Երևանում նոյեմբերի 14-18-ը արդեն 14-րդ անգամ տեղի է ունենում «Կին» միջազգային կինոփառատոնը։ Փառատոնի գաղափարն է՝ հարթակ տրամադրել կին ռեժիսորներին, աջակցել նրանց, որպեսզի ավելի լսելի դառնան լայն լսարանի առջև։
Այս տարի մրցութային ծրագրում ներկայացվելու է 60 ֆիլմ 20 երկրից։Դրանք նկարահանված են տարբեր երկրներում՝ Հայաստանում, ԱՄՆ-ում, Ռուսաստանում, Կանադայում, Իսրայելում, Մեծ Բրիտանիայում, Կորեայում, Մեքսիկայում, Կոսովոյում, Ավստրալիայում:
«Կին ռեժիսորներն առավել հաճախ են խնդիրներ ունենում, քան տղամարդիկ, սա մի առիթ է այդ ճանապարհը հարթելու համար»,-միջոցառման նպատակը ներկայացրեց փառատոնի տնօրեն Մարիամ Օհանյանը:
Ինչ վերաբերում է ֆիլմերի թեմաներին, ապա դրանք բազմազան են. «Կանայք խոսում են պատերազմի մասին: Նրանք ազատ են թեմաների ընտրության հարցում, կարևորը ֆիլմի որակն է, գեղարվեստական արժեքը»,-նշեց փառատոնի տնօրենը։
Նշենք, որ ֆիլմերը ցուցադրվելու են ՀԲԸՄ շենքում։ Մուտքն ազատ է։ Իսկ ֆիլմերի ծրագրին կարող եք ծանոթանալ այստեղ։
wnews.am