Պատմաբան Վահե Անթանեսյանը իր բլոգում ներայացրել է հայոց պատմական դրոշները և խորհրդանշանները:
Դրոշները հայոց պատմության մեջ կիրառվել են դեռևս վաղնջական ժամանակներից: Դրոշները եղել են պետական, տոհմային, դրոշներ ունեցել է հայոց զորքը, նրա առանձին ստորաբաժանումներ…
Հայ պատմիչները դրոշները կոչել են նշան: Բառը երբեմն գործածվել է հոգնակի թվով՝ նշանքն, ինչից ենթադրվում է, որ ամեն մի տոհմ, կարող էր ունենալ մեկից ավելի դրոշներ:
Առհասարակ, շատ դեպքերում դրոշները նաև զինանշանի դերակատարություն են ունեցել, քանզի դրոշների վրա հենց տոհմական զինանշանն է պատկերված եղել որպես կանոն:
Ցավոք, հայ միջնադարյան պատմագիտությունը միայն աղոտ տեղեկատվություն է մեզ փոխանցում հայոց հին դրոշների մասին:
Մեզ հասած փոքրիկ տեղեկություններից է Խորենացու հաղորդումը Վաղարշակ Արշակունու արծվակիր դրոշի մասին: Այն հավանաբար, ձողի վրա ամրացրած արծվի քանդակ էր, որ արքայական շքերթի ժամանակ արքայի առջևից տանում էին Արծրունի իշխանները: Չի բացառվում, որ այստեղից է առաջացել հայոց պատմության մեջ հսկայական դերակատարություն ունեցած այս տոհմի տոհմանունը, քանզի Գահնամակով կարգավորված էին հայոց բոլոր նախարարների պարտավորությունները արքայի հանդեպ և նրանց դերակատարությունը պետության մեջ:
Ի դեպ, արծվակիր դրոշները արքայական տոհմի շնորհն են հանդիսացել: Արծվակիր էին նաև պարթև արքաների դրոշները:
Արծվակիր էր նաև Տիգրան Մեծի (մթա 95-55) դրոշը: Արծվի պատկերը կար նաև թագին՝ կենտրոնում արև, երկու կողմերում՝ արծիվներ: Բնականաբար, հայոց արքայական դրոշը պետք է լիներ ծիրանագույն, քանզի ծիրանի էր նրանց թիկնոցը՝ իշխանության խորհրդանիշը:
Ի դեպ, Տիգրանի դրոշը գործածեց նաև նրա զավակն ու արժանավոր հաջորդը՝ Արտավազդ Բ (մթա 55-34) արքան հայոց:
Առհասարակ, արքայից զատ, տոհմական դրոշներով են հանդես եկել նաև նախարարական, իշխանական տները:
Ագաթանգեղոսը նշում է, որ երբ Գրիգոր Պարթևն ավարտեց Հայաստանում քրիստոնեության տարածման ու որպես պետական կրոն հաստատման գործը, այցելեց Կեսարիայի մետրոպոլին: Այցի ժամանակ նրան ուղեկցում էին բազում հայ իշխաններ ու նախարարներ՝ յուրաքանչյուրն իր ,,նշանով,, ու գնդով: Նշան ասելով՝ տվյալ դեպքում դրոշը նկատի ունի Ագաթանգեղոս պատմիչը:
Նման մեջբերում է անում նաև Փավստոս Բուզանդը, ով գրում է, թե Ներսես Պարթևի՝ կաթողիկոսական ընտրության ժամանակ հավաքվել էր հայոց ողջ ազնվականությունն իր սպառազեն գնդերով ու դրոշներով: Փավստոսը հենց արտաբերում է դրոշ բառը:
Հայոց գնդում՝ Արշակ Բ արքայի (350-368) զորաբանակում հատուկ դրոշակակիր ստորաբաժանումներ են եղել: Այդ մասին դարձյալ ակնարկում է Փավստոս Բուզանդը, երբ նկարագրում է, թե արքայի հրամանով ինչպես էր Վասակ Մամիկոնյան սպարապետը զինահավաք անցկացնում Մեծ Հայքում:
Հետաքրքիր դրվագ է հաղորդում դարձյալ Փավստոս պատմիչը Ձիրավի ճակատամարտի վերաբերյալ:
Ճակատամարտից առաջ, երբ Պապ թագավորն (370-374) ու Ներսես կաթողիկոսը բարձրանում են Նպատ լեռը, նրանց մոտ է բարձրանում Մուշեղ Մամիկոնյանն իր դրոշով ու կաթողիկոսին խնդրում օրհնել այն՝ մարտից առաջ:
Առհասարակ, ամենալավը թերևս, լուսաբանված է Մամիկոնյանների դրոշը՝ շնորհիվ ոչ միայն պատմիչների, այլև եկեղեցիների ճակատին նրանց թողած որմնապատկերների:
Այն եղել է արծվապատկեր: Արծիվը ճանկերի մեջ նիզակ է բռնել: Հետագայում, որոշ հանգամանքներում և տարբեր ժամանակամիջոցում նիզակը չի պատկերվել դրոշի կամ զինանշանի վրա, բայց գոնե 5-րդ դարում, վստահաբար կարելի է պնդել, որ Մամիկոնյանների տոհմական զինանշանը եղել է արծիվ՝ նիզակ ճանկած: Գուցե նիզակի հանգամանքը պայմանավորված է եղել Մամիկոնյանների՝ հայոց սպարապետության գործակալության տնօրինումով, և հետագայում երբ այս քաջ տոհմը թուլացավ և աստիճանաբար հեռացավ պատմության թատերաբեմից՝ դրոշից անհետացավ նաև նիզակը:
Մանվել Մամիկոնյանը պարսից Շապուհ արքայից որպես պատվո նշան, արծվակիր դրոշ է ստացել….
