Դերասանուհի Յուլյա Ֆինկն տոնում է ծննդյան տարեդարձը, ինչի կապակցությամբ ամուսինը` հաղորդավար Արտյոմ Կարապետյանն առաջինն է շնորհավորել կնոջը։ Tert.am Life-ի հետ զրույցում Յուլյան պատմեց, որ այս տարի տարեդարձը տոնելու է ամուսնու հետ` ռոմանտիկ միջավայրում։
«Մեր ամուսնությունից հետո երբեք երկուսով չենք նշել ծնունդս, միշտ մեծ խնջույքներ ենք կազմակերպել։ Որոշեցինք այս տարի միայն երկուսով լինել։ Ծնունդս նշելու ենք արտերկրում, քանի որ Արտյոմն ինձ ճանապարհորդություն է նվիրել, ամսվա վերջին կմեկնենք հանգստի»,- ասաց դերասանուհին ու հավելեց, որ ճամփորդության ուղղությունը միասին են ընտրել, սակայն առայժմ չի բացահայտի, թե ուր են մեկնում։
Արտյոմը միշտ գիտի` ինչպես ուրախացնել կնոջը։ Նվերների ընտրության հարցում հաղորդավարը բավականին նրբանկատ է. առանց կնոջ ակնարկների ու հուշումների էլ գիտի` ինչը նրան դուր կգա։ «Երկար տարիներ է, ինչ մենք միասին ենք և գիտենք իրար նախընտրությունները։ Ամուսինս էլ շատ ուշադիր է այդ հարցում և միշտ այնպիսի նվերներ է մատուցում, որոնք ինձ կուրախացնեն։ Իմ ամենասիրելի նվերներից են կոշիկն ու օծանելիքը։ Այս տարի Արտյոմն առայժմ ճամփորդություն է նվիրել, մյուս նվերները կլինեն արդեն արտերկում»,- նշեց հոբելյարը։ Ի դեպ, Արտյոմն ու Յուլյան շոփինգի մեծ սիրահար են, այնպես որ, նվերների պակաս հաստատ չի լինի։
Տարեդարձի օրը դերասանուհին, անպայման, պահում է երազանքներ։ Դրանք շատ են. «Երազում եմ, որ հարազատներս միշտ առողջ լինեն և կողքիս, լավ աշխատանք ունենամ Հայաստանում, որովհետև սիրում եմ Հայաստանը և չէի ցանկանա գնալ այլ երկիր։ Երազում եմ բալիկ ունենալ»։ Թե կոնկրետ որ մեկն է մտապահում տորթի մոմերը փչելիս, նա նախընտրեց չհրապարակել։
Իր կյանքի ամենամեծ ձեռքբերումը Յուլյան համարում է իրեն շրջապատող մարդկանց, մայրիկի, ամուսնու ներկայությունն իր կյանքում։ Դերասանուհու խոսքով` իր համար դա շարժիչ ուժ է։ Իսկ ամենակարևոր բանը, որ հասկացել է, ամեն մանրուքի համար նյարդեր չքայքայելն է. «Հասունացել եմ և հասկացել, որ չարժե ժամանակ, առողջություն ու նյարդեր ծախսել ամեն բանի վրա։ Պետք է գնահատես այն, ինչ ունես ընտանիքում, աշխատանքում և զարգացնես, կատարելագործես»։
Յուլյան այսօր դարձավ 34 տարեկան։ Տարիքը բարձրաձայնել նա չի խուսափում, թեև թվերը, երբեմն, կարող են տխրեցնել նրան։ «Ինչպես յուրաքանչյուր կին, կարծում եմ, նույնիսկ, տղամարդ, որոշակի վախ կա տարիքից, սակայն դա մարդու հոգեվիճակից էլ է կախված։ Ծննդյանս օրն ունենում եմ տխրության րոպեներ, սակայն ես ինձ տրամադրում եմ և դա անցնում է։ Երբ երիտասարդ ու առողջ ես, տարիքին մեծ ուշադրություն չես դարձնում։ Այսօր շատ հեշտ է, գոնե, արտաքնապես հետևել քեզ ու ավելի երիտասարդ երևալ։ Առաջվա ժամանակները չեն, երբ 30 տարեկանում բոլորը «ծյոծյա» էին։ Ես համաձայն եմ, որ կանանց կյանքը 30-ից հետո է սկսվում։ Ավելի կայուն, վստահ, կանացի ու իմաստուն ես դառնում։ Ես հիմա ինձ ավելի լավ ու վստահ եմ զգում, նույնիսկ, արտաքնապես ավելի գոհ եմ ինձանից, քան 24-25 տարեկանում»,- ասաց դերասանուհին ու հավելեց, որ դա նաև մարդու հոգեվիճակից ու կողակցից է գալիս։