Հայաստանի անիմացիոն ոլորտը զարգացման մեծ ներուժ ունի: Ինչպես «Արմենպրես»–ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում նշեց, ռեժիսոր, մուլտիպլիկատոր «Ռոբերտ Սահակյանց Փրոդաքշն» անիմացիոն ստուդիայի ղեկավար Դավիթ Սահակյանցը, ոլորտը մեծ հետաքրքրություն է ներկայացնում նոր սերնդի համար:
«Վստահ կարող եմ ասել, որ մուլտիպլիկացիան հայկական կինոյի ամենավառ էջերից մեկն է, այսօր ոլորտը միանշանակ զարգացում է ապրում: Մենք ունենք հրաշալի մասնագետներ, բազմաթիվ երիտասարդներ ձգտում են աշխատել այս ոլորտում, ինչը ոգևորում է: Ունենք հրաշալի նախագծեր, պարզապես դրանք կյանքի կոչելու համար ֆինանսական միջոցները չեն բավականացնում»,- ասաց Դավիթ Սահակյանցը:
Պետության կողմից ֆինանսավորում կա, տարվա կտրվածքով հատկացվում է 50 մլն դրամ: Դավիթ Սահակյանցը նշեց, որ այդ բյուջեն կազմվել է 14 տարի առաջ, իսկ այդ տարիների և ներկայիս պայմանները տարբեր են:
Ամեն դեպքում, անիմացիոն ստուդիան ակտիվ աշխատանքային փուլում է: Այլ աղբյուրներից ֆինանսական միջոցներ գտնելով` փորձում են կյանքի կոչել տարբեր ծրագրեր: Մեծ նախագծերից, Դավիթ Սահակյանցն առանձնացրեց «Օլիմպիկոս» մուլտֆիլմը, որը պատմում է Վարազդատ արքայի մասին:
«Մեզ համար ընտրել ենք լիամետրաժ մուլտֆիլմեր ստեղծելու տարբերակը, որոնք կցուցադրվեն կինոթատրոններում: Ինչո՞ւ ենք դա ընտրել, որովհետև կարճամետրաժ մուլտիֆիլմերը կորում են, հիմնականում միայն փառատոններին են ներկայացվում: «Անահիտ» մուլտֆիլմի հաջողությունը ցույց տվեց, որ նման մուլտֆիլմի պահանջարկը կա, ազգային մուլտֆիլմ տեսնելու ցանկություն կա: Այդ հաջողության վրա հիմնվելով էլ ստեղծվեց «Օլիմպիկոս» մուլտֆիլմի նախագիծը, որի վրա արդեն 3 տարի է աշխատում ենք, ևս 2 տարի էլ կպահանջվի: Հիմքում միայն պատմական այն փաստն է, որ Վարազդատ արքան մասնակցել է օլիմպիադային»,- ասաց Դավիթ Սահակյանցը:
Նա տեղեկացրեց, որ ավարտման փուլում են Վրթանես Փափազյանի «Կլոր աստվածներ» ստեղծագործության հիման վրա նկարահանվող կարճամետրաժ ֆիլմի աշխատանքները: