Հաղորդավարուհի Հելեն Ուդումյանը նոյեմբերի 18-ին նշել է 41-ամյակը։ Կենսախինդ բլոգերը տարեդարձի առթիվ իրեն բնորոշ ակտիվ երեկույթ էր կազմակերպել, որի ընթացքում ընտանիքի, հարազատների ու ընկերների հետ ուրախացել է մինչև ուշ գիշեր։ Tert.am Life-ը ֆիքսել է երեկոյի հետաքրքիր պահերը։
Հաղորդավարուհու տարեդարձի խնջույքի թեման նավային էր։ «Քանի որ ամռանը նավային ճամփորդություն ունեցանք, որը շատ տպավորիչ էր, որոշեցի հենց այդ թեմատիկայով նշել տարեդարձս։ Որոշել եմ ավանդույթ դարձնել ու տարին, գոնե, մեկ անգամ մեկնել նման ճամփորդության»,– ասաց նա։ Հոբելյարի տորթը խոհանոցային թեմատիկայով էր։ Այն անտարբեր չթողեց հյուրերից ոչ ոքի, ինչը շատ էր ոգևորել Հելենին։
«Տորթի դիզայնը ոչ միայն ես էի շատ հավանել, այլև բոլոր հյուրերս էին տպավորված։ Ամեն դետալ կապ ուներ ինձ հետ՝ իմ տեսքով քաղցր արձանիկը, մրգերը, պանիրն ու պիցցան»,- ասաց բլոգերը։
Հելենը հայտնի է իր «Հելենի խոհանոցը» բլոգով։ Խոհանոցում մեծ վարպետ համարվող Հելենն իր հյուրերի համար համեղ հյուրասիրություն էր կազմակերպել։ Թեև պատրաստման ընթացքին նա չէր մասնակցել, մինչև երեկույթը ընկերների հետ համտեսել էր բոլոր ուտեստները, հետո միայն ասել` «այո»։
Հելենի որդիները՝ 7-ամյա Մասիմոն ու 3-ամյա Ֆեդերիկոն, երեկույթին ներկա չէին, ամուսինը նրա կողքին էր, սակայն նկարվել չցանկացավ։ Հաղորդավարուհին նշեց, որ ամուսինն իրավաբան է և չի սիրում լուսանկարվել։
Հաղորդավարուհին նշեց, որ երջանիկ կին է։ 41 տարեկանում ունի ամեն ինչ երջանիկ լինելու համար` սիրող ամուսին, լավ երեխաներ, ծնողներ, աշխատանք, որից հաճույք է ստանում, լավ ընկերներ, իսկ մեծանալուց Հելենը երբեք չի վախեցել։
«Ինձ համար առաջին տեղում ընտանիքս է, հետո աշխատանքս, որը ևս իմ երջանկության գրավականն է։ Ես սիրով ու հաճույքով եմ անում «տան մամա» լինելու պարտականություններս։ Գուցե, տարօրինակ է, բայց ես երազանքներ չունեմ։ Մանկուց կյանքն ինձ մոտ հաջող է ստացվել. ունեցել եմ հրաշալի մանկություն, երիտասարդություն, հիմա էլ շատ երջանիկ եմ։ Երևի թե, միակ երազանքս այն է, որ աղքատություն, սով, պատերազմ չլինի ամբողջ աշխարհում»,- նշեց նա։
Խոսելով նվերների մասին` Արևիկ Ուդումյանի ավագ քույրն ասաց. «Նյութական նվերներից որևէ մեկն առանձնացնել չեմ ցանկանում, ինձ առավել տպավորել են այն նվերները, որոնք հատուկ ինձ համար են պատրաստվել»։