Ի՞նչ է փորձել հասկացնել Երևանում գտնվող Ռուսաստանի վարչապետը
Advertisement 1000 x 90

Ի՞նչ է փորձել հասկացնել Երևանում գտնվող Ռուսաստանի վարչապետը

Երևանում գտնվող Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հայտարարությունը, թե ռուսական կողմը 2018 թ.-ի համար անփոփոխ է թողնելու Հայաստանին վաճառվող գազի գինը, հայաստանյան փորձագիտական շրջանակներին չի ուրախացրել:

Նրանց կարծիքով՝ Հայաստանին տրամադրվող գազի գինն առանց այդ էլ պետք է էժան լիներ ու չթանկանար, որովհետև 2013թ.-ին կողմերը վավերացրել են «Գազային պայմանագիր», որով Հայաստանը պարտավորվում է 30 տարի ռուսական գազ գնել ներքին գներով:

Հետևաբար, Մեդվեդևը հայտարարությունն ընկալվել է որպես ակնարկ հաջորդ տարիներին ռուսական գազի թանկանալու հնարավորության մասին:

«Տարիներ առաջ, երբ մենք ստորագրեցինք այդ չարաբաստիկ «Գազային պայմանագիրը», որն ուներ շատ վիճելի պայմաններ, Հայաստանի իշխանությունները մեզ ասացին, որ դրա շնորհիվ մենք երկարաժամկետ պայմանավորվածության հիմք ենք դնում, որպեսզի գազը Հայաստանի համար չթանկանա:

Բայց հիմա Մեդվեդևն եկել է Հայաստան ու տեսնում ենք, որ մեզ «одолжения» է անում, Ռուսաստանը նվեր է անում՝ հայտարարելով, որ թե այս տարի էլ գազը չի թանկանա, այնինչ՝ այդ պայմանագրով Հայաստանի համար 30 տարիների ընթացքում գազի գինը ֆիքսված էր»,- ասել է Ազգային ժողովի ընդդիմադիր «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը:

Պատգամավորը նաև նշել է, որ երբ Հայաստանն անդամակցում էր Եվրասիական տնտեսական միությանը, իշխանություններն այդ ժամանակ էլ ասում էին, որ գազի գինն այդպիսով չի թանկանա, բայց հիմա պարզ դարձավ, որ դա էլ իրականությանը չի համապատասխանում: «Չկա որևէ երաշխիք, որ հաջորդ տարիներին գազը Հայաստանում չի թանկանալու»,- ասել է Էդմոն Մարուքյանը:

Ռուսական գազը Հայաստանի սահմանին վաճառվում էր 1000 խմ-ի դիմաց 150 դոլարով: Բնակիչների համար գազի գինն ավելի թանկ է: Նրանք գազի համար վճարում են 242.1 դոլար:

«Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության նախագահ Դանիել Իոնիսյանի խոսքով՝ Հայաստանում գազի գինը սպառողների համար թանկ է ոչ միայն Եվրասիական տնտեսական բոլոր պետությունների հետ համեմատ, այլև Ուկրաինայի և տարածաշրջանի մյուս երկրների:

«Օրինակ, Ուկրաինայում բնակչության համար կա երկու սակագին․ ջեռուցման համար մի սակագին է և ուտեստի պատրաստման համար՝ ուրիշ, բայց այդ երկու սակագներն էլ ավելի ցածր են, քան Հայաստանում: Ընդ որում, ջեռուցման համար գազի սակագինը շուրջ երկու անգամ ավելի ցածր է Հայաստանից: Վրաստանում 1000 խորանարդ մետրի դիմաց բնակիչերը վճարում են 220 դոլար է, Ադրբեջանում՝ 125 դոլար»,- ասել է Դանիել Իոնիսյանը:

jam-news.net