WikiLeaks կազմակերպությունը հոկտեմբերի 27-ին 100 հազար դոլար պարգև է խոստացել նրան, ով իրեն փաստաթղթեր կփոխանցի ԱՄՆ-ի նախագահ Ջոն Քենեդիի սպանության մասին, որոնք ամերիկյան կառավարությունը որոշել է չհրապարակել:
Պարգևը կվճարվի այն դեպքում, եթե այդ նյութերն օգնեն բացահայտել օրենքի խախտումը, ԱՄՆ-ի իշխանությունների անձեռնհատ գործողությունները կամ սխալները: Այդ մասին ասված է Twitter-ում կազմակերպության պաշտոնական էջերում հրապարակված հայտարարության մեջ:
«WikiLeaks-ը 100 հազար դոլար պարգև է հայտարարում Ջոն Ֆիցջելալդ Քենեդիի մասին չհրապարակված փաստաթղթերի համար, եթե դրանք ի հայտ բերեն օրենքի խախտումը, անձեռնհասությունը կամ վարչական սխալները»,- հայտարարել է Ջուլիան Ասանժի հիմնադրած կազմակերպությունը:
Ավելի վաղ ԱՄՆ-ում շուրջ երեք հազար փաստաթուղթ է հրապարակվել 1963 թվականին նախագահ Ջոն Քենեդիի սպանության մասին. 2891 փաստաթղթերից բաղկացած տվյալների բազան հասանելի է Ազգային արխիվների կայքում:
Ինչպես հայտնել է Սպիտակ տունը, ևս մի քանի հազարը հրապարակվելու են մինչև 2018 թվականի ապրիլը:
Նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ հասարակությունն արժանի է ամբողջական տեղեկատվություն ստանալ սպանության մասին:
Ընդ որում Թրամփը նշել է, որ ազգային անվտանգության նկատառումներով ինքն այլ ընտրություն չուներ, քան թույլ տալ, որ գերատեսչությունները խմբագրեն տեքստի որոշ մասերը: