Դերասան Լևս Դավթյանի մասնակցությամբ վերջին հեռուստասերիալը ամռանը ցուցադրված «Դեպի երազանք» ֆիլմաշարն էր: Պարզվում է` դերասանն իր համար կարևոր որոշում է կայացրել` այլևս չխաղալ երկարաժամկետ հեռուստասերիալներում:
«Երկարատև սերիալներն ինձ բացի փողից, ուրիշ ոչինչ չեն տալիս: Իհարկե, ինձ ևս գումար հարկավոր է, բայց արդեն երկու տարի է, ինչ որոշել եմ այլևս չնկարվել երկարաժամկետ սերիալներում: Առաջարկներ կան, քասթինգների հաճախ եմ հրավիրվում, ու սա չեմ ասում գլուխ գովելու մտադրությամբ, պարզապես և թատրոնային զբաղվածությունս է շատ մեծ, և ինձ հաճելի չէ տարիներով աշխատել մի նախագծի վրա. ես դեմ եմ և դրանց սցենարներին, և նրանց ընտրած չդերասաններին, և դրանցում առկա մշտական լաց ու ողբին»,- Life.panorama.am-ի հետ զրույցում նշեց նա:
Լևսն իրեն տեսնում է յուրաքանչյուր ժանրում.
«Առաջ մտածում էի, թե մի ժանրի դերասան եմ, բայց փորձը ցույց տվեց, որ կարող եմ ներկայանալ ամենատարբեր ժանրերում: Ինձ մշտապես հետաքրքիր է փորձել ու անել այն, ինչ նախկինում չեմ արել, ինձ հետաքրքիր են այն կերպարները, որոնց շուրջ պետք է շատ մտածեմ, դրանք կերտելու համար շատ պիտի աշխատեմ, անգամ այն դերերը, որոնք իրենցից վտանգ են ներկայացնում: Այդ պատճառով չեմ ընդունում, երբ մեր դերասաններից շատերը, ընդ որում լավագույն դերասանները և այդ թվում բավականին տարիքով դերասաններից շատերը տարիներով սերիալներում նույն բանն են անում, ինչ արել են նախորդներում: Նրանց դեմքերին արդեն սովորել ես, բայց ինձ համար նույնիսկ ամոթ ու հոգնեցուցիչ է նման կերպ աշխատելը: Պետք է միայն փող աշխատելու մասին չմտածես»,- ընդգծեց դերասանը:
Ի դեպ` Լևս Դավթյանին հեռուստադիտողը կտեսնի նաև Մհեր Մկրտչյանի «Լյուդվիգ անունով ոզնին» կատակերգությունում:
«Մհեր Մկրտչյանի նոր ֆիլմում շատ փոքրիկ դերով եմ ներկայանալու: Ինձ հետ կապված միայն մի տեսարան կա: Թեև դերս փոքր էր և ընդամենը մեկ օր եմ աշխատել այս ֆիլմում, բայց Մ. Մկրտչյանի հետ աշխատաելու համար արժեր: Նա մեր թատրոնի գեղարվեստական ղեկավարն է, Մհերը շատ հետաքրքիր ռեժիսոր է, ով Հայաստանում միակն է, ով դերասանին խնդիրներ է տալիս, նրան բացում է և հրաշալի գիտի, թե ինչ է ուզում ստանալ: Նա կարողանում է այնպես անել, որ դերասանն անի այն ամենը, ինչ երբեք չի արել, քանի որ լավ ռեժիսոր չի եղել: Մ. Մկրտչյանի անցած դպրոցը մեզ համար շատ մեծ առավելություն է թե թատրոնում, և թե ֆիլմում»,- պատմեց Լևս Դավթյանը:
Խոսելով թատրոնային գործունեության մասին` դերասանը նշեց, որ այժմ մեծ զբաղվածություն ունի Մհեր Միրտչյանի անվան արտիստական թատրոնում:
«Թատրոնի աշխատանքը մշտական է: Մեր թատրոնն այս շրջանում ասես վերածնունդ ապրի, ներկայացումներն անցնում են լեփ-լեցուն դահլիճներում: Վերջերս կայացավ «Ամեն գողը գող չէ» ներկայացման պրեմիերան, հիմա պատրաստվում ենք «Վատ տղաները» ներկայացման պրեմիերային, ինչպես նաև ամանորյա ներկայացումներին: Այնպես որ, մենք սիրով սպասում ենք մեր հանդիսատեսին»,- նշեց նա:
Զրույցի վերջում անդրադառնալով անձնական կյանքին` Լևս Դավթյանը խոստովանեց, որ գիտակցում է, որ ընտանիք կազմելու ժամանակն է, բայց այդ հարցում հատուկ պատճառով չի շտապում:
«Անձնական դաշտում հիմա լռություն է: Իրականում գիտակցում եմ, որ արդեն ժամանակն է դրա մասին կոնկրետ ու լուրջ մտածել, բայց եթե հիմա կենտրոնանամ դրա վրա, ինձ թվում է կթողնեմ մասնագիտությունս, որովհետև հիմա ես լիարժեք հասցնում եմ ինձ պահել թե ֆինանսական, թե հոգեբանական առումներով: Ես այնքան լուրջ եմ վերաբերվում ընտրությանը, երբեք չեմ ամուսնանա այն մարդու հետ, որից հետո գուցե ավելի լավին գտնեմ, կամ փոշմանեմ: Նա, ում հետ կամուսնանամ, ինձ համար ամենալավը պետք է լինի միշտ, բայց ինձ դեռևս չեմ ուզում այդ երջանկությամբ «բանտարկել»: Ամեն դեպքում, դեռևս չեմ հանդիպել նրան, ում հետ կցանկանամ այդպես «բանտարկվել»»,- ավարտեց դերասանը: