«Կինոն մաքրագործում է»: Այսպես էր կարծում իտալացի կինոռեժիսոր, դրամատուրգ, սցենարիստ, պրոդյուսեր և բանաստեղծ Բեռնարդո Բերտոլուչին: Մենք մեզ իրավունք ենք վերապահում համաձայնել մեծ ռեժիսորի հետ: Մաքրագործման գործընթացի մասնակիցը դառնալ այս շաբաթ 168.am-ին օգնել է Երևանի Հ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնի տնօրեն և գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանը:
«Մոռացված նախնիների ստվերները» (ուկր.՝ Тіні забутих предків)
Հայ կինոռեժիսոր, սցենարիստ Սերգեյ Փարաջանովի գեղարվեստական ֆիլմը՝ նկարահանված Միխայիլ Կոցյուբինսկու համանուն պիեսի հիման վրա, պատմում է գուցուլների երկու տոհմի՝ Պալիյչուկների և Գուտենյուկների թշնամության մասին: Բայց այնպես է ստացվում, որ Իվան Պալիյչուկը (Իվան Միկոլայչուկ) սիրահարվում է թշնամի տոհմից գեղեցկուհի Մարիչկա Գուտենյուկին (Լարիսա Կադոչնիկովա), ով իր հոր սպանողի դուստրն է, ում վիճակված էր ապրել կարճ, բայց երջանիկ կյանք: Իվանը չէր կարող երջանիկ լինել առանց Մարիչկայի: Բայց նա շարունակում էր ապրել: Ամուսնանում է: Սիրված է լինում: Երեխաներ չի ունենում: Եվ նա փնտրում էր այն մահը, որը խլեց իր սիրելիին:
Ֆիլմը կարող եք դիտել այստեղ
«Զաբրիսկի փոինթ» (Zabriskie Point)
Իտալացի կինոռեժիսոր, կինոքննադատ և սցենարիստ Միքելանջելո Անտոնիոնի «Զաբրիսկի փոինթ» ֆիլմը, որը համարվում է հիպիների մշակույթի կենտրոնական ֆիլմերից մեկը, պատմում է 20-ամյա երիտասարդներ Մարկի (Մարկ Ֆրեշեթ) և Դարիայի (Դարիա Հալփրին) մասին, ովքեր հանդիպում են Մահվան հովտում: Դարիան քարտուղարուհի է, ով աշխատում է իր ղեկավարի նախագծի վրա, իսկ Մարկը նախկին ուսանող է, ով ինքնաթիռ է գողացել: Նրանք զբոսնում են անկենդան անապատում, պարզում են՝ ինչի համար են ապրում, մոռացվում են և սիրով են զբաղվում:
Ֆիլմը կարող եք դիտել այստեղ
«Ամարկորդ» (Amarcord)
Կարմիր հագած էլեգանտ սենյորան համընդհանուր հիացմունքի և ցանկության օբյեկտն է: Ծխախոտի խանութի փարթամ կրծքերով տիրուհին՝ դեռահաս տղաների երևակայության գլխավոր հերոսուհին: Այս և բազմաթիվ այլ հրաշալի դրվագները կինեմատոգրաֆի լեգենդար վարպետի՝ Ֆեդերիկո Ֆելինիի հիշողություններն են, որոնք կենդանություն են առնում էկրանի վրա: «Ամարկորդ» բառը Ռիմինի քաղաքի բարբառով, որտեղ, ի դեպ, մեծացել է Ֆելինին, նշանակում է՝ «Ես հիշում եմ»:
Ֆիլմը կարող եք դիտել այստեղ
«Կաբարե» (Cabaret)
Ամերիկացի պարուսույց, պարող, թատրոնի և կինոյի ռեժիսոր, սցենարիստ, դերասան Բոբ Ֆոսի «Կաբարե» ֆիլմը, որը հիմնված է համանուն բրոդվեյյան մյուզիքլի վրա, պատմում է ամերիկացի երգչուհի Սալլին Բոուլսի (Լայզա Մինելլի) մասին, ով Վեյմարի Հանրապետության ժամանակաշրջանում զվարճացնում է Բեռլինի բնակիչներին Kit-Kat club կաբարեում: Ակումբի դռների հետևում քաղաքական և տնտեսական քաոս է, ներսում՝ հավերժական տոն: Սալլիի համեմատաբար անհոգ կյանքում փոփոխություններ են տեղի ունենում, երբ նա հանդիպում է անգլիացի գրող Բրայանի (Մայքլ Յորք) և հարուստ գերմանացի փլեյբոյի՝ Մաքսի (Հելմուտ Գրիմ) հետ:
Ֆիլմը կարող եք դիտել այստեղ
«Կին–ձա–ձա» (Кин-дза-дза!)
