Խորհուրդ տրվող չափաբաժնից ավելի քան երկու անգամ ավելացնելով եփված աղի օգտագործումը (օրը 5 գրամ՝ համաձայն ԱՀԿ) հանգեցնում է աղիքային միկրոֆլորայի փոփոխությունների, ինչը կարող է հիպերտենզիայի՝ զարկերակային բարձր ճնշման և աուտոիմունային հիվանդությունների, օրինակ՝ ցրված սկլերոզի ավելի դժվար ընթացքի պատճառ դառնալ: Այդ մասին հաղորդում է Eurekalert-ը՝ հղում անելով ԱՄՆ-ից, Բելգիայից ու Գերմանիայից ներգրավված գիտնականների միջազգային խմբի ուսումնասիրությանը:
Մասնագետներն ուսումնասիրել են մկների կենսագործունեության մթերքները, որոնց սննդակարգը մի քանի շաբաթվա ընթացքում պարբերաբար փոխվել է՝մերթ տալով աղի նորմալ և մերթ էլ՝ նորմայից շատ պարունակությամբ կեր:
Վերջին դեպքում հավելյալ աղը ոչնչացրել է աղիների կենդանի մանրէները, այն դեպքում, երբ կրծողների արյան ճնշումը բարձրացել է, իսկ օժանդակ իմունային Th17 բջիջների քանակն ավելացել է:
Վերջիններս կապված են արյան բարձր ճնշման և աուտոիմունային հիվանդությունների հետ: 12 մեծահասակ տղամարդկանց մասնակցությամբ փորձնական ուսումնասիրությունը, որոնց երկու շաբաթվա ընթացքում ամեն օր տվել են հավելյալ 6 գրամ աղ, ցույց է տվել, որ փորձի 14-րդ օրը նման արդյունքներ են դրսևորվել:
Այսինքն, աղի 2 անգամ բարձր չափաքանակը հանգեցրել է Lactobacillus murinus մանրէների քանակի կրճատման և այլ նմանատիպ գործընթացների, որոնք մասնագետները նկատել էին մկների մոտ:
«Մեր ուսումնասիրությունը աղի չարաշահումից առաջացած փոփոխությունների պարզ նկարագրության շրջանակներից դուրս է: Մենք ուզում ենք մանրակրկիտ ուսումնասիրել այդ փոխադարձ կապի մեխանիզմները: Արդեն այժմ մենք չենք կարող բացառել մարդու օրգանիզմում աղի նկատմամբ զգայուն այլ մանրէների առկայության հնարավորությունը, որոնք նույնքան կարևոր են նորմալ կենսագործունեության համար»,- ասում է Բեռլինի փորձարարական և կլինիկական հետազոտական կենտրոնի պրոֆեսոր Դոմինիկ Մյուլլերը:
med.news.am