Հայաստանում նավթ ու գազ գտնելու հույսն աստիճանաբար մարում է։ Թեև 100 տարվա որոնումներն արդյունք չեն տալիս, բայց «բախտ որոնողների» պակաս չի զգացվում։
Ինչպես Sputnik Արմենիային հայտնեցին ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունից, Հայաստանում այս պահին նավթի ու գազի որոնումներ է իրականացնում միայն մեկ ընկերություն`ռուսական «Ինտեգրալ» ՓԲԸ–ին պատկանող «Ինտեգրալ Պետրոլիում» ՍՊԸ–ն։ Այս ընկերությունը Հայաստանում նավթի ու գազի որոնումները սկսել է 5 տարի առաջ` 2012 թ.–ին, ընկերության արտոնագրի ժամկետը լրանում է այս տարեվերջին` դեկտեմբերի 28-ին։ «Ինտեգրալ Պետրոլիումն» այն երկարացնելու հայտ չի ներկայացրել, նավթ կամ գազ գտնելու մասին որևէ հայտարարություն չի արել։
Հայաստանի ընդերքում սև ոսկու և երկնագույն վառելիքի առկայության ենթադրությունների հիմք են տալիս մեր հարևան երկրներում դրանց մեծ պաշարները։
Հենց այդ հիմնավորմամբ էլ արդեն շուրջ 100 տարի Հայաստանում նավթ ու գազ փնտրողների պակաս չի զգացվում։
Առաջին լուրջ հետազոտական աշխատանքները մեր երկրում սկսվել են ԽՍՀՄ տարիներին` 1947 թ.–ից և շարունակվել է մինչև 1991 թ.–ը։ Այդ ընթացքում հորատվել է 208 հորատանցք, բայց սպասելիքները չեն արդարացել:
Անկախացումից հետո Հայաստանում գազի ու նավթի հնարավոր պաշարների որոնումները նոր թափ ստացան։
Բնական թանկարժեք պաշարներ գտնելու հույսով Հայաստան եկան արտասահմանյան մի շարք ընկերություններ, որոնք 25 տարում այդպես էլ ոչինչ չգտան։
Հույսն այսօր էլ չի մարում։ Փնտրողները, թեև քիչ են, բայց այսօր էլ կան։
Խոսքը կանադական «Ագապե» ընկերության մասին է, որն արդեն հաջորդ տարի երկրաբանական ուսումնասիրություններ կիրականացնի Վայոց ձորի մարզում։ ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարություն ներկայացրած հայտնի համաձայն, ընկերությունը պատրաստ է 4 մլն ԱՄՆ դոլար ծախսել։
Ի դեպ, այդ ընկերությունում Հայաստանը համարում են «աշխարհում մնացած եզակի քիչ հետազոտված, ածխաջրածինների մեծ պաշարներ ունեցող ավազաններից մեկը, որի սահմանակից երկիրները միասին վերցրած՝ տարեկան արդյունահանում են միլիարդավոր բարել նավթ ու տրիլիոնավոր խորանարդ մետր գազ»։
Վերջին տարիներին Հայաստանում նույն հիմնավորմամբ ու անարդյունք նավթ ու գազ են որոնել նաև «Արմօյլ», «Բլեքսթերզ Էներջի Արմենիա» ընկերությունները։