Ձիրավի ճակատամարտի ժամանակ (371 թվական), երբ Արտավասդ Մամիկոնյանն ուզում է գտնել Մերուժան Արծրունուն և մենամարտել նրա հետ, Մերուժանին ճանաչում է նրա դրոշից: Այսինքն՝ դրոշները կարող էին լինել ոչ միայն տոհմական, այլև՝ անձնական:
Մամիկոնյաններից զատ մյուս հայկական ազդեցիկ տոհմը միջնադարում Բագրատունիներն էին: Սկսած Աշոտ Ա Բագրատունի արքայից՝ (885-890) նրանց դրոշը նույնպես պիտի ծիրանագույն լիներ՝ ի նշան արքայության:
Բագրատունիների դրոշի վրա բնականաբար, պատկերված է եղել նրանց տոհմային հովազը: Այսինքն, միջնադարում, Հայոց թագավորության պետական դրոշը եղել է ծիրանագույն՝ վրան պատկերված հովազ:
Հովազակիր պետք է լիներ նաև Բագրատունիների կրտսեր ճյուղի՝ Լոռվա Կյուրիկյան թագավորության դրոշը: Սակայն այն ծիրանագույն լինել չէր կարող: Ծիրանագույն կարծում եմ, իրավունք ուներ կրելու միայն հայոց արքայից-արքան. Տվյալ դեպքում՝ Անվո գահակալը: Այս կանոնը կարող էր խախտվել Լոռիում Դավիթ Ա Անհողինի թագավորության շրջանում (990-1048), երբ վերջինս ոչ միայն ապստամբեց ու անկախացավ Անվո գահից, այլև նվաճեց Աղվանքը, Թիֆլիսը, Կախեթը, ու անգամ իր պետությանը տվեց Աղվանից թագավորություն անվանումը:
Կյուրիկյանները իրենց զինանշանը թողել են բազում եկեղեցիների, կամուրջների, բարձրաքանդակների վրա:
Դրոշներով կարելի էր զանազանել նաև զորքի սպառազինությունը: Յուրաքանչյուր ստորաբաժանում ուներ իր դրոշը: Այդ ձևով մարտնչող բանակները բնականաբար, կարող էին հետախուզել մեկմեկու, ըստ հարկի՝ նաև մոլորության մեջ գցել թշնամուն:
Եղիշեն նշում է, որ Ավարայրի ճակատամարտից առաջ պարսիկները հայոց բանակի պարզած դրոշներով փորձում էին որոշել, թե հայոց զինուժում ինչ սպառագլուխ զորատեսակներ կային…
Դրոշներ կարող էին ունենալ նաև առանձին քաղաքներ, մանավանդ՝ մեծ և որոշակի կառավարման ինքնավարություն ունեցող քաղաքները:
Հայտնի է Անի մայրքաղաքի զինանշանը, որ պատկերված է քաղաքի Ավագ դռան հսկող աշտարակի վրա՝ ներսի կողմից: Դա Վահագնական խաչ-պատերազմին է՝ սվաստիկան, կամ կեռխաչը հայոց, ինչը վաղնջական շրջանում հայ ռազմիկի համար կատարել է պատվո նշանի դերակատարություն և մոտավորապես ունեցել է այն նշանակությունը, ինչ այժմ ուսադիրը:
Բնականաբար, հայոց պետության փառահեղ մայրաքաղաքի դրոշն էլ պետք է ծիրանի լիներ…
Հայտնի է, որ Սեբաստիա քաղաքը դեռևս 14-րդ դարում ունեցել է սպիտակ, կարմրախաչ դրոշ: Միգուցե, դա նաև Վասպուրականի Արծունիների թագավորության (908-1021) դրոշն էեղել, քանզի 1021 թվականին Սենեքերիմ Արծրունի թագավորը Վասպուրականը հանձնելով Բյուզանդիային, տեղափոխվեց բնակության Սեբաստիա, և նրա ժառանգները Սեբաստիայում միառժամանակ կրում էին թագավոր տիտղոսը:
Կիլիկյան Հայաստանում, չնայած, որ Ռուբինյանները սերում էին անմիջապես Բագրատունիներից, նրանք Բագրատունյաց թագավորության դրոշն ու զինանշանը չկիրառեցին: Դրա փոխարեն օգտագործեցին առյուծատեսք դրոշներ, ինչը պատկերված է նաև կիլիկյան դրամների վրա: Ի տարբերություն Բագրատունյաց արքաների՝ Ռուբինյանները նաև խաչ գործածեցին իրենց դրոշների վրա: Խաչը դրված էր առյուծի աջ կողմում, ինչպես նաև՝ դրոշի բոլոր անկյուններում տեղակայված էին փոքրիկ հավասարաթև խաչեր:
Ի դեպ, Կիլիկիայում զինանշանն ու դրոշը չփոխվեցին դինաստիական փոփոխությունների ժամանակ և թե Հեթումյանները, թե Լուսինյանները, Ռուբինյաններից հետո կիրառեցին նույն խորհրդանշանները: