Այսօր լույս աշխարհ է եկել լրագրող, հեռուստամեկնաբան Աբրահամ Գասպարյանի և «Առավոտ լուսո» հաղորդաշարի ավագ խմբագիր Արփինե Հարությունյանի երկրորդ որդին։ Tert.am Life–ի հետ զրույցում Աբրահամն ասաց, որ երկրորդ որդու ծննդին երկար են սպասել։
Ծնողները փոքրիկին տվել են Վահան անունը։ Աբրահամը նշեց, որ անվան ընտրությունը շատ կարևոր է։ Զույգի համար առաջնային է եղել որդու համար բացառապես ազգային արմատով անուն ընտրելը. «Անունների եռյակ էինք որոշել։ Դրանք պետք է հայկական լինեին, որովհետև անունը նաև ճակատագիր է։ Ես ու կինս սիրում ենք այս անունը։ Վահան անունը տալով մեր երեխային` լիահույս ենք, որ Աստված իր համար վահան կլինի ամբողջ կյանքում»։
Երջանիկ հայրիկի խոսքով՝ զգացմունքները նկարագրելու համար տասը մամուլը չի բավականացնի։ «Սա մարդու գիտակցական կյանքի, սիրո, նվիրման պատրաստակամության արգասիք է, ոչ թե զուտ տեխնիկական, քանակական համալրման խնդիր։ Երկար ժամանակ նախապատրաստված քայլ էր, Աստծո կամքով ամեն ինչ բարեհաջող ընթացավ ու երեխան ծնվեց»,– ասաց նա։
Հեռուստամեկնաբանն արդեն տեսել է նորածին որդուն: «Սպասումի զգացողությունը, 9 ամսվա հոգևոր դատարկությունը միանգամից լցրեց։ Ինձ զսպեցի և չկծեցի երեխու տուտուզը։)»։
Զույգի ավագ որդին` Գևորգը, մայրիկի հղիության ընթացքում շատ հոգատար է եղել և նույնիսկ հեքիաթներ կարդացել եղբոր համար։ Նա դեռ չի տեսել եղբորը։ Հայրը նշեց, որ եղբայրներն այսօր, անպայման, կհանդիպեն։ «Վերջին 4-5 ամիսներին նա մեզ հավասար գուրգուրում էր երեխային։ Շատ էր սպասում, ամբողջ օրվա ընթացքում օգնում էր մորը, որպեսզի իր ապերիկը, հանկարծ, վատ չզգա»,– նկատեց Աբրահամը։
Երբ երեխան սովորում է տան միակը լինել, երբեմն, առաջ է գալիս նաև մանկական խանդ։ Աբրահամը նկատեց, որ 7–ամյա որդին շատ հոգատար էր դեռ չծնված եղբոր հանդեպ, սակայն բնական է, որ երկար ժամանակ ուշադրության կենտրոնում լինելուց հետո ուշադրության կիսումն այս կամ այն կերպ կանդրադառնա նրա վրա։ «Հղիության ընթացքում չենք նկատել նման բան, սակայն ոչ ոք երաշխավորված չէ։ Երեխաների խանդը համամարդկային բնորոշում ունի։ Մենք փորձելու եք շատ հմտորեն և նրբորեն հաղթահարել այդ ամենը»,– նշեց նա։
Ամբողջությամբ՝ life.tert.am