Ադրբեջանական «սև ցուցակում» հայտնվելու պատվին արժանացած խիզախները. armeniasputnik.am (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Ադրբեջանական «սև ցուցակում» հայտնվելու պատվին արժանացած խիզախները. armeniasputnik.am

Արտասահմանցի և սփյուռքահայ քաղաքական, մշակութային ու հասարակական գործիչները վերջին շրջանում ավելի հաճախ են այցելում Արցախ` չվախենալով «սև ցուցակ» կոչվածից։ Sputnik Արմենիան ներկայացնում է այն խիզախներին, որոնք այցելում են Արցախ ու պատիվ համարում «սև ցուցակում» հայտնվելը։

Դանիել Դեքեր

Ամերիկացի երգիչ և կոմպոզիտոր Դանիել Դեքերը 17-րդ անգամ է գալիս Հայաստան։ Վերջերս էլ նա ցանկություն է հայտնել Արցախում ներկայանալ մենահամերգով, Արցախին ձոնել իր մեծ սիրո մասին երգ։ Այդպես էլ արեց. Արցախի Հանրապետության հռչակման 26-րդ տարեդարձի առթիվ առաջին անգամ հնչեցրեց «Իմ Արցախ» երգը։

«Պատիվ ունեմ գտնվելու ադրբեջանական «սև ցուցակում»։ Այն ժամանակից, երբ գրեցի «Ադանա» ստեղծագործությունը, արդեն համոզված էի, որ ցուցակը պատրաստ է ինձ համար։ Ես դա նորմալ եմ համարում, որովհետև կանգնած եմ ճշմարտության կողքին»,- ասել է Դեքերը։

Ալեքսանդր Ցինկեր

Քնեսեթի նախկին պատգամավոր Ալեքսանդր Ցինկերն առաջիններից մեկն է հայտնվել «սև ցուցակում», այն բանից հետո, երբ այցելել է Արցախ։

«Հիմա այդ ցուցակում մոտ 600 մարդ կա, կարծում եմ` ժամանակի ընթացքում այդ թիվը կավելանա։ Ժամանակի ընթացքում ավելի շատ մարդ է այցելելու Արցախ։ Ադրբեջանական իշխանությունները պետք է հասկանան, որ այդ ցուցակները ոչինչ չեն փոխի»,- Sputnik Արմենիայի հետ բացառիկ զրույցում հայտնել է Ցինկերը։

Ի դեպ, նա «Հայաստան-Իսրայել» հասարակական ֆորումի համանախագահն է։ Ցինկերի կարծիքով` հայ-իսրայելական գործակցությունը լուրջ մտահոգություն է առաջացրել Ադրբեջանում։

Դանիել Ղազարյան

Ֆրանսիայի խորհրդարանի պատգամավոր Դանիել Ղազարյանը հոկտեմբերի 10-ին Հայաստան էր ժամանել հայկական անձնագիր ստանալու համար։ Նա հայտնել է, որ հայկական արմատներ ունեցող ֆրանսիացի պատգամավորների համար առաջնահերթություն է ԼՂ հիմնախնդիրը։

«Մոտ ժամանակներս հաճույքով կայցելեմ Արցախ, հիմա ժամանակի սղություն ունեմ։ Իսկ Ադրբեջանի «սև ցուցակն» ինձ չի վախեցնում»,-ասել է Ֆրանսիայի խորհրդարանի պատգամավորը։

Էդուարդ Լիմոնով

Ռուս գրող և հասարակական գործիչ Էդուարդ Լիմոնովը Արցախ կատարած այցի պատճառով նույնպես հայտնվել է Ադրբեջանի «սև ցուցակում»։

Ադրբեջանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Հիքմեթ Հաջիևը հայտնել է, որ Լիմոնովն «ապօրինի» է այցելել «Ադրբեջանի օկուպացված տարածքներ», դրա համար էլ այդ ցուցակում է։

Էդուարդ Լիմոնովին առանձնապես չի մտահոգել «սև ցուցակում» հայտնվելու փաստը, և նա 2017 թ-ի հունիսին այցելել է Արցախ, որը նրան բնորոշմամբ` քրիստոնյա աշխարհի ամենահեռավոր հողակտորն է մոլորակի այդ հատվածում:

ԱՄՆ կոնգրեսականներ

ԱՄՆ կոնգրեսականներից միանգամից 3 հոգի հայտնվել են ադրբեջանական «Սև ցուցակում»։ Նրանք են` Դեյվիդ Վալադաոն, Ֆրանկ Փալլոնը և Թուլսի Գեբըրդը։

Այս մասին կրկին արտահայտվել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի խոսնակ Հիքմեթ Հաջիևը:

«Հայաստանի և հայկական լոբբի հետ համատեղ իրականացված այդ գործողությունը նպաստում է ԵԱՀԿ ՄԽ ջանքերի զրոյացմանը»,- ասել է նա։

Ի դեպ, Դեյվիդ Վալադաոյի նախաձեռնությամբ ԱՄՆ արտաքին հատկացումներից մեկուկես միլիոն դոլար կհատկացվի Արցախում ականազերծման աշխատանքներ կատարելու համար։

armeniasputnik.am



Նման նյութեր