Էլեն Սարգսյանը՝ «Լյուդվիգ անունով ոզնին» ֆիլմում իր դերի և սերիալներում չնկարահանվելու մասին
Advertisement 1000 x 90

Էլեն Սարգսյանը՝ «Լյուդվիգ անունով ոզնին» ֆիլմում իր դերի և սերիալներում չնկարահանվելու մասին

«Կյանք ու կռիվ» ֆիլմում Սոֆիին մարմնավորող Էլեն Սարգսյանին հեռուստադիտողը շուտով կտեսնի Մհեր Մկրտչյանի նոր՝ «Լյուդվիգ անունով ոզնին» ֆիլմում: NEWS.am STYLE-ի հետ զրույցում կարմրահեր դերասանուհին խոսել է Մհեր Մկրտչյանի հետ նոր համագործակցության, նկարահանման հրապարակ վերադառնալու, կրթության և սերիալներում նկարահանվելու առաջարկների մասին.

«Քանի որ ֆիլմի վերնագիրը չի բացահայտում ֆիլմի էությունն ու սյուժեն և դրանով իսկ հետաքրքություն առաջացնում հանդիսատեսի մոտ, ես չեմ բացի փակագծերը նաև իմ կերպարի վերաբերյալ։ Միայն կարող եմ ասել, որ դերը, որով հանդես եմ եկել, էպիզոդիկ է, ու ստեղծվել է հատուկ ինձ համար»,- ասում է Էլենը՝ հավելելով, որ մինչ նոր ֆիլմում նկարահանվելն էլ միշտ շփում ունեցել է սիրելի ռեժիսորի՝ Մհեր Մկրտչյանի հետ.

«Ես շատ եմ կարևորում իմ ու Մհեր Մկրտչյանի ծանոթությունն ու ընկերությունը, որը համարում եմ իմ ամենամեծ ձեռքբերումը։ Աշխատանքում կարևորում եմ ռեժիսորի հանդեպ վստահությունը և ստեղծագործական պրոֆեսիոնալ խումբը, որոնք, այս դեպքում, միանշանակ առկա էին»։

Դերասանուհին խոստովանում է՝ կարոտել էր նկարահանման հրապարակի շունչն ու էնեգետիկան. «Նկարահանման հրապարակը մի տարածք է՝ հրաշալի հիշողություններ ստեղծելու համար, իսկ այս խմբով մենք արդեն անմոռանալի ճանապարհ ունեինք անցած։ Շատ բաներ կային , որ կարոտել էի, բայց այն, ինչը հաստատ չէի կարոտել՝ -28 աստիճան ցուրտն էր «Կյանք ու կռիվի» նկարահանման ժամանակ»։

Էլենն ասում է՝ նկարահանման առաջարկներ վաղուց էր ստանում, սակայն «Կյանք ու կռիվ» ֆիլմից հետո նրան ավելի շատ սկսեցին ճանաչել, բնականաբար՝ առաջարկներն էլ շատացան. «Բայց նկարահանվելն ինձ համար ինքնանպատակ չէ։ Ես բոլոր առաջարկներին մանրակրկիտ մոտեցում եմ ցուցաբերում և հաշվի առնում ամեն դետալ։ Շատ ուրախ եմ, որ իմ կողքին կան մարդիկ, որոնց հետ քննարկում եմ իմ առաջարկները, լսում նրանց կարծիքները, և միասին գալիս ենք առողջ և օբյեկտիվ որոշման։ Սերիալներում նկարահանվելու առաջարկներ շատ եմ ստացել, բայց որևէ մեկում ինձ չեմ պատկերացրել»։

«Լյուդվիգ անունով ոզնին» ֆիլմը նախատեսվում է էկրաններ բարձրանալ մյուս տարվա սկզբին, իսկ մինչ այդ դերասանուհին շարունակում է մասնագիտական կրթություն ստանալ արդեն մագիստրատուրայում՝ «Ինովացիոն կառավարման» ոլորտում.

«Նաև առաջին քայլերս եմ անում հայաստանյան առաջատար բանկերից մեկում։ Շարունակում եմ նկարահանումներին վերաբերվել որպես նախասիրություն ու, չնայած այդ փաստին, հարցին մոտենում եմ ոչ պակաս պատասխանատվությամբ»,- ասում է նա:

style.news.am