Ռուբինյաններ
Advertisement 1000 x 90

Ռուբինյաններ

Պատմաբան Վահե Անթանեսյանը իր միկրոբլոգում ներկայացրել է Ռուբինյան տոհմի պատմությունը:

Հայոց պատմությունը շատ դեպքերում, զուրկ է օրինաչափությունից և տրամաբանությունից: Ահավասիկ, 1045 թվականին, պատմական հայրենիքում, գրեթե առանց պայքարի, առանց կռվի, օտարին նվիրեցինք ազգային պետականությունը՝ Բագրատունիների թագավորությունը, բայց, ուղիղ 35 տարի անց, պատմական հայրենիքի սահմաններից անդին, Լեռնային Կիլիկիայում, Ռուբեն Բագրատունին մի բուռ քաջերով պայքարի ելավ հզոր Բյուզանդական կայսրության դեմ, հաղթանակեց և հիմք դրեց Ռուբինյանների անկախ իշխանապետության, որ մեկ դար անց պետք է թագավորություն դառնար…

Կիլիկիայում հայերը բնակվել են անհիշելի ժամանակներից: Արտաշեսյանների օրոք Կիլիկիան որոշ ժամանակ նաև Մեծ Հայքի թագավորության մաս է կազմել: Իսկ 11-րդ դարի սկզբից, երբ Վասպուրականի վերջին թուլակամ թագակիրը՝ Սենեքերիմ Արծրունին, 1021 թվականին կազմակերպեց ամոթալի գաղթը, շատ հայեր բնակություն հաստատեցին Լեռնային Կիլիկիայում: Եվ 11-րդ դարում Կիլիկիայում հայությունն արդեն մեծամասնություն էր կազմում:

Այդ ժամանակաշրջանում Կիլիկիայում և հարակից շրջաններում Փիլարտոս Վարաժնունին և Գող Վասիլ Կամսարականը բավական ընդարձակ իշխանություններ էին ստեղծել: Սակայն, ցավոք, նրանց մահից հետո այդ պետական կազմավորումները երկար կյանք չունեցան:

Ռուբեն Բագրատունին Անվո վորջին գահակալ Գագիկ Բ Բագրատունու թիկնազորի հրամանատարն էր: Երբ 1045 թվականին Գագիկ Բ թողնելով Անին, հաստատվեց Կիլիկիայի սահմանագլխին, և 1079 թվականին սպանվեց բյուզանդացիների ձեռքով, Ռուբեն իշխանը ամրանալով Կիլիկիայում՝ Բարձրբերդ, Կոպիտառ և Կոռոմզոլ բերդերի շուրջ ստեղծեց զորեղ իշխանություն: 1080 թվականին նա Բարձրաբերդում ապստամբության դրոշ բարձրացրեց ու Լեռնային Կիլիկիայի այդ շրջանն անկախ հռչակեց Բյուզանդիայից: Բյուզանդական զորքերը ցանկացան ճնշել հայերի ելույթները, սակայն Ռուբենն իր շուրջը հավաքված քաջերով ջարդ տվեց ոսոխին:

Նոր ստեղծված իշխանապետությունը հիմնադրի՝ Ռուբեն Բագրատունու անունով կոչվեց Ռուբինյան:

Ռուբենը կառավարման 15 տարիների ընթացքում քաջությամբ ու անվեհերությամբ բազմիցս ջարդեց ոչ միայն բյուզանդական, այլև՝ սելջուկյան զորքերին և ամրապնդեց իր իշխանության դիրքերը տարածաշրջանում:

Հերոսը մահացավ ծեր հասակում և մարմինն ամփոփվեց Կաստալոնի վանքում:

Նրա մահից հետո իշխանությունը ժառանգեց որդին՝ Կոստանդին Ա (1095-1100): Չնայած, որ Կոստանդինը կարճ կառավարեց, իրեն փառավորեց մեծամեծ գործերով: Կարողացավ բյուզանդացիներից և սելջուկներից ազատագրել Լեռնային Կիլիկիայի մի շարք շրջաններ, կցել իր պետությանը: Կոստանդին Ա վերակառուցեց Վահկա բերդը, 1098 թվականին այն դարձրեց իր իշխանանիստը:

