Ինչպե՞ս վերապրել ամուսնալուծությունը. Հոգեբանի 5 խորհուրդ
Advertisement 1000 x 90

Ինչպե՞ս վերապրել ամուսնալուծությունը. Հոգեբանի 5 խորհուրդ

Ապահարզանը մարդու կյանքում ամենածանր իրադարձություններից մեկն է, անգամ եթե նա է դրա նախաձեռնողը։ Թե ինչպես կարելի է վերապրել ամուսնալուծությունը և պատրաստվել նոր հարաբերությունների, NEWS.am Medicine-ի հետ զրույցում պատմել է ընտանեկան հոգեբան Ելենա Շամովան։

  1. Ազատ ժամանակն ինչ-որ հետաքրքիր բանով լցրեք։ Անցյալում, երբ դուք զույգ էիք, միմյանց և համատեղ զբաղմունքներին շատ ժամանակ էիք հատկացնում։ Ամուսնալուծվելուց հետո այդ ժամանակն ազատ է մնում և ցանկալի է այն լցնել ինչ-որ հաճելի և հետաքրքիր բանով՝ որևէ հետաքրքիր տեղ գնալ (կինո, թատրոն, օպերա, ցուցահանդես), ընկերների հետ շփվել, սպորտով զբաղվել: Այս ամենը կօգնի չկենտրոնանալ ցավ պատճառած իրադարձության շուրջ մտքերի վրա:
  2. Աշխատեք մենակ չմնալ: Եթե ծանր ապրումների մեջ եք, մի հրաժարվեք ընկերների աջակցությունից, խոսեք նրանց հետ, կիսվեք ձեզ մտատանջող մտքերի մասին:
  3. Մի փորձեք անմիջապես նոր հարաբերություններ հաստատել: Ոմանց կարող է թվալ, որ եթե ապահարզանից անմիջապես հետո մեկ ուրիշին հանդիպեն, ամուսնալուծությունն ավելի հեշտ կվերապրեն: Իրականում, սակայն, ամեն ինչ այդքան էլ պարզունակ չէ: Ինչպես նշեց հոգեբանը, եթե անմիջապես նոր հարաբերություններ հաստատեք, չեք հասցնի էմոցիոնալ առումով վերապրել, ինքներդ ձեզ համար նախորդ հարաբերություններն ավարտել: Ավելին՝ նոր հարաբերությունները երկարաժամկետ չեն լինի, և դուք կկատարեք այն նույն սխալները, ինչ նախորդ անգամ:
  4. Անցեք բաժանման բոլոր փուլերով: Ինչպես նշեց Ելենա Շամովան, էմոցիոնալ բաժանումը փաստացիից ավելի վաղ է տեղի ունենում և, որպես կանոն, ավելի ուշ է ավարտվում: Էմոցիոնալ բաժանումը սկսվում է այն ժամանակ, երբ հարաբերությունները դադարում են զույգին տալ այն, ինչ նախկինում են տվել՝ փոխըմբռնում, ներդաշնակություն և այլն: Երբ զուգընկերներից մեկն այնպիսի զգացողություն է ունենում, որ հարաբերությունները իմաստազուրկ են՝ դա արդեն էմոցիոնալ բաժանման սկիզբն է: Ապահարզանի փաստաթղթերը ստանալուց հետ այն կշարունակվի ևս որոշ ժամանակ:

Ինչպես նշեց հոգեբանը, հարաբերությունները որքան էլ շարունակվեն՝ կես կամ 10 տարի, միևնույն է՝ կվերապրեք հարաբերությոնները խզելու մի քանի փուլեր: Սկզբում ցնցում կլինի, դա ընդունելու անկարողություն՝ չեք հավատա, որ այդ ամենն իսկապես տեղի է ունենում: Ձեզ զուգընկերն, ավելի շուտ, կհրապուրի, և դուք կցանկանաք նրան վերադարձնել: Այնուհետև կլինեն ագրեսիայի փուլերը (վիրավորանք, չարություն՝ թե՛ քո, թե՛ զուգընկերոջ հանդեպ) և դեպրեսիա (ապատիա, ինչ-որ բան անելու ցանկության բացակայություն): Այս փուլերը կարող են տևել մինչև 1-1,5 տարի: Հոգեբանը նշեց, որ ցանկալի է դրանք վերապրել, որպեսզի ինքներդ ձեզ համար այդ հարաբերությունները վերջնականապես ավարտեք:

  1. Եթե ձեզ շատ վատ եք զգում, մասնագետի դիմեք, որը կօգնի տեղի ունեցողն ավելի արագ և հեշտ վերապրել ու նոր հարաբերությունների պատրաստվել:

«Կանքը չի ավարտվում ամուսնալուծությամբ: Եթե կարողանաք ամեն ինչ վերլուծել և հասկանալ, թե ինչ է տեղի ունեցել այդ հարաբերություններում, ապա ապագա հարաբերություններում այդ բոլոր սխալներից խուսափելու հնարավորություն կունենաք»,- նշեց հոգեբանը:

med.news.am