«Միսս Արմենիա» հհ-ի գեղեցկության մրցույթի հաղթող Լիլի Սարգսյանն այսօր մեկնելու է Չինաստան՝ մասնակցելու «Միսս աշխարհ» հեղինակավոր գեղեցկության մրցույթին։
Մրցույթը տեղի է ունենալու նոյեմբերի 18-ին Սանյա քաղաքում, և բոլոր մասնակիցները շուրջ մեկ ամիս պատրաստվելու են եզրափակիչ ելույթին։
Wnews.am–ին տված հարցազրույցում Լիլին պատմել է, թե ինչով է զբաղված եղել «Միսս Արմենիա»-ի մրցույթից հետո և ինչպես է նախապատրաստվել «Միսս աշխարհ»-ին։
«Հաղթանակից հետո շատ քիչ ժամանակ ունեի «Միսս աշխարհ»-ին նախապատրաստվելու համար, ուստի այս օրերին շատ զբաղված էի. աշխատել եմ քայլվածքիս վրա, ընդամենը երկու օրում սովորել եմ հայկական պար, որն այնտեղ պետք է ներկայացնեմ։
«Յար քո բարակ բոյին մեռնեմ» երգի ներքո մարմնավորելու եմ գեղեցիկ հայուհու, ում սիրահարվել է երիտասարդ մի տղա»,- պատմեց Լիլին։
Մեր գեղեցկուհին իր հետ «Միսս աշխարհ» է տանելու հայկական հուշանվեր և Հայաստանի մասին պատմող գիրք։
«Որպես հուշանվեր ընտրեցինք հայկական դուդուկը»,-նշեց նա։
Ինչ վերաբերում է «Միսս աշխարհ»-ի մասնակիցների dress code-ին, ապա մրցույթից իրենց պահանջներն են ներկայացրել։
«Պետք է բոլոր մասնակիցներն իրենց հետ ունենան մի քանի երեկոյան, կոկտելային զգեստներ, սպորտային հագուստներ, ինչպես նաև տարազ։ Իմ երեկոյան զգեստի և տարազի հեղինակը Գևորգ Շադոյանն է»,- ասաց Լիլին։
Մեկ ամսվա ընթացքում մասնակիցները փորձեր են անելու, բեմադրելու են խորեոգրաֆիան, ինչպես նաև այցելելու են տեսարժան վայրեր։
Ի դեպ, Լիլին առաջին անգամ է երկրից դուրս գալու.
«Անհանգստությունս քիչ է, ծնողներս ինձ վստահում են, գիտեն, որ ամեն ինչ ճիշտ կանեմ, բայց անհանգիստ են, որ մենակ եմ լինելու»,- նշեց գեղեցկուհին։
Wnews.am-ը պարբերաբար կներկայացնի, թե ինչպես է անցնում Լիլի Սարգսյանի առօրյան «Միսս աշխարհ»-ում։
Լուսանկարները՝ Հրաչյա Ոսկանյանի
Վարսահարդարումը՝ Հրաչ Սարգսյանի
Զգեստը՝ Goar Dalian