Երբ ֆեյսբուքյան ձեր էջերի պատերին սկսում են հայտնվել աշնան գլխավոր ըմպելիքների՝ գլինտվեյնի և տաք շոկոլադի պատրաստման բաղադրատոմսերը, 168.am-ին և իր ընկերներին ոչինչ չի մնում, քան առաջարկել ֆիլմի դիտում կազմակերպել՝ գլինտվեյնային և շոկոլադային երեկոներն ավելի ինտելեկտուալ և հոգևոր դարձնելու համար: Մեզ այս շաբաթ միացել և իր ամենասիրելի 10 ֆիլմերն է առաջարկում դիտել դերասան Արծրուն Չոբանյանը:
«Նիկոստրատոս հավալուսնը» (ֆր.՝ Nicostratos le pélican)
Էմիր Կուստուրիցայի դերակատարությամբ ֆրանսիացի ռեժիսոր Օլիվիե Օռլեի 2011 թվականի դրամա-կատակերգությունը պատմում է մի տղամարդու մասին, ով կնոջ մահից հետո փակվում է իր մեջ և չի ցանկանում շփվել որդու՝ Յաննիսի (Տիբո Լե Գելլեկ) հետ։ Կյանքը նրա համար կորցնում է իմաստը։
Մի օր տղան հայտնաբերում է հավալուսնի ձագի և որոշում է պահել նրան: Նա կերակրում է թռչունին, և նրանց միջև ջերմ և բարեկամական հարաբերություններ են հաստատվում: Հավալուսնը օգնում է տղային վերադարձնել հորը:
Ֆիլմը կարող եք դիտել այստեղ
Ադրիանո Չելենտանոյի բոլոր ֆիլմերը. «Ասը» (Asso)
Ռեժիսորներ Ֆրանկո Կաստելանոյի և Ջուզեպե Մոկայի իտալական կատակերգական ֆիլմը պատմում է Տուզ մականունով խաղաքարտերի շուլերի (Ադրիանո Չելենտանո) մասին, ով որոշում է վերջ տալ այդ զբաղմունքին: Բայց հանկարծ պարզվում է, որ նա ներքաշված է մի մարսելցու հետ խոշոր խաղի մեջ: Տուզի երիտասարդ կինը (Էդվիժ Ֆենեկ) բաց է թողնում ամուսնուն՝ մասնակցելու խաղին: Հուսահատորեն բլեֆ անելով՝ Տուզը գնում է վա-բանկի, բայց խաղը շարունակվում է:
Սկսվում է նրա նկատմամբ որսը, և նրան սպանում է վարձու մարդասպանը, ինչից հետո Տուզը վերածվում է… ուրվականի, որին կարողանում է տեսնել միայն նրա կինը: Նման ողբերգական ճանապահով ձեռք բերելով նոր հնարավորություններ՝ նա փորձում է դասավորել իր այրու անձնական կյանքը և վրեժ լուծել:
Ֆիլմը կարող եք դիտել այստեղ
«Կնքահայրը» (The Godfather)
Առաջարկ, որից չի կարելի հրաժարվել: Դերասան, որով չի կարելի չհիանալ: Ֆիլմ, որը չի կարելի չդիտել: Կինոռեժիսոր Ֆրենսիս Ֆորդ Կոպպոլայի «Կնքահայրը» ֆիլմը, որը նկարահանվել է Մարիո Պյուզոյի համանուն վեպի հիման վրա, ներկայացնում է Կոռլեոնե մաֆիոզ ընտանիքի պատմությունը:
Ընտանիքի գլուխը՝ Դոն Վիտո Կոռլեոնեն (Մարլոն Բրանդո) ամուսնացնում է իր դստերը: Այդ ժամանակ Երկրորդ համաշխարհային պատերազմից վերադառնում է Դոն Կոռլեոնեի սիրելի որդին՝ Մայքլը (Ալ Պաչինո): Վերջինս՝ պատերազմի հերոսը, ընտանիքի հպարտությունը, չի ցանկանում զբաղվել ընտանեկան դաժան բիզնեսով: Դոն Կոռլեոնեն բիզնեսը վարում է հին կանոնների համաձայն, բայց այլ ժամանակներ են գալիս, և հայտնվում են մարդիկ, ովքեր ցանկանում են փոխել սահմանված կարգը:
Ֆիլմը կարող եք դիտել այստեղ
«Փախուստ Շոուշենկից» (The Shawshank Redemption)
Ամերիկացի սարսափ, սասփենս, գերբնական, գիտաֆանտաստիկ և ֆենտեզի ժանրի գրող Սթիվեն Քինգի «Ռիտա Հեյուորթը և փրկությունը Շոուշենկից» (Rita Hayworth and Shawshank Redemption) պատմվածքի հիման վրա ամերիկացի ռեժիսոր, սցենարիստ և պրոդյուսեր Ֆրենկ Դարաբոնտի կողմից 1994 թվականին նկարահանված ամերիկյան կուլտային դրամայի գլխավոր հերոսը բանկի փոխնախագահ Էնդի Դյուֆրեյնն (Թիմ Ռոբինս) է, ով մեղադրվում է իր կնոջ և նրա սիրեկանի սպանության մեջ: Հայտնվելով Շոուշենկ կոչվող բանտում՝ նա բախվում է ճաղերի հակառակ կողմում տիրող դաժանության և անօրինականության հետ: Յուրաքանչյուրը, ով հայտնվում է այդ պատերի ներսում, մինչև կյանքի վերջ դառնում է դրանց ստրուկը: Բայց Էնդին՝ զինված կենդանի մտքով ու բարի սրտով, հրաժարվում է համակերպվել ճակատագրի վճռի հետ և սկսում է անհավանական հստակ ծրագիր մշակել իր փախուստի համար:
Ֆիլմը կարող եք դիտել այստեղ
«Թռիչք կկվի բնի վրայով» (One Flew Over the Cuckoo՚s Nest)
1975 թվականին ռեժիսոր Միլոշ Ֆորմանի կողմից նկարահանված գեղարվեստական ֆիլմը Ռենդլ ՄակՄյորֆիի (Ջեք Նիկոլսոն) մասին է, ով բանտից տեղափոխվում է հոգեբուժարան, որտեղ տիրում են հոգեբուժարանի գլխավոր բժշկուհու՝ Ռետչեդի (Լուիզա Ֆլեթչեր) սահմանած կանոնները:
ՄակՄյորֆիին զարմացնում է, որ մյուս հիվանդները համակերպվել են ստեղծված իրավիճակի հետ, իսկ ոմանք նույնիսկ ինքնակամ են եկել հոգեբուժարան: Եվ նա որոշում է ապստամբել: Միայնակ:
Ֆիլմը կարող եք դիտել այստեղ
«Ուրիշների կյանքը» (Das Leben der Anderen)
Գերմանացի ռեժիսոր, պրոդյուսեր և սցենարիստ Ֆլորիան Հենկել ֆոն Դոներսմարկի դրամատիկ թրիլլերը պատմում է հայտնի գրող և դրամատուրգ Գեորգ Դրայմանի (Սեբաստիան Կոխ) մասին, ով այդպես էլ կապրեր իր կյանքը՝ վայելելով շնորհակալ ընթերցողների ուշադրությունը և գաղտնի ծառայությունների անտարբերությունը, եթե չլիներ հայտնի թատերական դերասանուհու հետ սիրավեպը, ինչը փոխում է նրա կյանքը:
Ֆիլմը կարող եք դիտել այստեղ
Խավիեր Բարդեմի բոլոր ֆիլմերը. «Ծովը՝ ներսում» (Mar adentro)
2004 թվականին ռեժիսոր Ալեխանդրո Ամենաբարի նկարահանած ֆիլմը հիմնված է իրական դեպքերի վրա: Այն պատմում է իսպանացի նախկին ծովային Ռամոն Սամպեդրոյի (Խավիեր Բարդեմ) կյանքի վերջին երկու տարիների մասին, ով մոտ 30 տարի պայքարել է էվթանազիայի իրավունքի համար։ Ռամոնն ամբողջությամբ կաթվածահար էր՝ անընդհատ մահճակալի վրա պառկած:
