EL ամսագրի նոր համարում Հայաստանի թիվ մեկ գեղեցկուհին ու Միսս Աշխարհի մեր պատվիրակն է. Լիլի Սարգսյանի անչափ հետաքրքիր և անկեղծ, գեղեցիկ ու գեղեցկության մասին մտքերը լսել է Ալինա Նահապետյանը:
լուսանկարները՝ EL ամսագրի
արտ-տնօրեն՝ Մայա Պողոսյան
ոճը՝ Մանուկ Ալեքսանյանի
լուսանկարիչ Vahe Step
դիմահարդարումը՝ Ալինա Սարգսյանի
վարսահարդարումը՝ Image Code գեղեցկության սրահ
Առաջարկում ենք կարդալ հարցազրույցից մի հատված:
Դեռ դպրոցական տարիներից ինձ չէին սիրում։ Ենթադրում եմ` պատճառը հասակս էր, քանի որ ես դասարանում ամենաբարձրահասակն էի։ Վերջին տարիներին չսիրելու միտումը, կարծես թե, փոխվել է։ Կարծես թե…
«Միսս Արմենիա» մրցույթի մասին հայտարարությունը տեսել եմ համացանցում և որոշել դիմել։ Բայց մրցույթի մասին շրջապատի կարծիքը լսելով՝ սկսեցի որոշումս ծանրութեթև անել։ Արդյունքում հրաժարվեցի մասնակցելու մտքից՝ հնարավոր հիասթափություններից խուսափելու համար։ Հետո դրսում պատահական հանդիպեցի Գոհար Հարությունյանին, ով ինձ առաջարկեց անպայման դիմել և մասնակցել քասթինգին։ Գոհարի հետ հանդիպումն ինձ համար ճակատագրական դարձավ։
«Միսս Արմենիա» մրցույթի նախնական փուլերում ես վատ էի քայլում։ Տեսնում էի, որ մասնակից աղջիկներից շատերը լավ են քայլում, և անհանգստանում էի։ Անընդհատ աշխատում էի ինքս ինձ վրա, գիշերները ուշ քնում։ Մրցույթի օրը սպասվածից ավելի լավ քայլեցի։ Մտածում էի, որ ես էլ եմ արժանի հաղթանակին, ինչո’ւ ոչ։ Արտաքինիս մեջ վիրահատական միջամտություններ չկան, բնական գեղեցկություն է։ Հոգուս խորքում վստահ էի, որ արժանի եմ «Միսս Արմենիա» տիտղոսը կրելուն։
Ես ինչ–որ մեկին ինչ–որ բան ապացուցելու համար չէ, որ մասնակցել եմ «Միսս Արմենիա» մրցույթին։ Մասնակցելու ցանկությունն ուղղակի մեծ էր, որի բացատրությունը ինքս էլ չեմ կարող տալ։ Ներքին վստահություն ունեի, որ ես եմ հաղթելու։
Արդյոք 30 տարի հետո ես կնճիռներ կունենա՞մ… Հավանաբար՝ ոչ։ Չեմ կարող ասել` արդյոք վիրահատական միջամտությունների կդիմեմ այդ տարիքում, թե ոչ։ Գուցե… Բայց կարծում եմ կնոջ հմայքը, այնուամենայնիվ, գրագետ խոսքի մեջ է։
Կին–տղամարդ հարաբերություններում ես կարևորում եմ մանրուքները։ Ստախոս տղամարդիկ չեն կարող տեղ ունենալ իմ կյանքում, եթե անգամ լինեն թխամաշկ, հագուստի դասական ոճը նախընտրող գրավիչ անհատներ։ Փոխվստահությունը պարտադիր պայման է, ինչպես և կոկիկ լինելը։ Հակառակ դեպքում կարիերա, թե ընտանիք ընտրության դեպքում ես կընտրեմ առաջինը։ Գիտեմ` մոդելի մասնագիտությունը ոչ բոլոր տղամարդիկ կարող են ընդունել. ես պատրաստ եմ հանուն ընտանիքի հրաժարվել այդ մասնագիտությունից, եթե նա ունի բոլոր այն հատկանիշները, որոնք վերևում թվարկեցի։
wnews.am