Ես մի կին եմ, ով ամուսնալուծվել է 7 տարվա ամուսնությունից հետո: Հիմնվելով իմ փորձի վրա՝ ուզում եմ ձեզ հետ կիսվել մի քանի անկյունաքարային հասկացություններով, որոնք ես իմացա իմ ընտանեկան կյանքի ընթացքում: Միայն ամուսնալուծվելուց հետո ես հասկացա, որ մենք՝ կանայքս, ամուսնության պահպանման համար նույնքան պատասխանատվություն ենք կրում, որքան տղամարդիկ: Այս խորհուրդները ես գրել եմ կանաց համար, բայց հավանական է, որ դրանք հետաքրքրեն նաև տղամարդկանց:
Միշտ լավագույնը փնտրեք ու գտեք նրա մեջ: Կենտրոնացեք նրա լավագույն գծերի վրա, այլ ոչ թե այն բանի, թե ինչը ձեզ դուր չի գալիս ձեր ամուսնու մեջ:
Զբաղվեք սիրով հաճախ և շատ, հատկապես, երբ դա ձեզ այնքան էլ դուր չի գալիս: Դա այն սպեղանին է, որը շատ վերքեր է բուժում, որոնք մենք ամուսնության ընթացքում հասցնում ենք միմյանց: Եթե դուք զգում եք, որ հեռանում եք ձեր ամուսնուց, նշանակում է, եկել է ժամանակը հագուստները հանելու ու մտերմանալու:
Լսեք հաջողակ ամուսնական կյանքով ապրող տարեց և իմաստուն կանանց խորհուրդները: Տաք գլխով հնարավոր չէ ճիշտ որոշումներ կայացնել: Հիշեք, որ մեր հասակակիցների խորհուրդները չեն կարող հավասարվել տարեց կանանց կարծիքին:
Թողեք, որ նա ուշքի գա: Նա ձեզ չի անտեսում, պարզապես տղամարդիկ հակված են ժամանակ առ ժամանակ պարփակվել լուրջ խնդիրների լուծման ժամանակ:
Մի փորձեք փոխել կամ ուղղել նրան: Յուրաքանչյուրն այս կյանքում իր ճանապարհն ունի:
Հիշեցրեք նրան, որ նա ամենալավն է, ամենաուժեղը, ամենախելացին և ամենատղամարդկային արժանիքներով օժտվածը: Տղամարդիկ, որպես կանոն, մոռանում են այդ մասին:
Ձեր ամուսինը հենց ձեզ է ընտրել: Երբեք մի մոռացեք այդ մասին, բայց և մի ընդունեք նրա որոշումը՝ որպես ինքնին պարզ ու օրինաչափ բան:
Ծիծաղեք նրա կատակների վրա, անգամ, եթե դրանք բոլորովին էլ ծիծաղելի չեն:
Ձեր արձագանքների համար պատասխանատվություն կրեք: Կինը պետք է լիովին գիտակցի իր զգացմունքները և այն, թե ինչպես է ինքն արձագանքում ամուսնու գործողություններին: Նա ևս պարտավոր է այդպես անել:
Պատրաստեք նրա համար այդ գրողի տարած բուտերբրոդը:
Ձեր տղամարդուն թույլ տվեք ուղղակի լինել: Երբ վրա հասնեն բարդ ժամանակներ, հանգիստ ու քնքույշ եղեք: Նրան իր ուժերի վրա վստահ լինելու հնարավորություն նվիրեք:
Մոռացեք ձեր պահանջների մասին, երբ նա տուն է վերադառնում: Թողեք, որ մի քիչ թուլանա:
Սիրեք նրան այնպես, ինչպես ինքն է ուզում, այլ ոչ թե այնպես, ինչպես մտածում եք, որ նրան պետք է: Իմացեք սիրո տարբեր լեզուներ: Ցույց տվեք, որ սիրում եք նրան այն եղանակով, որը նա ամենալավն է հասկանում:
Ձեզ ստիպեք գեղեցիկ տեսք ունենալ: Որքան կանացի լինեք, այնքան նա տղամարդ կլինի:
Նրա կողքին եղեք: Նվիրեք նրան ձեր ժամանակն ու ուշադրությունը, երբ նա դրա կարիքն ամենաշատն ունի:
Երբեք նրա ներկայությամբ այլ տղամարդկանց մասին մի խոսեք, անգամ, եթե նրանք գոյություն ունեն սոսկ ձեր երևակայության մեջ կամ ֆիլմերի հերոսներ են: Անգամ, երբ նրան ասում եք, որ նա ավելի սեքսուալ է, քան այն տղան: Տղամարդկանց մեծամասնությունն առանց այդ էլ վստահ է դրանում: Այդ պատճառով էլ ուրիշների հետ համեմատությունը կարող է վիրավորել նրանց:
Պատրաստ եղեք գրգռել նրան: Նրան հասկացրեք, որ անընդհատ ուզում եք նրան, որ նա չափազանց ցանկալի է, ու դուք միշտ նրա կարիքն ունեք:
Երբեք խորհուրդներ ստանալու համար մի դիմեք անծանոթ մարդկանց համացանցից: Նրանք ձեզ չեն ճանաչում, և կարող են խորհուրդ տալ հիմարություններ, որոնք կիրառելի չեն կամ անտեղի են ձեր ամուսնության պարագայում:
Նրան ժամանակ տվեք: Ամուսնության մեջ պահեր են լինում, երբ ամուսիններից յուրաքանչյուրին պետք է լինում սեփական նոր Ես-ը գտնել, (քանի որ մարդը փոփոխական է), մինչև կկարողանաք շարունակել վստահելի հարաբերությունները:
Խոցելի եղեք: Մի վախեցեք ձեր ամուսնուն պատմել ձեր վախերի ու զգացմունքների մասին: Տղամարդիկ զգում են, երբ մենք ինչ-որ բան ենք թաքցնում նրանցից, և նրանք գնահատում են, երբ մենք բաց ենք լինում նրանց առաջ ու վստահում ենք: Պարզապես ընդունեք ձեր սխալները: Ասեք, որ զղջում եք ձեր ցուցաբերած վարքի համար:
Թույլ տվեք ձեր ամուսնուն ձեզ սիրել այնպես, ինչպես ինքն է ուզում: Դադարեք սիրո՝ նրա հասկացողությունը համեմատել ձեր սեփական իդեալների հետ: Անընդհատ համեմատություններ անելով՝ դուք կարող եք բաց թողնել ձեր ամուսնության ամենագեղեցիկ պահերը:
Մի վախեցեք բացվել: Ժամանակի հետ դա ձեր միջև մեծ վստահություն կստեղծի:
Երբեք, լսո՞ւմ եք, երբեք ձեր ամուսնուն չփորձեք քննադատել այլ մարդկանց ներկայությամբ: Նրա թիկունքը միշտ հուսալիորեն պաշտպանված պետք է լինի, և այդ պաշտպանը դուք պետք է լինեք: Եթե ձեզ պետք է քննարկել նրա բառերը կամ արարքները, դա արեք, երբ միայնակ եք, միայն երկուսով: Ոչ ոք չի ուզում մեղավոր երևալ: Քննարկումից և սխալն ուղղելուց հետո ներեք ձեր ամուսնուն ու մոռացեք կատարվածի մասին:
Գտեք ընդհանուր հետաքրքրություններ, նպատակներ և երազանքներ: Բացի դրանից, գտեք այն բանը, ինչին երկուսդ էլ հավատում եք: Երբեք մի դադարեք միասին աճել: Շատ ծիծաղեք: Կրկին ու կրկին սիրահարվեք միմյանց:
Հարգեք նրան: Երբեմն մենք առաջ շարժվել չենք կարողանում, քանի որ մեր գլխում արդեն ստեղծել ենք այն ամուսնու կերպարը, որի գոյությունն արդարացնում է մեր սեփական թուլությունը: Նրա մեջ տեսնելով մեր երևակայածի լոկ ծաղրանկարը՝ դուք չեք կարող իմանալ, թե ինչպիսին է նա իրականում: Այն, ինչ դուք մտածում եք ձեր ամուսնու մասին, միշտ չէ, որ իրականությանը համապատասխանում է:
Թույլ մի տվեք, որ ֆինանսական հարցերը կանգնեն ձեր միջև:
Հիշեք, որ ձեր ամուսինն է ձեզ օգնել դառնալ այն կինը, որն այսօր կաք: Ձեր ցանկացած խնդրի մասին խոսեք այն ժամանակ, երբ դրանք ի հայտ են գալիս, փոխանակ դրանց դեմ մի ամիս անց պայքարեք:
Ներեք: Թույլ մի տվեք, որ կատարվածը ձեզ կամ ձեր ամուսնուն պահի մեղքի պատանդի կարգավիճակում:
Չարժե թերագնահատել հասարակ հպումների ուժը: Երբեմն դրանք կարող են ասել այն, ինչը դժվար է արտահայտել բառերով:
Միշտ ընտրեք սերը: Սերը գործողություն է, այլ ոչ էմոցիա: Բաց մի թողեք այն:
Սիրեք և սիրված եղեք:
Նյութը հրապարակման պատրաստեց Սոֆա Պետրոսյանը