Երեք տարի անց Լուիզա Ղամբարյանը վերադառնում է սերիալներ. bravo.am (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Երեք տարի անց Լուիզա Ղամբարյանը վերադառնում է սերիալներ. bravo.am

Լուիզա Ղամբարյանի աշխատանքային առօրյան այժմ խիստ հագեցած է: Երկար դադարից հետո նա պատրաստվում է ներկայանալ երկու նոր սերիալում, ինչպես նաև երկու նոր թատերական ներկայացումներում: Իր մասնակցությամբ նոր նախագծերի մասին դերասանուհին պատմել է BRAVO.am-ին:

«Այս երեք տարիների ընթացքում եղան առաջարկներ, որոնք տարբեր պատճառներով իմ կողմից հավանության չարժանացան: Բայց շուտով` դեկտեմբեր 4-ից, Հանրային հեռուստաընկերությամբ կցուցադրվի «Բացիր աչքերդ»  40 մասանոց նոր սերիալը, որտեղ ներկայանում եմ բավական նոր և ուրույն կերպարով` փոքր-ինչ չոր և զուսպ բնավորությամբ: Մարմնավորելու եմ ծերանոցի տնօրենի կերպարը, ով ծանր կյանքով է ապրել, բայց մի շրջափուլից հետո նրա վերաբերմունքը փոխվելու է կյանքի հանդեպ, իսկ չոր բնավորությունը՝ փափկելու: Այսինքն` սերը կփոխի ամեն ինչ… Կարծում եմ՝ շատ հետաքրքիր է լինելու»,- ասաց Լուիզան:

Մյուս նախագիծը, որին մասնակցելու է դերասանուհին, եթեր կհեռարձակվի եկող տարվա սկզբին՝ «Արմենիա Պրեմիում» հեռուստաալիքով: Լուիզա Ղամբարյանի խոսքով՝ նկարահանումներն արդեն մեկնարկել են, բայց մանրամասներ պատմելը դեռ վաղ է:

Հեռուստատեսային այս դադարի ընթացքում նա ակտիվորեն ներգրավված է եղել թատերական ներկայացումներում: Հիմա էլ պատրաստվում են նոր ներկայացում բեմադրել` Թեննեսի Ուիլյամսի «Տրամվայ «Ցանկություն»» պիեսի հիման վրա: Հայ թատրոնի պատմության մեջ արդեն երկրորդ անգամ է բեմադրվում ամերիկացի հեղինակի այս հայտնի ստեղծագործությունը: Մինչ օրս Սուրեն Շահվերդյանի բեմադրությունը Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի խաղացանկում է և անցնում է հանդիսատեսի ջերմ ընդունելությամբ ու լեփ-լեցուն դահլիճով: Գլխավոր դերերում հանդես են գալիս Նելլի Խերանյանը և Մուրադ Ջանիբեկյանը:

Այժմ Սուրենը նույն պիեսը բեմադրում է Հ. Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնում՝ այս անգամ արդեն նոր դերասանների մասնակցությամբ:

«Սա հրաշալի գործ է: Վստահ եմ` թե՛ հանդիսատեսի, և թե՛ դերասանների համար շատ հետաքրքիր է լինելու: Գլխավոր դերերում հանդես ենք գալու ես և Ստեփան Ղամբարյանը. որոշել ենք Ղամբարյաններով ներկայանալ բեմում (ժպտում է,- հեղ.): Ես հանդես եմ գալու Բլանշի կերպարում: Հիմա փորձասենյակային աշխատանքներ են տարվում, կարծում ենք` փետրվարի վերջին արդեն հանդիսատեսի դատին կհանձնենք»,- նշեց Լուիզան: Ի դեպ, BRAVO.am-ն առաջիկայում առավել մանրամասն կպատմի ներկայացման մասին:

Ամբողջությամբ՝ bravo.am