PHOTOGROUP-ը որպես ստուդիա-գործակալություն գործում է շուրջ 10 տարի: Այն Հայաստանի պրոֆեսիոնալ լուսանկարչական ստուդիաներից ամենահեղինակավորն է. արտիստիկ դիմանկարներ, էթնոգրաֆիկ էլեմենտներով հիմնավորված ջերմ ուղերձներ պարունակող բացիկներ, բարձրորակ տպագրությամբ բուկլետներ ու ալբոմներ: Ստուդիայի հիմնադիրներ Զավեն Խաչիկյանը և Հասմիկ Մովսեսյանը պատմում են. «Մենք ընտրեցինք մի անվանում, որը կարող է միավորել մեր շուրջը գործող երիտասարդ պրոֆեսիոնալների։ Չուզեցինք, որ անվանումը շատ անձնավորված լինի: Մեզ համար սա էական չէ. պատվիրատուները մեզ մոտ են գալիս ծանոթ լինելով մեր աշխատանքներին: Հայաստանը շատ փոքր է գովազդի շուկայի առումով և ցանկության դեպքում պատվիրատուն արագ գտնում է ճիշտ կատարողին»: «Հաճելի է, երբ պատվիրատուն, որպես կրկնօրինակման ոճ թղթապանակից հանում է մի նմուշ, որը, պարզվում է, հենց մեր արվածներից է»,- ասում է գրաֆիկ-դիզայներ Հասմիկ Մովսեսյանը:
Ստուդիայի գործունեության նախընտրելի ոլորտներն են դիմանկարները, սննդի և խմիչքների հետ առնչվող գովազդային արշավների գաղափարախոսության վիզուալ-մարկետինգային մշակումը:
HOTOGROUP-ի աշխատանքները ոճական առանձնահատկություններ ունեն. լուսանկարի պատմականություն, պատկերի կերպարային խորություն, դիզայներական ասկետիզմ:
– Պատվիրատուի դեռևս չձևավորված դեմքը շատերին հնարավորություն է ընձեռում արկածախնդիր լինել` այսինքն` մտնել այդ շուկան, կրթվել, առաջ գնալ և ինքնահաստատվել: Բայց այդ գործում մեծ է կանգ առնելու, ինքնագոհանալու և չկրթվելու վտանգը: Գովազդային արշավը սկսելիս նկատվում է, որ բացակայում է գովազդելու տակտիկան, առավել ևս՝ ստրատեգիան: Եվ գրեթե միշտ բացակայում է «բյուջե» հասկացությունը: Գովազդը այն ոլորտն է, որտեղ ծախսված գումարները իրականում ներդրումներ են ապրանքի հետագա առաջխաղացումն ապահովելու համար: Իհարկե, մեր երկրում հարյուր տարի առաջ ո՛չ նախագահներ են եղել, ո՛չ մարկետինգի բաժիններ, ո՛չ ստրատեգիաներ են մշակվել, սակայն մեր կյանքի էվոլյուցիան ենթադրում է, որ եթե այս պայմաններում գետակում լողալ պիտի սովորես, ուրեմն պիտի սովորես կրթվել, վարպետանալ, պատրաստ լինել նաև` լճում և ծովում լողալ: Մենք այս ճանապարհն ամեն պատվիրատուի հետ պարտադիր անցնում ենք, եզրակացություններ անում: Գովազդի դաշտն այսօր թվացյալ «բաց» է։ Շատ են հեռուստաընկերություննե-րը, ամսագրերն ու թերթերը, սակայն գովազդի ազդեցությունը և «տեղին լինելը» հաճախ խնդրահարույց են։ Հեռուստատեսային գովազդային դեմպինգի պայմաններում, նախևառաջ, սկսում է կաղալ գովազդային պատկերի մեջ քողարկված գաղափարը։ Պատվիրատուին հաճախ առաջարկվում է հիմար մի գաղափարի իրականացում, որը նույնիսկ կարող է հասնել հակագովազդի, հակա-PR-ի աստիճանի։ Արդյունքում ստեղծագործական խումբը գումար չի աշխատում, պատվիրատուն չի շահում, իսկ դիտողի մոտ սրտխառնոց է սկսվում, և միայն հեռուստատեսություններն են կարողանում գովազդային հոլովակը օրական հարյուր անգամ պտտելով՝ մեծ գումարներ վաստակել։ Մի օրով դադար տվեք այդ գովազդը, հեռուստադիտողը ոչ ապրանքատեսակն է հիշում, ոչ էլ պատկերացում ունի այդ բրենդի մասին,- ասում է Զավեն Խաչիկյանը:
«Մեզ հետաքրքիր է բիզնեսի այն շերտը, որտեղ գործող պատվիրատուն, իրոք, ունի մեր ստեղծագործական խմբի աջակցության կարիքը՝ շուկայում առաջ գնալու համար»,- ասում են հիմնադիրները:
Գովազդային դաշտում արված աշխատանքներից նրանք առանձնացնում են մի քանիսը, որոնք իրենց համար հոգեհարազատ են: «Հետաքրքիր և փոխօգտակար ենք համա-րում «Երևանի Կոնյակի գործարանի», «Արկոլադի», «Հայաստանի Պարի պետական անսամբլի», «Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանի», «Ագրոբիզնեսի զարգացման կենտրոնի», «Zodiak Food»-ի համար իրականացվող աշխատանքները: Հաջողված ենք համարում «EL» – հոլդինգի պատվերով «KAZUMOFF» ֆիրմայի համար արված շարքը, որը մարկետինգային շարունակություն չունեցավ, սակայն մի օր կհայտնվի շուկայում: PR տեսանկյունից «Կիլիկիա» գարեջրի ապրանքատեսակի և ARARATBANK-ի համար արված օրացույցները շատ հաջողված նախագծեր էին: Խմբագրական նյութերից առանձնացնում ենք «EL» հոլդինգի և «3 Միլիոն» ամսագրերի համար արվող շարունակական աշխատանքները: «EL»-ի հետ աշխատանքները տարեցտարի կատարելագործվում են և ավելի են առնչվում նորաձևության ոլորտի հետ: Երգարվեստի ներկայացուցիչները ընտրելով PHOTOGROUP-ը՝ հասկանում են, որ մեր հայացքի ներքո իրենց կերպարներն ավելի ընդգրկուն և տպավորիչ կլինեն։ Երգիչների հետ աշխատելը հետաքրքիր է, եթե նրանք` ա. երգել գիտեն, բ. բեմական նոր կերպար են որոնում, գ. էժան ֆոտոստուդիաներում մի անգամ արդեն տապալել են գործը։ Սա, իհարկե, կեսկատակ է, իսկ հաճելին այն է, երբ գործ ունես ԱՐՏԻՍՏԻ հետ, և լուսանկարահանման ընթացքում երկուսով մի բան եք արարում»,- ասում է Զավեն Խաչիկյանը:
PHOTOGROUP-ի այս տարվա ծրագրերում կան հրատարակ-չական գործեր, ցուցահանդեսներ և ակցիաներ: Երբ հարցնում ենք՝ ի՞նչ նոր բան եք անում, Զավենը պատասխանեց՝ անում ենք յուրահատուկը, անում ենք շատ, անում ենք որակով:Երբեմն PHOTOGROUP են զանգահարում և շնորհավորում, լավ ձևավորված ֆոտոպաստառի կամ CD-ի առիթով, կարծելով, որ եթե լավ է՝ ուրեմն PHOTOGRՕUP-ն է արել: Այս փաստը մեզ հանգեցրեց հերթական մի նոր կարգախոսի. «Բոլոր հանճարեղ ֆոտոները չեն, որ մենք ենք արել»: Հայկական բացիկների տեսականու պատրաստման ընթացքում ծնվեց ստուդիայի հիմնական կարգախոսը «Կյանքը կդարձնենք արվեստ»:
«3 Միլիոն»