Ամեն վայրկյան աշխարհում մեկ մեծահասակ մարդ է կուրանում, իսկ ամեն րոպե՝ մեկ երեխա։ Համարվում է, որ2020-ին աշխարհում արդեն ավելի քան 75 միլիոն կույր մարդ կլինի։
Ակնաբույժ Լուսինե Բեկիրսկա-Թամազյանը լրագրողներին պատմել է 5 հիվանդությունների մասին, որոնք կուրություն են առաջացնում։
Կատարակտա
Տարիքային կատարակտան ամենատարածված հիվանդություններից մեկն է, որը չբուժվելու դեպքում կարող է տեսողության կորստի հանգեցնել։ Այս կամ այն չափով մարդկանց մինչև 80 տոկոսն ունենում է կատարակտա։ Բարեբախտաբար, այն հաջողությամբ բուժվում է վիրաբուժական եղանակով․ վնասված բյուրեղիկը կարելի է նորով փոխարինել։ Դա շատ բարդ վիրահատություն չէ և Հայաստանում այն կատարվում է արդեն շատ վաղուց։
Գլաուկոմա
Գլաուկոման աչքի ամենաբարդ հիվանդություններից մեկն է, որը հանգեցնում է կուրության։ Այն բուժել առայժմ հնարավոր չէ և, եթե հիվանդությունը կուրություն առաջացնի, այն անդառնալի կլինի։ Սակայն, եթե գլաուկոման ժամանակին ախտորոշվի, կարելի է կանխել կամ հնարավորինս հետաձգել տեսողության կորուստը՝ բուժման ինչպես վիրաբուժական, այնպես էլ թերապևտիկ մեթոդներով։
Անհասների ռետինոպաթիա
Անհասների ռետինոպաթիան ծանր հիվանդություն է, որը սովորաբար զարգանում է անհաս երեխաների մոտ և կարող է հանգեցնել տեսողության լիարժեք կորստի։ Հայաստանում արդեն մոտ 2 տարի է՝ հաջողությամբ իրականացնում են անհաս երեխաների մոտ կուրությունը կանխող վիրահատություններ։ Դրանք շատ բարդ վիրահատություններ են, և աշխարհում քիչ են մասնագետները, որոնք կարող են դրանք կատարել։ Հայաստանում նման մասնագետներ արդեն կան։ Բոլորովին վերջերս նրանք 2 փոքրիկ տղաների աչքերի շատ բարդ վիրահատություն էին կատարել։
Դիաբետիկ ռետինոպաթիա
Դիաբետիկ ռետինոպաթիան շաքարախային դիաբետի առավել ծանր բարդացումներից է, որն ախտահարում է աչքի ցանցաթաղանթի անոթները։ Այդ հիվանդությունն առկա է շաքարային դիաբետով հիվանդների մոտ 90 տոկոսի մոտ, և չբուժվելու դեպքում այն կարող է հանգեցնել կուրության։
Կերատոկոնուս
Կերատոկոնուսը հիվանդություն է, որը շատ հաճախ է հանդիպում հայերի, հրեաների և արաբների մոտ։ Նախկինում այն համարվում էր անբուժելի հիվանդություն և կարող էր հանգեցնել կուրության, սակայն վերջերս հայտնաբերվել էր պորցեդուրա, որը կարող է օգնել այդ հիվանդությունն ունեցող պացիենտներին և կանխել կուրությունը։ Հայաստանում մասնագետներն այդ պրոցեդուրան արդեն մոտ 7 տարի է՝ կատարում են։
med.news.am