Վրացական ծագմամբ խորհրդային ու ռուս դերասան, կինոռեժիսոր, սցենարիստ Գեորգի Դանելիայի 2 մասից բաղկացած լիամետրաժ գեղարվեստական ֆիլմը Վարպետ Վլադիմիր Նիկոլաևիչ Մաշկովի (Ստանիսլավ Լյուբշին) մասին է, ով նույնիսկ չէր կասկածում, որ հաց և մակարոնեղեն գնելու ճանապարհը կհանգեցնի միջգալակտիկական ճանապարհորդությունների: Եվ այս ամենը սկսվեց մեծ պայուսակով ուսանողին հանդիպելուց հետո, ով իր հետ ուներ, ինչպես ինքն էր ասում, «տեղափոխության սարք»: Սարքի կոճակը սեղմելուց հետո նա երիտասարդի հետ հայտնվում է անապատում, որը սովորական անապատ չէ…
Ֆիլմը կարող եք դիտել այստեղ
«Ստալկեր» (Сталкер)
Ռեժիսոր և սցենարիստ Անդրեյ Տարկովսկու «Ստալկեր» ֆիլմում պատմվում է մի արգելված գոտու մասին, որտեղ, ըստ շշուկների՝ կա մի սենյակ, որտեղ իրականանում են ամենանվիրական երազանքները: Դեպի այդ սենյակն են ուղևորվում ժամանակակից Գրողը (Անատոլի Սոլոնիցին) և հեղինակավոր Պրոֆեսորը (Նիկոլայ Գրինկո). յուրաքանչյուրն ունի իր պատճառները, որոնց մասին նախընտրում են չխոսել:
Իսկ այնտեղ նրանց ուղեկցում է Ստալկերը (Ալեքսանդր Կայդանովսկի):
Ֆիլմը կարող եք դիտել այստեղ
«Թռիչք կկվի բնի վրայով» (One Flew Over the Cuckoo՚s Nest)
1975 թվականին ռեժիսոր Միլոշ Ֆորմանի կողմից նկարահանված գեղարվեստական ֆիլմը Ռենդլ ՄակՄյորֆիի (Ջեք Նիկոլսոն) մասին է, ով բանտից տեղափոխվում է հոգեբուժարան, որտեղ տիրում են հոգեբուժարանի գլխավոր բժշկուհու՝ Ռետչեդի (Լուիզա Ֆլեթչեր) սահմանած կանոնները:
ՄակՄյորֆիին զարմացնում է, որ մյուս հիվանդները համակերպվել են ստեղծված իրավիճակի հետ, իսկ ոմանք նույնիսկ ինքնակամ են եկել հոգեբուժարան: Եվ նա որոշում է ապստամբել: Միայնակ:
Ֆիլմը կարող եք դիտել այստեղ
«Շինդլերի ցուցակը» (Schindler’s List)
Ամերիկացի կինոռեժիսոր Սթիվեն Սփիլբերգի ֆիլմը պատմում է նացիստական կուսակցության անդամ, հանելուկային Օսկար Շինդլերի (Լիամ Նիսոն) մասին, ով Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում փրկում է մոտ 1200 հրեաների։
Ֆիլմը կարող եք դիտել այստեղ
«Անճոռնի ճուտիկը» (Гадкий утёнок)
Ռուս անիմատոր-նկարիչ, անիմատոր-ռեժիսոր, սցենարիստ և դերասան Գարի Բարդինի առաջին լիամետրաժ մուլտֆիլմը՝ «Անճոռնի ճուտիկը», պատմում է մի տարօրինակ, բոլորից տարբերվող ճուտիկի մասին: Բոլոր տնային թռչունները նրան տգեղ են համարում: Տվյալ մուլտֆիլմում ճուտիկը պլաստիլինե բադիկ է՝ ի տարբերություն մյուս թռչունների, որոնք ունեն փետուրներ:
Ֆիլմը կարող եք դիտել այստեղ
«Հեքիաթների հեքիաթը» (Сказка сказок)
Յուրի Նորշտեյնի մուլտիպլիկացիոն ֆիլմը պատմում է հիշողության մասին, որը հեղինակին անընդհատ վերադարձնում է պատերազմի թեմային: Ֆիլմում օգտագործված են Բախի և Մոցարտի աշխատանքները, ինչպես նաև երեսնականների հանրաճանաչ երաժշտություններ։
Ֆիլմը կարող եք դիտել այստեղ
Անի Գաբուզյան