Օստեոպարոզի հետևանքով ոսկորներն աստիճանաբար սկսում են թուլանալ։ Այն զարգանում է կալցիումի մակարդակի նվազման հետևանքով։ Հիվանդությունն ազդում է ոսկորների ամրության վրա, մեծացնում դրանց կոտրվելու հավանականությունը։
Steptohealth.ru-ն գրում է, որ կան դեղամիջոցներ, որոնք կարող են օգնել ամրացնել ոսկորները։ Այս խորհուրդները կօգնեն հիվանդության դեպքում։
Քացախ։ Ոսկորներն ամրացնելու լավագույն տարբերակը հանքանյութերի, հատկապես՝ կալցիումի քանակի մեծացումն է։ Հարկավոր է պարզապես լրացնել այս հանքանյութի մակարդակը, հատկապես՝ մեծ տարիքում։ Քացախն օգնում է ավելի արդյունավետ կլանել կալցիումը մթերքից, որն օգտագործում ենք։
Թողեք ծխելը։ Այս սովորությունը բացասաբար է ազդում առողջության վրա։ Երբ խոսքը քրոնիկ հիվանդությունների մասին է, ինչպիսին է օստեոպարոզը, իրավիճակը կարող է շատ ավելի լուրջ լինել։ Ծխախոտը թողնելը կօգնի ոսկորները պաշտպանել այս խնդրից։
Պետք չէ չափից շատ նիհարել։ Չափից շատ ամեն բան վնասակար է։ Անառարկելի է, որ ճարպակալումը լուրջ խնդիր է, որը լուրջ հետևանքներ է ունենում առողջության վրա, բայց այն, որ մարմինը քիչ քանակով ճարպ ունի, վատ չէ։ Եթե անառողջ նիհար եք, և հատկապես, եթե դրան հասել եք սննդային վարքագծի խանգարման արդյունքում, ավելի մեծ է ոսկորների վնասման, օստեոպարոզի զարգացման հավանականությունը։ Այդ պատճառով չափազանց կարևոր է քաշի կայունությունն ապահովելը։
Սոյա։ Սոյան մեծ քանակով ֆիտոէստրոգեններ է պարունակում։ Սրանք միացություններ են, որոնք նման են էստրոգենին, այն կանանց օգնում է պահպանել հորմոնալ հավասարակշռությունը։ Բացի այդ՝ այն օգնում է ապահովել ոսկրային հյուսվածքների ամրությունը։ Հայտնի է, որ կանայք առավել հակված են օստեոպարոզի զարգացմանը։
Երեքնուկ։ Երեքնուկն օրգանիզմում բարձրացնում է էստրոգենի մակարդակը, ինչը զգալիորեն կարող է օգնել կանանց նվազեցնել օստեոպարոզի զարգացման հավանականությունը։ Հաշվի առեք, որ այն օգտագործելուց առաջ պարտադիր հարկավոր է խորհրդակցել բժշկի հետ։
Սաղմոն։ Ձկան այս տեսակը հարուստ է կալցիումով, վիտամին D-ով, օմեգա-3 ճարպաթթուներով, որոնք անհրաժեշտ են օրգանիզմի նորմալ կենսագործունեության համար։
Պարբերաբար սպորտով զբաղվելը կարող է օգնել կանխարգելել օստեոպարոզը։ Ակտիվ կենսակերպը մկանների ուժը պահպանելու լավագույն տարբերակն է։ Դա կօգնի նկատելիորեն մեծացնել ոսկորների ամրությունը, նվազեցնել կոտրվածքների հավանականությունը։
Սահմանափակեք ալկոհոլի օգտագործումը։ Խելամիտ քանակով ալկոհոլի օգտագործումը կարող է լավացնել կալցիումի յուրացումը, սակայն չի կարելի գերազանցել խորհուրդ տրվող չափաբաժինը։ Ալկոհոլի չարաշահումը լուրջ ազդեցություն է ունենում ոսկորների ամրության և ընդհանուր առողջության վրա։
Արքայախնձոր։ Մանգանը կարևոր նշանակություն ունի ոսկորների առողջության համար, իսկ դրա անբավարար քանակը կարող է նպաստել օստեոպարոզի զարգացմանը։ Եթե օրգանիզմը ստանա այս հանքանյութի բավարար մակարդակ, ոսկորներն ավելի ամուր կլինեն։ Արքայախնձորը հարուստ է մանգանով։
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը