«Մեդիալաբի» զրուցակիցն է իմպրեսիոնիստ Արա Ղևոնդյանը:
– Դուք հիմնականում նկարում եք գեղեցիկ ծաղիկներ` ծաղկամաններում, ես շատ եմ սիրում նայել նրանց: Դուք Ձեզ իմպրեսիոնիստ համարո՞ւմ եք:
– Ես` այո՛, բայց հարց է, թե իրենք կհամարե՞ն… Ախր, շատ եմ սիրում իմպրեսիոնիստներին ու իմպրեսիոնիզմը:
– Իմպրեսիոնիստներից հատկապես ո՞ւմ կարծիքն է կարևոր, կոնկրետ ումի՞ց է կախված Ձեզ` իրենց շարքերն ընդունել–չընդունելու հարցը:
– Սիրելիներս վաղուց չկան, ուր է թե լինեին… (ժպտում է – Մ.Բ.):
– Մոնե՞, Մանե՞, Դեգա՞, Սիսլե՞յ…
– Մոնե, ինձ համար նա Աստղ է:
– Ինչո՞ւ հատկապես նա:
– Դեռահաս տարիքում, երբ առաջին անգամ տեսա Մոնեի ծովը, քարացա. ծփում էր:
– Դրանից հետո՞ ինչ–որ բան որոշեցիք:
– Չէ՛, սերը մնաց, իհարկե, որոշելու խնդիր չկար, «սերը սրտում դաս էի սերտում»:
– Արա՛, իհարկե, կարելի է բացել վիքիպեդիան և այնտեղ կարդալ, թե ինչ է իմպրեսիոնիզմը, բայց ինձ Ձեր բանաձևումն է հետաքրքիր` ի՞նչ է իմպրեսիոնիզմը:
– Գիտենք, որ հիմքում «տպավորություն» բառն է: Իմ կարծիքով` դա վերաբերմունք է, նկարչի տեսանկյուն, դիտակետ, սեր:
–Լուսանկարչության ի հայտ գալը համընկավ բնության պատկերային մեկնաբանության ավարտին: Նոր նկարչությունը այլևս ոչ թե մեկնաբանում էր Աստծո ստեղծած աշխարհը, այլ ստեղծում զուգահեռը` սկզբունքորեն տարբեր: Ըստ Ձեզ` ինչպե՞ս փոխվեց իմպրեսիոնիզմի խնդիրը լուսանկարչության հետ:
– Ինչ վերաբերում է գյուտին, հակառակը, դա ստիպեց ստեղծագործողներին ազատվել էդ բոլոր ոչ ստեղծագործական բաներից, որոնք ստիպված էին անել: Գիտությունը զարգացավ, հիմա էլեկտրոնիկայով հնարավոր է ֆանտաստիկ խորություններ ստանալ, վարվել հնչյունի հետ ինչպես ուզում են: Բայց ակուստիկ գործիքը դրանից ավելի շահեց, կարծում եմ:
– Վերջերս Մոսկվայում հայ իմպրեսիոնիստների ցուցահանդես էր, տեղյա՞կ եք:
– Դե, հատուկ չեմ տեղեկացվել, համացանցում գտա ու դիտեցի մի քանի գործ:
– Եվ ի՞նչ կարծիք ունեք ժամանակակից իմպրեսիոնիստների գործերի մասին:
– Մարինա՛ ջան, էստեղ պիտի զսպեմ խոսելու ցանկությունս. ես տեսաբան չեմ, կարող եմ դատել որպես նկարիչ: Ախր, նկարիչ լինելն էլ Աստծո տված կոչում է: Ամեն ստեղծագործող իր գործն է անում, ես չեմ կարող իրատեսորեն խոսել:
– Իմպրեսիոնիստ ընկերներ ունե՞ք:
– Մեր քաղաքում (Վանաձորում – Մ.Բ.) եղել են ու կան լավ նկարիչներ, կարոտում եմ նրանց, որոնք արդեն մեզ հետ չեն: Նրանք մեծ շուք ու հմայք էին տալիս տարին երկու անգամ կազմակերպվող հաշվետու ցուցահանդեսներին, նրանց հատկացվող «պատերը» դատարկ են կարծես ու` կմնան: Իսկ ինչ վերաբերում է «իզմ»-երին, դա թողնենք տեսաբաններին:
– Վանաձորում, անգամ` Երևանում սալոններ չկան, բայց ընկերներով չե՞ք հավաքվում արվեստանոցներում, չե՞ք քննարկում միմյանց գործեր:
– Երևանի կյանքին տեղյակ չեմ, գիտեմ, որ մասնավոր պատկերասրահներ կան, Վերնիսաժ, կյանքը եռում է` մերի հետ համեմատ… Երբեմն ընկերներ են այցի գալիս, կարոտներս առնում ենք իրարից, զրուցում: Հանդիպումից հետո նկարիչը գնում ու իր անելիքն է անում իր ձևով, դա խոսքերից էլ լավ է: Դիմացինի արած-զգացածը քննարկելն անօգուտ բան է:
Հարցազրույցը` Մարինա Բաղդագյուլյանի
Ամբողջը՝ medialab.am