Կոստանդին Ա կառավարման տարիներին տեղի ունեցան խաչակրաց առաջին արշավանքները: Կոստանդին Ա դաշինք կնքեց խաչակիրների հետ, նրանց աջակցեց Եդեսիայի, Երուսաղեմի և Անտիոքի գրավման ժամանակ: Նա իր դստերը կնության տվեց Եդեսիայի դքսին, վերջինիս հետ բարեկամական պայմանագիր կապեց: Խաչակիրները Կոստանդին Ա շնորհեցին մարկիզի և դքսի կոչումներ: 1100 թվականին Կոստանդին Ա մահացավ, իր որդուն՝ Թորոս Ա (1100-1129) ավանդելով հզոր իշխանապետություն:

Թորոս Ա շարունակելով պապի և հոր քաղաքականությունը,  ավելի ամրապնդեց հայոց իշխանապետությունը Կիլիկիայում: 1104 թվականին նա ջախջախելով բյուզանդական զորքերին՝ իր իշխանապետությանը միացրեց Սիսն ու Անարբազան, ինչպես նաև՝ Դաշտային Կիլիկիայի մի հատվածը: 1107 թվականին Քեսունի իշխանության տիրակալի՝ Գող Վասիլի հետ Բերդուսի ճակատամարտում ջախջախեց Իկոնիայի սուլթանության զորքերին: Նա ևս խնամիական կապերով բարի դրացիական հարաբերություններ հաստատեց խաչակիրների իշխանությունների հետ: Կիլիկիայի հզոր իշխանապետը սուր ճոճեց նաև հանուն պատվի. 1111 թվականին գրավեց Կիզիստրա բերդը և տանջամահ արեց հույն Մանդալե եղբայրներին, ովքեր 1079 թվականին դավադրաբար սպանել էին հայոց գահազուրկ Գագիկ Բ արքային՝ մետաղալարով խողդամահ անելով և արքայի դին կախելով պարսպից:

Թորոս Ա կառուցեց Դրազարկի վանքը, որ դարձավ հայոց հոգևոր-մշակութային և գիտական հզոր կենտրոններից մեկը: Իր մահից հետո զորեղ իշխանի դին ամփոփվեց Դրազարկում:

Թորոս Ա արու զավակ չուներ և Կիլիկիո իշխանական գահը ժառանգեց նրա կրտսեր եղբայրը՝ Լևոն Ա (1129-1137): Լևոնի իշխանության առաջին տարիները բավական բարենպաստ էին հայոց համար: Նա նախ ջախջախեց սելջուկյան բանակները, ապա՝ խաչակիրներին և նրանց արտաքսեց Դաշտային Կիլիկիայից: 1132 թվականին Լևոն Ա ջարդեց նաև բյուզանդական զորքերին և ազատագրեց Կիլիկիո ծովափնյա քաղաքները՝ Տարսոնը, Մամեստիան, Ադանան: Լևոնը դաշինք կապեց Հալեպի Զանգի ամիրայի և Եդեսիայի կոմսության հետ, ուր կառավարիչն իր քրոջ որդին էր՝ Ջոսլինը և միասին ջախջախեցին Երուսաղեմի թագավորության և Անտիոքի դքսության զորքերին՝ ամրապնդելով իր իշխանության սահմանները հարավից: 1135 թվականին նա գրավեց Սելևկյան և Դաշտային Կիլիկիան ամբողջովին կցեց իր իշխանությանը:

1137 թվականին բյուզանդական կայսր Հովհաննես Բ մեծաքանակ զորքով արշավեց Կիլիկիայի դեմ: Նա ծուղակ պատրաստեց Լևոն Ա դեմ, կարողացավ գերել նրան ու Լևոնի ընտանիքը և գրավել Կիլիկիայի իշխանությունը: Օգտվելով առիթից՝ Կիլիկիայի հյուսիսային շրջանները բռնագրավեցին Իկոնիայի սուլթանության զորքերը:

Լևոն Ա և նրա ավագ որդի Ռուբենը մահացան Կոստանդնուպոլսի բանտում՝ գերության մեջ: Բայց 1145 թվականին մյուս որդին՝ Թորոսը, կարողացավ փախչել գերությունից, հասնել Կիլիկիա, համախմբել հայոց զինուժը և սոսկալի ջարդ տալով բյուզանդացիներին՝ վերականգնեց հայկական անկախ իշխանությունն ու գահակալեց որպես Թորոս Բ (1145-1169):

1151 թվականին Թորոսի տիրույթների վրա մեծաքանակ զորքով արշավեց բյուզանդական կայսր Անդրոնիկոս Կոմնենոսը: Մամեստիայի ճակատամարտում գիշերային անակնկալ հարձակումով Թորոս Բ գլխովին ջախջախեց բյուզանդական զորքերին: Հազարավոր զոհեր ու գերիներ տալով՝ բյուզանդական բանակը նահանջեց, իսկ Թորոս Բ ավելի ամրացրեց իր դիրքերը Դաշտային Կիլիկիայում: Նա ջարդեց նաև սելջուկների և Իկոնիայի սուլթանության զորքերին և ամրապնդեց հայոց իշխանությունը: 1162 թվականին Թորոսը դարձյալ ստիպված էր չափվել Բյուզանդիայի դեմ՝ Դաշտային Կիլիկիայի համար մղվող պայքարում: Հայոց զորեղ իշխանը դարձյալ հաղթող դուրս եկավ և վերջնականապես վտարեց բյուզանդացիներին Կիլիկիո սահմաններից:

1168 թվականին Թորոս Բ հիվանդացավ, հրաժարվելով իշխանությունից՝ կրոնավոր դարձավ Դրազարկի վանքում՝ գահը հանձնելով իր անչափահաս որդուն՝ Ռուբեն Բ (1168-1169): Շատ չանցած մահանում է Թորոսը: Նրա եղբայր Մլեհը, որ մինչ այդ գժտված էր Թորոսի դեմ և ծառայում էր Նուր-ադ-Դինի բանակում, վերադարձավ Կիլիկիա, եղբորորդուց խլեց իշխանությունը: Ռուբեն Բ Մլեհն աքսորեց Հռոմկլա՝ կաթողիկոս Ներսես Շնորհալու մոտ, ուր պատանին մահացավ:

Իշխանության գալով՝ Մլեհը ձեռնամուխ եղավ երկրի ամրացման ու հզորացման գործին: Նա նախ ճնշեց կենտրոնախույս ուժերին, ապա եկեղեցուն՝ հօգուտ պետության բռնագանձելով վանքերում կուտակված հսկայական հարստությունները: Դաշնակցելով շրջակա մահմեդական իշխանավորների, հիմնականում՝ Նուր ադ-Դինի հետ, նա ջախջախեց Կիլիկիային սպառնացող բյուզանդական և խաչակիրների զորքերին: Մլեհը զորեղ գահակալ էր և ընդլայնելով հայկական իշխանության սահմանները՝  առաջին քայլերը ձեռնարկեց Կիլիկիան թագավորություն հռչակելու: Մլեհի գործունեությունից դժգոհ էր հատկապես Հայ առաքելական եկեղեցին, քանզի նա դաշնակցելով իսլամական պետությունների դեմ՝ հանուն հայրենիքի իր սուրն ուղղում էր քրիստոնյա երկրների դեմ: Արդյունքում՝ 1175 թվականին զորեղ ու հայրենասեր այս իշխանն սպանվեց պալատական դավադրության հետևանքով:

Մլեհն անժառանգ մահացավ և գահն անցավ նրա Ստեփանե եղբոր որդուն՝ Ռուբեն Գ (1175-1187), ով Տարսոնի Սուրբ Սոֆիա տաճարում օծվեց որպես հայոց մեծ իշխան: Օգտվելով Մլեհի մահից՝ բյուզանդացիներն ակտիվացան և Ռուբեն Գ խլեցին Դաշտային Կիլիկիայի Տարսոն, Ադանա և Մամեստիա քաղաքները: Հավաքելով ուժերը՝ Ռուբեն Գ իր եղբայր Լևոնի հետ հակահարված հասցրեց Բյուզանդիային և վերագրավեց կորցրածը: 1180 թվականին հայկական բանակը Բյուզանդիային հասցրեց վերջին՝ վճռական հարվածն ու վերջնականապես դուրս շպրտեց Կիլիկիայի սահմաններից:

Ռուբեն Գ բարեկամական հարաբերություններ հաստատեց Երուսաղեմի թագավորության հետ՝ ամուսնանալով թագավորի ազգականուհի Իզաբելի հետ:

Շուտով սակայն, Հեթում Հեթումյան իշխանի դավադիր գործակցությամբ, Կիլիկիայի դեմ ոտնձգություններ սկսեց Անտիոքի դքսությունը: Անտիոքի դուքս Բոհեմունդը խաբեությամբ կալանավորեց Ռուբեն Գ իշխանին և որպես փրկագին նրանից պահանջեց հարկ և Կիլիկիո հարավ-արևելյան շրջանները:

Ռուբենի եղբայրը՝ հայոց սպարապետ Լևոնը, փրկագնեց հայոց իշխանին, ապա՝ Թիլ-Համտունի ճակատամարտում գլխովին ջախջախելով Անտիոքի դքսության զորքերը, ոչ միայն հետ բերեց կորցրածը, այլև՝ կախման մեջ գցեց ոսոխին՝ նրա հյուսիսային շատ ամրոցներ ու հողեր միացնելով Կիլիկիայի հայկական իշխանությանը: Այս դեպքերից հետո Ռուբեն Գ հրաժարվեց իշխանությունից, որպես կրոնավոր մտավ Դրազարկի վանք, ուր էլ՝ մահացավ:

Կիլիկիայի հայկական իշխանության գահակալ դարձավ Լևոն Բ Մեծագործը (1187-1219):

Իշխանության գալով՝ Լևոն Բ ստիպված էր անընդմեջ պատերազմներ մղել Կիլիկիային սպառնացող թշնամիների դեմ: Նա նախ ջախջախեց Իկոնիայի, ապա՝ Եգիպտոսի սուլթանության զորքերին: Ապա, իր սուրն ուղղեց Բյուզանդիայի դեմ և նրանից գրավեց Սելևկյան, Իսավրիան, երկրամասերը կցելով Կիլիկիային:

Լևոն Բ պայմանավորվածություն ձեռք բերեց Երկրորդ խաչակրաց արշավանքների ղեկավարի՝ Գերմանիայի Ֆրիդրիխ Բարբարոսա կայսեր հետ, համաձայն որի, հայոց իշխանն աջակցում է խաչակիրներին, իսկ վերջիններս Կիլիկիայի պետությունը ճանաչում են թագավորություն՝ Լևոնին թագ ուղարկելով: Ի դեպ, այս պայմանավորվածության դեմ հանդես եկավ հայոց կաթողիկոսը, ով, արաբական աղբյուրների հավաստմամբ՝ հայոց բանակի և խաչակիրների շարժի մասին գաղտնի տեղեկացնում էր մահմեդականներին…

Ապա հայոց զորեղ իշխանը դիմակայեց Եգիպտոսի սուլթան Սալահ ադ-Դինի զորքերին: Սալահ ադ-Դինի արշավանքը տապալվեց, քանզի վճռական ճակատամարտի նախօրեին նա հանկարծամահ եղավ: Իսկ հայոց իշխանը արշավեց Անտիոք և Անտիոքի դքսությունն իրեն ենթարկեց:

Ի վերջո, երկար բանակցություններից հետո, Լևոն Բ թագ ստացավ: 1198 թվականի հունվարի 6-ին, Տարսոնում նա հանդիսավորությամբ թագադրվեց: Արքայի թագադրմանը դեսպաններ և ներկայացուցիչներ էին ուղարկել Եվրոպայի բոլոր մեծ պետությունները, հարևան սուլթանությունները: Ներկայացուցիչ չէին ուղարկել միայն Հայ առաքելական եկեղեցու արևելյան կողմի վարդապետները՝ բուն Հայաստանից…

Գահակալման ընթացքում Լևոնը շատ մեծագործություններով աչքի ընկավ: Հայոց արքան մահացավ 1219 թվականին: Լևոն Բ արու զավակ չուներ: Գահը ժառանգած արքայադուստր Զապելը 1226 թվականին ամուսնացավ իշխան Հեթում Հեթումյանի հետ, որով էլ Կիլիկիայի հայոց թագավորության գահին դինաստիական փոփոխություն կատարվեց…



Նման նյութեր