Կյանքի 90-րդ տարում մահացել է ամերիկացի դերասան Ռոբերտ Գիյոմը, որը սևամորթ արտիստներից առաջինն է ստացել Emmy հեռուստատեսային մրցանակը:
Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հոկտեմբերի 24-ին հայտնել է The New York Times թերթը:
Հրատարակության տվյալներով՝ Գիյոմը կյանքից հեռացել է Լոս Անջելեսի (Կալիֆոռնիայի նահանգ) իր տանը: Ինչպես հայտնել է արտիստի կինը, նրա մահվան պատճառ են դարձել քաղցկեղային ուռուցքի հետ կապված բարդացումները, որի դեմ նա պայքարում էր 25 տարի:
Գիյոմը ծնվել է 1927 թվականին Միսսուրիի նահանգի Սենթ Լուիս քաղաքում: Emmy-ի կրկնակի դափնեկրի դերասանական կարիերան ձգվել է գրեթե վեց տասնամյակ: Այդ ընթացքում նա հասցրել է հռչակվել ինչպես հեռուստատեսությունում, այնպես էլ բրոդվեյյան թատերական բեմադրություններում խաղացած դերերով:
Դերասանին առավել մեծ ճանաչում է բերել «Բենսոն» կատակերգական սերիալում (1979-1986 թվականներ) խաղացած դերը: Գիյոմը նաև անվանակարգվել է «Ոսկե գլոբուսի» երեք մրցանակի:
Արտիստը Ռաֆիքի գործող անձին հնչյունավորել է Disney ստուդիայի «Առյուծ արքան» (1994 թվական) անիմացիոն ֆիլմում: