Մոդել Լիլիթ Մարտիրոսյանը որոշել է ներկայանալ նաև երգի ասպարեզում: Նա օրերս է վերադարձել Ալբանիայից, որտեղ մասնակցել է հոկտեմբերի 22-ից նոյեմբերի 3-ը կայացած Miss Globe-2017 գեղեցկության մրցույթին:
Մրցույթի ընթացքում հայ գեղեցկուհին ոչ միայն շահել է շատերի համակրանքը և արժանացել Miss Friendship տիտղոսին, այլ նաև 60 մասնակիցների մեջ նվաճել է 6-րդ տեղը: Մրցույթի «Տաղանդ» փուլում Լիլիթը երգել է «Սարերի հովին մեռնեմ» երգը, ինչի շնորհիվ ևս մեկ անակնկալի է արժանացել՝ մրցույթի ավարտից հետո Տիրանայի լուսանկարչական դպրոցի տնօրեն Աուրելիո Լուլոյի կողմից տեսահոլովակի նկարահանման առաջարկի տեսքով:
«Տեսահոլովակը նկարահանել ենք այլ երգի հիման վրա, որի մասին դեռևս չեմ կարող խոսել, բայց նշեմ, որ այն կհեռարձակվի իտալական, գերմանական և ալբանական հեռուստաալիքներով: Տվյալ պահին աշխատում ենք տեսահոլովակի վրա»:
Ինչպես նախկինում, այս անգամ ևս Լիլիթը մրցույթին մասնակցության հրավերը ստացել է «Համաշխարհային գեղեցկության և նորաձևության» լիգայի նախագահ Աշոտ Խաչատրյանի կողմից: Այս մրցույթին Լիլիթը մասնակցել է՝ համագործակցելով դիզայներներ Նինա Սարկսյանցի, Գայանե Մարտիրոսյանի և Լիլիթ Մելիքյանի հետ:
«Նինա Սարկսյանցը երեկոյան զգեստիս հեղինակն է. այն կարվել է Միլանում: Ես և դիզայներ Նինա Սարկսյանցը որոշել ենք այն տրամադրել «Բարի մամա» կազմակերպությանը, որը կկազմակերպի աճուրդ, իսկ ողջ հասույթը կտրամադրվի հաշմանդամություն ունեցող երեխաների բուժմանը:
Հուսով եմ, այս գեղեցիկ զգեստն իր գեղեցիկ նպատակին կծառայի»,- նշում է Լիլիթ Մարտիրոսյանը: Գյումրեցի գեղեցկուհին մինչ այս արդեն հասցրել է մասնակցել «Միսս Երկրագունդ» գեղեցկության մրցույթին՝ հայտնվելով լավագույն հնգյակում, իսկ մեկ տարի անց մասնակցել Miss Intercontinental մրցույթին՝ արժանանալով մի շարք մրցանակների: