«Շանթ Պրեմիում»-ի եթերում «Outdance» սիթքոմի երկրորդ եթերաշրջանն արդեն մեկնարկել է: Գլխավոր հերոսուհուն մարմնավորող պարուհի Մարիամ Հովհաննիսյանը Life.panorama.am–ի հետ զրույցում պատմեց, որ սիթքոմի երկրորդ եթերաշրջանն իր հետաքրքիր զարգացումներով գերազանցելու է առաջինին:
«Երկրորդ եթերաշրջանում մեզ են միացել մի շարք նոր դերասաններ, պարողներ: Իր հետաքրքիր խաղով ու գույնով հանդես է գալիս Գարիկ Պապոյանը: Նա նոր շունչ է տվել «Outdance»-ին: Ըստ սյուժեի` գլխավոր հերոս Գարիկը շարունակում է պայքարել իմ հերոսուհու` Էլիզայի սիրտը գրավելու համար, սակայն Էլիզան դեռևս չի նկատում նրան: Դե իսկ այդ ճանապարհին Գարիկ Պապոյանն է օգնության հասնում: Այնպես է ստացվում, իբրև Գ. Պապոյանը փրկվում է մահից և օգնում է հենց գլխավոր հերոս Գարիկը: Արդյունքում որպես շնորհակալություն և փոխհատուցում` Պապոյանը ասում է, որ պատրաստ է կատարել Գարիկի բոլոր ցանկությունները: Իհարկե, Գարիկի գլխավոր ցանկությունը Էլիզային հասնելն է: Հենց այդտեղից էլ սկսվում են ծիծաղաշարժ զարգացումները` Գ. Պապոյանը Էլիզայի համար մի օր երգում է, մի օր պարում, մեկ այլ օր արջուկի տեսքով է հայտնվում և այսպես շարունակ: Գլխավոր միտքը կայանում է նրանում, որ Գարիկ Պապոյանը ինչ-որ հերոսով չի ներկայանում, այլ ինքն իրեն է խաղում»,- պատմեց Մարիամը:
«Outdance»-ի առաջին եթերաշրջանն արդեն հեռարձակվում է «Շանթ» հեռուստաընկերությամբ, պարուհու խոսքով` սա թույլ է տալիս ավելի լայն մասսաներին հասանելի լինելու, հետևաբար նաև էլ ավելի մեծ արձագանքների արժանանալու:
«Կարծիքները շատ դրական են, բնականաբար, քննադատություններ ևս կլինեն, ինչը շատ նորմալ գործընթաց է: Սա նախադեպը չունեցող սիթքոմ է Հայաստանում, շատ ողջունելի է, որ այն ընկալվեց հեռուստադիտողի կողմից և սիրվեց թե մեծահասակների, թե անգամ երեխաների կողմից: Մեզ հետևող հեռուստադիտողի շրջանակն ավելի է մեծացել, մեզ շատ են ճանաչում փողոցում, մոտենում, հաճոյախոսություններ ասում, իսկ այդ ամենը շատ հաճելի է, քանի որ նշանակում է, որ աշխատանքդ գնահատվում է»,- նշեց դերասանուհին:
Մարիամը վստահեցրեց` իր հերոսուհու և սիթքոմի սիրված լինելը էլ ավելի է մեծացնում պատասխանատվությունը, որպեսզի առաջիկայում շատ ավելի սիրված լինեն իրենց հետաքրքիր աշխատանքի շնորհիվ:
Սիթքոմից զատ Մարիամ Հովհաննիսյանը զբաղված է իր պարի ստուդիայով, նաև վարում է «Շանթ» հեռուստաընկերության առավոտյան թողարկման եղանակի տեսության բաժինը: Մեզ հետ զրույցում նա խոստովանեց, որ սկզբում դժվար է եղել, միչև մարդիկ սկսել են ընկալել, որ եղանակի տեսության մեկնաբանը եղանակի կանխատեսման հետ կապ չունի.
«Երբեմն պատահում էր, որ կանխատեսված եղանակը այնքան էլ չէր համապատասխանում օրվա եղանակին, այդ ժամանակ պատահում էր, որ մարդիկ արձագանքում էին ու «պահանջում», որ արև կամ անձրև լինի: Սակայն հիմա արդեն մարդիկ գիտակցում են, որ ես պարզապես մեկնաբան եմ, ոչ թե եղանակը կանխատեսող: Կարծես թե մարդիկ սկսել են զանազանել մեկնաբանողին կանխատեսողից: Այնուամենայնիվ, իմ կատարած յուրաքանչյուր աշխատանքում փորձում եմ մեծ պատասխանատվություն ցուցաբերել»,- ավարտեց պարուհին: