Ինչ ուզում ես՝ ասա, ընդունում են հագուստով… Գեղեցիկ կանանց սիրում են, ներում են, նրանք միշտ ավելի հաջողակ են թե կարիերայում, և թե կյանքում: Տղամարդիկ այդպիսի կանանցից աչք չեն կտրում: Ձիգ, հավաք, ոճային կանայք իրենց թույլ չեն տալիս կրել մաշված սպորտային հագուստ կամ կարկատած զուգագուլպա: Եվ ինչպե՞ս է նրանց հաջողվում այդքան շքեղ տեսք ունենալ: Պարզապես նրանք օգտակար սովորություններ ունեն, որոնք էլ նրանց օգնում են օրեցօր ավելի ու ավելի լավ տեսք ունենալ: Եվ հարցը փողը կամ մեծ քանակությամբ հագուստ ունենալը չէ: Իրական ոճը սկսվում է տանից, հենց որ անկողնուց վեր եք կենում:
Այսօր պլանավորեք, թե ինչ եք հագնելու վաղը:
Սա կախարդանք չէ, այլ մաքուր մաթեմատիկա: Ձեր տեսած ոճային կանայք իսկապես աշխատում են այդպիսի տեսք ունենալու համար: Եվ դա սկսվում է ոչ թե՝ տանից դուրս գալուց 10 րոպե առաջ, երբ ուշանում եք արդեն ու խուճապահար վազում ողջ բնակարանով մեկ, այլ վաղօրոք հագուստ ընտրելուց:
Պատրաստվելու համար ինքներդ Ձեզ բավականաչափ ժամանակ տրամադրեք:
Դա նշանակում է՝ 3 անգամ զարթուցիչը չանջատել և թավալվել անկողնում, իսկ հետո հավաքվել մի կերպ: Դա նշանակում է՝ ժամանակին արթնանալ, որպեսզի ներկայանալի տեսք ունենաս, ճիշտ հագուստ, ոճային աքսեսուար ընտրես, մազերդ հարդարես, որակյալ դիմահարդարում անես, և այլն:
Ընտրեք ճիշտ ներքնազգեստ:
Նախ՝ դա Ձեր ինքնավստահության հիմքն է, և երկրորդ՝ ներքնազգեստը պետք է Ձեր հագուստին համապատասխանի, որպեսզի, օրինակ, հագուստի տակից չընդգծվի:
Ոգեշնչվեք ուրիշ ոճային կանանցով:
Ուրիշ մոդայիկ կանանց ոճն ուսումնասիրելը նույնպես օգտակար է:
Նրանք կարող են Ձեր գործընկերները լինել կամ Ինստագրամի բլոգերներ, միգուցե Վիկտորյա Բեքհեմը կամ այլ աստղային ոճային կանայք: Ոչ մի սարսափելի բան չկա, եթե Դուք հագուստ ընտրեք` նայելով նրանց լուսանկարները:
Հագնվեք համապատասխանաբար:
Պարզ է հնչում, սակայն ոճային տեսք ունենալը դեռ չի նշանակում՝ ինչ-որ բանի համապատասխան տեսք ունենալ, ասենք՝ եղանակին, իրավիճակին կամ միջոցառմանը: Նայած, թե ուր եք գնում, երբ և ում մոտ: Օրինակ, չարժե կարճ կիսաշրջազգեստ հագնել պահպանողական դրես-կոդ պահանջող միջոցառմանը: Մի մտածեք, որ դրանով Դուք ինչ-որ մեկի վրա տպավորություն կգործեք. Ավելի շուտ՝ հակառակը կլինի: Ամեն ինչ իր տեղն ու ժամանակն ունի:
Հագեք միայն Ձեր չափսի հագուստ:
Իհարկե, նույնիսկ ամենաոճային կանայք կունենան մի քանի ջինսե տաբատներ, որոնք կուզենային հագնել, սակայն չեն հագնում, քանի որ դրանք արդեն փոքր են ու գեղեցիկ չեն դիտվում: Ինչքան էլ որ այս կամ այն հագուստը Ձեզ դուր գա, եթե այն Ձեր չափսի չէ, մոռացեք դրա մասին:
Ձեր կերպարը լրացրեք որևէ թանկարժեք դետալով:
Երբևէ զարմացե՞լ եք, թե ինչպես են որոշ կանայք կարողանում շքեղ տեսք ունենալ հասարակ բլուզի ու ջինսի մեջ: Իհարկե, շատ բաղկացուցիչներ կան, սակայն դրանցից մեկը կերպարը որևէ վառ դետալով լրացնելն է: Դա կարող է լինել գեղեցիկ կաշվե գոտի, էլեգանտ ականջօղ, բրենդային պայուսակ, և այլն:
Ընտրեք կատարյալ աքսեսուարներ:
Ինչպես խորհուրդ էր տալիս Կոկո Շանելը, երբ աքսեսուար եք կրում, հանեք ամենավերջում դրածը, որպեսզի ավելորդություններ չլինեն: Ոճային կանայք գիտեն իրենց չափը:
Երբեք լավ, դրսի հագուստով մի թավալվեք անկողնու մեջ:
Եթե ուզում եք բազմոցին պառկել, հանեք մետաքսյա զգեստը և ավելի հարմարավետ տնային զգեստ հագեք:
Միշտ ճիշտ ծալեք հագուստը կամ կախեք կախիչից:
Սա՝ որպես խորհուրդ: Միայն թե արդյո՞ք միշտ ենք հետևում այդ խորհրդին:
Բարձրակրունկ կոշիկները ոչ միշտ են շքեղ ու հիասքանչ:
Շքեղ կինը խելացի կինն է: Նա միշտ գիտի, թե երբ բարձրակրունկ կոշիկներ հագնի, և երբ` բալետկաներ:
Կանոնավոր կերպով լվացեք իրերը:
Մի թողեք դրանք, որ հետո լվանաք, երբ այլևս ոչ մի մաքուր բան չեք ունենա ու ստիպված կհագնեք ձեռքն ընկածը:
Ձեզ համար պատրաստ ունեցեք, այսպես կոչված, «ոճային դեղատուն»:
Նույնիսկ ամենաոճային կանանց մոտ են պատահում ոչ ցանկալի ու անկանխատեսելի իրավիճակներ: Այդպիսի դեպքերի համար ձեռքի տակ ունեցեք քորոց, թել, ասեղ, լեյկոպլաստ, եղունգի լաք, և այլն: Բոլորս էլ գիտենք, թե որն ինչ դեպքում կարող է պետք գալ:
Ձեր ոճին հավատարիմ եղեք:
Շքեղ ոճային կանայք մոդայի հետևից չեն վազում: Նրանք դասական հագուստի զինանոց ունեն, որը միշտ արդիական է` անկախ սեզոնից ու տրենդից: Նրանք միշտ հագնելու բան ունեն:
Նյութը հրապարակման պատրաստեց Մարիա Ղուկասյանը