Մակարավանքը 13-րդ դարի հայկական վանական համալիր է: Գտնվում է Տավուշի մարզում, Աչաջուր գյուղից 3 կմ դեպի հարավ-արևմուտք: Պատմական Մահկանաբերդի հոգևոր ու մշակութային կենտրոն Մակարավանքը միջնադարյան ճարտարապետական նշանավոր համալիրներից է, հարդարանքի և հատկապես քանդակազարդերի նրբությամբ ու կատարելությամբ հայ մշակույթի անկրկնելի նմուշներից մեկը։
Այն նաև ճարտարապետական կառուցվածքների ու բնության ներդաշնակության մի հոյակապ օրինակ է։ Իր զարդաքանդակների ինքնատիպությամբ, հարստությամբ և բազմազանությամբ դասվում է Աղթամարի, Բղենո-Նորավանք վանական համալիրի, Գանձասարի շարքին և կարևոր տեղ գրավում հայ ճարտարապետության մեջ: