետևանքների մասին ճշտումներ կարվեն առաջիկա օրերին, երբ համայնքներից կստացվեն համապատասխան ահազանգեր կամ տեղեկություններ: Մեր դիտարկմամբ՝ ձյուն տեղացել է Գավառ քաղաքում և շրջակա գյուղական համայնքներում: Ձյան շերտը բնակավայրերի որոշ հատվածներում մեկ օր անց էլ դեռ պահպանվում է: Այն առավել նկատելի է 2000 մետր բարձրությունից սկսած՝ ձյան սավանով ծածկելով արոտավայրերն ու դաշտերը, ինչը նշանակում է, որ ավարտվում է անասունների արոտի շրջանը լեռնային և բարձրլեռնային գոտիներում, և անասնահոտերը մինչ մսուրային շրջանի սկիզբը պետք է բավարարվեն բնակավայրերին մերձակա արոտներով: Կարծում եմ նաև, որ ցածր ջերմաստիճանի հետևանքով կարտոֆիլի, կաղամբի կամ պտղի բերքը Գավառի տարածքում չի ցրտահարվել, չի վնասվել, այդ մասին տեղերից էլ ահազանգեր դեռ չունենք: Իսկ ահա պտղատու կամ դեկորատիվ ծառերի ջարդվելու մասին տեղեկություններն առկա են: Մի խոսքով, ձյան ու ցրտի պատճառած վնասների մասին տվյալները կամփոփվեն առաջիկա օրերին: Արևոտ եղանակը, կարծում եմ, հնարավորություն կտա ժամանակին ավարտել թե՛ բերքահավաքը, թե՛ աշնանացանը»,-հավաստեց գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետը:
Խոսրով Խլղաթյան