Մեծ կիբեռգրոհից տուժել են նաև հայաստանյան բանկերը
Advertisement 1000 x 90

Մեծ կիբեռգրոհից տուժել են նաև հայաստանյան բանկերը

Հակավիրուսային «Կասպերսկի լաբորատորիա»-ն հայտնել է բանկերի դեմ նոր թիրախային կիբեռգրոհի մասին: «Արմենպրես»-ի հետ զրույցում Տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանն ասաց, որ կիբեռգրոհի արդյունքում տուժել են նաև հայկական բանկերը:

«Բանկային համակարգի վրա բավականին մեծ հարձակում է տեղի ունեցել, որի թիրախում հիմնականում ռուսական բանկերն են հայտնվել, բայց գրոհից անմասն չեն մնացել նաև հայկական և մալազիական բանկերը»,- ասաց նա:

Սամվել Մարտիրոսյանի խոսքով` հասցված վնասների մասին դեռևս տեղեկատվություն չկա:

«Հայաստանում բիզնեսները լուռ են մնում նման հարձակումների դեպքում և հետևաբար դժվար թե մենք լսենք ինչ-որ մի հայտարարություն այս մասին մեր բանկերի կողմից»,- ասաց փորձագետը, նշելով, որ հարձակումն ավելի շատ անդրադարձել է բանկային քարտային պրոցեսինգի վրա:

«Հետքերը թույլ են տալիս կասկածել մի բավականին հայտնի կիբեռհանցավոր խմբավորման վրա, որն արդեն տարիներ շարունակ բանկերի դեմ նմանատիպ գործողություններ է իրականացնում: Կիբեռհանցագործները բանկոմատներից գումար տանելու հնարավորություն են ստացել` միջինում մեկ հարձակումից կարողանում են մոտ կես միլիոն դոլար տանել»,- հավելեց Մարտիրոսյանը:

Կիբեռհանցագործները վարակումն իրականացրել են թիրախային ֆիշինգային նամակների միջոցով, որոնք վնասակար հավելվածներ ունեն: Արդեն վարակված հաստատություններում հանցագործները հաղորդագրություններ են ուղարկել իրական աշխատակիցների անունից՝ դրանով իսկ զերծ մնալով կասկածներից:

Սամվել Մարտիրոսյանը փաստեց, որ նմանատիպ հարձակումները բավական բարդ են թե իրականացման և թե բացահայտման տեսանկյունից: Դրանք շատ դեպքերում բացահայտվում են գրոհն ավարտվելուց հետո: