Եկեք ազնիվ լինենք: Ամուսնալուծությունների մեծ մասը կանանց պատճառով է լինում, գիտությամբ կամ անգիտությամբ: Հաճախ մենք` կանայքս, համակարգված ձևով այնքան ենք զզվեցնում տղամարդկանց, որ վերջիններս, չդիմանալով լարվածությանը, որոշում են քանդել այդ հարաբերությունները: Իսկ ի՞նչ է պետք անել տղամարդուն ծայրահեղ քայլերից զերծ պահելու համար: Ամուսնալուծված կինը 5 հիմնական սխալի օրինակ է բերում:
- Դուք փորձում եք նրան փոխել
Շատ կանայք ամուսնությունից մի քանի տարի անց առիթը բաց չեն թողնում ամուսնուն քննադատել: Պետք չէ դա անել: Աշխատեք զսպել ձեզ: Հիշեք, թե ինչ պատճառով եք դուք ձեր տղամարդուն ընտրել: Հավանաբար ուշադրություն եք դարձրել նրա արժանիքներին, իսկ թերությունների վրա աչք եք փակել` դրանք համարելով անվնաս առանձնահատկություն: Մի սպասեք, որ նա կփոխվի: Անկասկած, հարաբերությունների մեջ գտնվող թե կինը, թե տղամարդը պետք է զարգացում ապրեն, բայց ո՞ւմ դուր կգա շարունակ քննադատվել: Ձեզ դրեք նրա փոխարեն: Զսպեք ձեզ, եթե ուզում եք ասել, որ նա գարեջուր շատ է խմում, ընկերների հետ շատ ժամանակ է անցկացնում կամ համակարգչի առաջ երկար է գտնվում: Չի բացառվում, որ այդպես է եղել նաև հարաբերությունների ձևավորման սկզբնական փուլում, ինչը, սակայն, ձեզ այն ժամանակ չի նյարդայնացրել հասկանալի պատճառներով: Ուշադրությունը բևեռեք նրա դրական գծերի վրա, ընդգծեք նրա առավելությունները և մի փորձեք փոխել չափահաս, հասուն մարդուն:
- Դուք վերահսկում եք նրան
«Մեր բոլոր վեճերն այն պատճառով են, որ դու ոչինչ ճիշտ չես անում»: Յուրաքանչյուր կին իր ամուսնուն նմանատիպ մի բան ասում է: Նման բաները ոչ միայն հեռացնում են զուգընկերոջը, այլև հարուցում են հակառակվելու, ի հեճուկս նրա մի բան անելու բուռն ցանկություն: Ավելին, անընդհատ վերահսկողությունը տղամարդուն ստիպում է ձեզնից թաքցնել այն, ինչը ձեզ դուր չի գալիս, անգամ ամենաաննշան բանը: Կինը պետք է վստահի ամուսնուն: Վստահ եղեք ձեզ վրա, նրա վրա և ձեր հարաբերությունների վրա: Եզակի տղամարդկանց է դուր գալիս վերահսկող կինը:
- Դուք նրան բավարար սեքս չեք տալիս
Հարաբերություններում գտնվելուց մի քանի տարի անց շատ կանայք սկսում են խորամանկել, տղամարդուն մանիպուլյացիայի ենթարկել և մերժել սեռական հարաբերություն ունենալ: Դա նրանք անում են նրանից նեղացած լինելու ժամանակ կամ երբ բարոյական ցնցում են ապրում: Այսպիսով, կանայք ուզում են տղամարդուն դաս տված լինել և մեծացնել սեփական նշանակությունը նրա աչքերում: Չի կարելի այդպես վարվել: Դա ոչ միայն բարկացնում է տղամարդուն, այլև աստիճանաբար հեռացնում ձեզնից: Ավելի օգտակար է հիշել, թե ինչով եք դուք նրան գրավել ձեր հարաբերությունների ամենասկզբում: Հավանաբար դուք ունեք որոշակի կանացի խորամանկություններ: Ճիշտ ժամանակն է դրանք կրկին գործի դնելու:
- Դուք ձեզ բաց եք թողել, չեք զբաղվում ձեր արտաքինով
Հաճախ դա տեղի է ունենում երեխաների ծնվելու հետ մեկտեղ: Կանանց այս փուլում կարելի է հասկանալ: Նրանք մտածում են միայն երեխաների մասին, որոնք իրենց կյանքի առաջին տարիներին շատ ժամանակ են խլում: Բայց, միևնույն է, չարժե մոռանալ ինքդ քո մասին: Ձեր խնամված տեսքը նախ և առաջ ձեզ է պետք: Չէ՞ որ գեղեցիկ հագուստը և հաճելի պրոցեդուրաները տրամադրություն են բարձրացնում, էլ չենք խոսում արտաքին տեսքի վրա լավ ազդեցություն գործելուց:
- Դուք կանգնում եք նրա և իր ընտանիքի միջև
Ձեր ամուսնուն իր ընտանիքի մասին ոչ մի վատ բան չասեք: Ինքն այդ ընտանիքում է մեծացել, և այն նրա համար առաջին տեղում է: Որքան էլ որ նրա հարազատները տարօրինակ լինեն, նրան թույլ տվեք՝ ինքը գլուխ հանի նրանցից: Եթե իրավիճակը ծայրահեղ է, ինքն ամեն ինչ կհասկանա: Նրա ընտանիքի անդամների հետ կոնֆլիկտի մեջ մի մտեք: Դա ձեզ պետք չէ: Հարգեք նրա մտերիմներին, համբերությամբ զինվեք: եթե ձեզ համար դժվար է գտնվել նրա հարազատների շրջապատում, նվազեցրեք նրանց հետ շփումները:
Որպես եզրահանգում` կնոջ համար գլխավորը համբերատար և մտածող լինելն է: Պետք չէ տուրք տալ էմոցիաներին, կարևոր է խոսելուց, ինչ-որ բան ասելուց կամ անելուց առաջ մտածել, և այդ ժամանակ ձեր ընտանիքում խաղաղություն կտիրի:
Պատրաստեց Մարիա Ղուկասյանը