Ֆիլմում ներկայացվում են նաև նրա և երկու կանանց միջև հարաբերությունները: Խուլիան (Բելեն Ռուեդա) նրա փաստաբանն է, իսկ Ռոզան (Լոլա Դուենյաս)՝ ընկերուհին, ով փորձում է համոզել Ռամոնին, որ կյանքը լավ բան է, և արժե դրա համար ապրել։ Ռամոնը, չնայած մահանալու ցանկությանը, իր ընկերներին և հարազատներին բացահայտում է կյանքի իմաստն ու արժեքները: Նա ինքը չի կարող շարժվել, բայց կարող է յուրաքանչյուրին ստիպել փոխել իր կյանքի ընթացքը:
Ֆիլմը կարող եք դիտել այստեղ
«Իրական տղաներ» (Stand Up Guys)
Ամերիկացի դերասան և ռեժիսոր Ֆիշեր Սթիվենսի քրեական կատակերգությունը կառուցվում է երկու արդեն ոչ երիտասարդ հանցագործների շուրջ, որոնցից մեկը մտերիմ ընկերոջը սպանելու հանձնարարություն է ստացել:
Նման ծանր իրավիճակը մտածելու համար ժամանակ է պահանջում, և մարդասպանները որոշում կայացնելուց առաջ հասկանում են, որ պետք է մի լավ զվարճանալ:
Ֆիլմը կարող եք դիտել այստեղ
Կնոջ բույրը (Scent of a Woman)
Ամերիկացի կինոռեժիսոր, պրոդյուսեր և սցենարիստ Մարտին Բրեստի ֆիլմը պատմում է գնդապետ Ֆրենկ Սլեյդի (Ալ Պաչինո) մասին: Երախտագիտության օրը գնդապետը որոշում է Նյու Յորք մեկնել և իր վերջին օրերը բարձր մակարդակով անցկացնել. ինքնատիպ հյուրանոց, շքեղ լիմուզին, թանկարժեք խմիչքներ և անհավանական գեղեցկության կանայք:
Բայց կա երկու խնդիր: Առաջինը՝ Ֆրենկը կույր է: Եվ երկրորդը՝ գնդապետի հարազատները նրա համար խնամակալ են վարձել՝ ի դեմս հեղինակավոր քոլեջի կարիքավոր ուսանող Չարլի Սիմսի (Քրիս Օ’Դոննել): Երիտասարդ տղայի ուղեկցությունը վերջինն էր, ինչ պետք էր Ֆրենկ Սլեյդին, բայց այնպես է ստացվում, որ այդ ճանապարհորդությունը փոխում է իրարից այդքան տարբեր երկու մարդկանց կյանքը:
Ֆիլմը կարող եք դիտել այստեղ
«Մոդիլիանի» (Modigliani)
Ռեժիսոր Միք Դևիսի կենսագրական դրաման պատմում է 20-րդ դարի հայտնի նկարիչ Ամադեո Մոդիլիանիի մասին:
1919 թ.: Պատերազմն ավարտվել է, և Փարիզի գիշերային կյանքը լի է կրքով և անկառավարելի ցանկություններով: «Ռոտոնդա» սրճարանում ՝ գեղարվեստական էլիտայի գլխադասային գրասենյակում, մենք հայտնաբերում ենք մի սեղան, որը պատմության մեջ հավասարը չունի. Պիկասոն (Օմիդ Ջալիլի), Ռիվերան (Դեն Աստիլենյու), Կոկտոն (Փիթեր Կապալդի), Սուտինը (Ստեֆան Ռիմկուս), Ուտրիլլոն (Իպոլիտ Ժիրարդո) և Մոդիլիանին (Էնդի Գարսիա) նստած են այդ սեղանի շուրջ:
Սա Մոդիլիանիի և Պիկասոյի միջև դաժան մրցակցության մասին պատմություն է: Բացի այդ, սա պատմություն է բոլոր ժամանակների մեծագույն ողբերգական սիրո մասին:
Ֆիլմը կարող եք դիտել այստեղ
Անի Գաբուզյան