«Տղամարդիկ», «Տաքսի» և այլն. 12 ֆիլմ, որ առաջարկում է դիտել դերասան Արմեն Մարգարյանը (տեսանյութ)(լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

«Տղամարդիկ», «Տաքսի» և այլն. 12 ֆիլմ, որ առաջարկում է դիտել դերասան Արմեն Մարգարյանը

168.am-ն այն բացառիկ երջանիկներից է, որ ամեն շաբաթ մի նոր ընկեր է ձեռք բերում, ովքեր էլ հենց օգնում են մեր ընթերցողների հանգստյան օրերն ավելի կինեմատոգրաֆիական դարձնելու հարցում: Չենք խախտում ավանդույթը և հերթական կիրակին նշանավորում ենք մեր նոր ընկերոջ՝ Արմեն Մարգարյանի ամենասիրելի 12 ֆիլմերից բաղկացած ցանկը ներկայացնելով, հաճելի դիտում և երկարաժամկետ տպավորություններ մաղթելով:

«Տղամարդիկ»

Հայ կինոռեժիսոր Էդմոնդ Քեոսայանի «Տղամարդիկ» ֆիլմը պատմում է իրական ընկերության մասին: Չորս ընկեր՝ Վազգենը (Ազատ Շերենց), Սաքոն (Արմեն Այվազյան), Արամը (Ավետիք Գևորգյան) և Սուրենը (Մհեր Մկրտչյան), Երևանում տաքսու վարորդներ են։ Արամը՝ նրանցից ամենահամեստն և ամաչկոտը, անհույս սիրահարվում է օրիորդ Կարինեին (Ալլա Թումանյան)։ Տեսնելով ընկերոջ տառապանքը՝ եռյակը որոշում է անել ամեն ինչ, որ այս գեղեցկուհին ուշադրություն դարձնի Արամին։

Ֆիլմը կարող եք դիտել այստեղ

«Տաքսի» (պարս՝ تاکسی)

Ռեժիսոր Պանախի Ջաֆարի ֆիլմի գործողությունների հիմնական մասը կատարվում է տաքսիում, որն ընթանում է Թեհրանի պայծառ ու գունագեղ փողոցներով։ Ճանապարհին տաքսիստը հանդիպում է տարբեր մարդկանց, որոնցից յուրաքանչյուրն անկեղծորեն արտահայտում է իր տեսակետները վարորդի հետ զրույցի ընթացքում: Իսկ վարորդն հենց ինքը՝ ֆիլմի ռեժիսորն է:

Ֆիլմը կարող եք դիտել այստեղ

«Մի՛ վշտանա» (Не горюй!)

Կինոռեժիսոր Գեորգի Դանելիայի «Մի՛ վշտանա» ֆիլմը պատմում է երիտասարդ բժիշկ Բենջամին Գլոնտիի (Վախթանգ Կիկաբիձե) մասին, ով Սանկտ Պետերբուրգի համալսարանն ավարտելուց հետո վերադառնում է հայրենի քաղաք: Բայց կյանքը, ինչպես իր մեկնելուց առաջ էր, ընթանում է իր սեփական ճանապարհով: Բենջամինին տխրեցնում է ոչ իրական կյանքը: Եվ այդ ժամանակ, եղբոր գործերը բարելավելու համար, Սոֆիկոն (Սոֆիկո Ճիաուրելի) որոշում է նրան ամուսնացնել ծեր բժշկի դստեր հետ…

Ֆիլմը կարող եք դիտել այստեղ

«Ընդհատակ» (Underground)

Սերբ կինոռեժիսոր Էմիր Կուստուրիցայի տրագիկոմեդիան նկարահանված է Դուշան Կովաչևիչի համանուն պիեսի հիման վրա:

Ֆիլմում գործողությունները սկսվում են 1941 թվականի ապրիլի 5-ի լույս 6-ի գիշերը։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում Բելգրադում հակաֆաշիստները զենքի արտադրության մի ամբողջ գործարան են ստեղծում: Պատերազմը վաղուց ավարտվել է, բայց նրանք շարունակում են իրենց գործունեությունը: Եվ այս բոլոր տարիների ընթացքում «վերևում» կյանքն իր հունով է ընթանում, իսկ «ներքևում»՝ իր:

Ֆիլմը կարող եք դիտել այստեղ

«Խավարում պարողը» (Dancer in the Dark)

Դանիացի ռեժիսոր, սցենարիստ, պրոդյուսեր Լարս ֆոն Թրիերի երաժշտական ֆիլմ-դրաման ռեժիսորի «Ոսկե սիրտ» տրիլոգիայի երրորդ ֆիլմն է («Ճեղքելով ալիքները» – «Ապուշները» – «Խավարում պարողը»)։

Գործողությունները կատարվում են ԱՄՆ-ում (Վաշինգտոն նահանգ) 1964 թվականին։ Ֆիլմի գլխավոր հերոսուհին Չեխոսլավիայից ներգաղթած Սելման (Բյորկ) է, ով շատ է սիրում մյուզիքլներ։ Նա աշխատում է գործարանում և որդու հետ ապրում է թրեյլերում, որը վարձակալել է քաղաքային ոստիկանից։ Կյանքի դժվարություններից փրկությունը նա գտնում է իր երաժշտական երևակայություններում։

Ֆիլմը կարող եք դիտել այստեղ

«Վերադարձ» (Возвращение)

«Վերադարձ» գեղարվեստական ֆիլմը ռուս ռեժիսոր Անդրեյ Զվյագինցևի առաջին ռեժիսորական աշխատանքն է:

Երկու եղբայրների կյանքում պատահաբար հայտնվում է հայր (Կոնստանտին Լավրոնենկո), ով ծանոթ է նրանց միայն լուսանկարից: Տարօրինակ, իրենց համար խորթ մարդու հայտնվելը փոխում է տղաների կյանքը. հայրը որդիներին հեռացնում է իրենց հարազատ հանգիստ քաղաքից և բերում է ամայի կղզի:

Ֆիլմը կարող եք դիտել այստեղ

«Աստծո քաղաքը» (պորտ.՝ Cidade de Deus)

Ռեժիսորներ Ֆերնանդու Մեյրելլիշի և Կատիա Լունդի կողմից 2002 թվականին նկարահանված գանգստերական դրաման պատմում է Ռիո դը Ժանեյրոյի ետնախորշային արվարձաններից մեկի՝ այսպես կոչված, Աստծո քաղաքի մասին, որտեղ 1960-1980-ականներին հանցավորությունը ահռելի չափերի էր հասնում: Ֆիլմի գլխավոր հերոսները «Հրթիռ» մականունով մի տղա է, ով փորձում է հավասարակշռություն պահպանել ազնիվ կյանքի և փոքրիկ իրավախախտումների արանքում, և նրա ծանոթ Դադինյուն, ով ութ տարեկան հասակում սկսել է գանգստերի կարիերան:

Ֆիլմը կարող եք դիտել այստեղ

«Բաբելոն» (Babel)

Մեքսիկացի ռեժիսոր Ալեխանդրո Գոնսալես Ինյարիտուի դրամայի գործողությունները տեղի են ունենում Մարոկկոյում, Մեքսիկայում և Ճապոնիայում: Ֆիլմի գլխավոր սյուժետային գիծը ողբերգությունն է, որն ամուսիններ Ռիչարդը (Բրեդ Փիթ) և Սյուզանը (Քեյթ Բլանշետ) ապրում են Մարոկկոյում՝ տուրիստական ​​ուղևորության ընթացքում. երկու տեղացի երեխաներ որոշում են փորձարկել իրենց նոր հրացանը՝ կրակ բացելով տուրիստական ավտոբուսի վրա, ինչի արդյունքում ծանր վիրավորում է ստանում Սյուզանը:

Այդ նույն ընթացքում Ռիչարդի և Սյուզանի երկու երեխաները, որոնք գտնվում են Ամելիայի՝ մեքսիկացի կնոջ խնամակալության տակ, նրա հետ միասին ուղևորվում են դեպի Մեքսիկա՝ Ամելիայի որդու հարսանիքին: Բայց այդ ուղևորությունը լի է բազում տհաճ անակնկալներով:

Եվ վերջապես երրորդ սյուժետային գիծը պատմում է մի ճապոնացի խուլ անչափահաս աղջկա՝ Չիեկոյի մասին, ով ծանր է տանում մոր ինքնասպանությունը: Նա ուզում է հասկացված լինել իր աշխարհում, իր շրջապատում:

Ֆիլմը կարող եք դիտել այստեղ

«Պիետա» (կոր.՝ 피에타)

Ռեժիսոր Կիմ Կի Դուկի 2012 թվականին նկարահանած հարավկորեական քրեական դրաման պատմում է միայնակ երեսունամյա Լի Կան Դոնի մասին, ում աշխատանքն է՝ սպառնալ պարտապաններին մարելու իրենց հաճախորդների վարկերը:

Մի օր նրան է այցելում միջին տարիքի խորհրդավոր մի կին և հայտնում, որ նրա վաղուց անհետացած մայրն է: Կնոջը խոշտանգումների ենթարկելուց հետո Կան Դոնն աստիճանաբար նրան իր տուն է տանում: Ընտանիքի ձեռքբերումը փոխում է նրա վերաբերմունքը կյանքի հանդեպ:

Ֆիլմը կարող եք դիտել այստեղ

«Թռիչք կկվի բնի վրայով» (One Flew Over the Cuckoo՚s Nest)

1975 թվականին ռեժիսոր Միլոշ Ֆորմանի կողմից նկարահանված գեղարվեստական ֆիլմը Ռենդլ ՄակՄյորֆիի (Ջեք Նիկոլսոն) մասին է, ով բանտից տեղափոխվում է հոգեբուժարան, որտեղ տիրում են հոգեբուժարանի գլխավոր բժշկուհու՝ Ռետչեդի (Լուիզա Ֆլեթչեր) սահմանած կանոնները:

ՄակՄյորֆիին զարմացնում է, որ մյուս հիվանդները համակերպվել են ստեղծված իրավիճակի հետ, իսկ ոմանք նույնիսկ ինքնակամ են եկել հոգեբուժարան: Եվ նա որոշում է ապստամբել: Միայնակ:

Ֆիլմը կարող եք դիտել այստեղ

«Ջանգոն ազատված» (Django Unchained)

Ռեժիսոր Քվենտին Տարանտինոյի «Ջանգոն ազատված» ֆիլմը պատմում է հայտնի գլուխների որսորդի (Քրիստոֆ Վալց) մասին, ով թաքնվելու համար օգտագործում է իր նախկին մասնագիտությունը՝ ներկայանալով որպես ատամնաբույժ: Աշխատանքը փոշոտ է, և նրան անհրաժեշտ են հուսալի օգնականներ: Բայց ինչպե՞ս գտնել այդպիսի մարդու: Ջանգո (Ջեյմի Ֆոքս) անունով արագաշարժ և ճկուն ստրուկն իդեալական տարբերակ է: Բայց նոր օգնականն իր անձնական դրդապատճառներն ունի…

Ֆիլմը կարող եք դիտել այստեղ

«99 ֆրանկ» (99 francs)

Ֆրանսիացի ռեժիսոր Ժան Կունենի կողմից Ֆրեդերիկ Գեիգբեդերի վեպի հիման վրա նկարահանված ֆիլմի սյուժեն պատմում է առևտրային գովազդում դիզայներ Օկտավա Պարանգոյի (Ժան Դյուժարդեն) մասին: Նրա համար «մարդը նույնպիսի ապրանք է, ինչպիսին մնացածը»: Օկտավը աշխատում է խոշորագույն գովազդային գործակալությունում, ստանում է բարձր աշխատավարձ, վարում է ակտիվ և ազատ կյանք, որը հիմնականում բաղկացած է թմրանյութերից և սեռական հարաբերություններից։ Սակայն նրան սկսում են տանջել կասկածները:

Երկու բան արմատապես փոխում է Օկտավայի կյանքը. սիրավեպը Սոֆիի (Վաինա Գիոկատե) հետ, և կաթնամթերքի «Մադոն» կոնցեռնում խորհրդակցությունը:

Ֆիլմը կարող եք դիտել այստեղ

Անի Գաբուզյան