Այսօր հայտնի դարձավ, որ հայ-իրանական համատեղ արտադրության «Եվա» ֆիլմը չի ընդգրկվել «Օսկարի» կարճ ցուցակում։ Մինչև այդ` երեկ երեկոյան, Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության նախաձեռնությամբ կայացավ ֆիլմի ցուցադրությունն ու քննարկումը, որին ներկա է եղել Tert.am Life–ը։
«Օսկարի» նախընտրական ցուցակում ընդգրկված ֆիլմը մրցանակաբաշխության կարճ ցուցակում չհայտնեց, սակայն հայ լսարանին հետաքրքրիր էր, թե ինչ ֆիլմով է երկիրը հայտ ներկայացրել մրցանակաբաշխությանը։ Միջոցառմանն այնքան մարդ էր եկել, որ հերթ էր գոյացել, և ֆիլմը ցուցադրվեց 2 սեանսով։
Նարինե Գրիգորյանի, Շանթ Հովհաննիսյանի, Մարջան Ավետիսյանի, Ռոզի Ավետիսովայի, Սերգեյ Թովմասյանի, Վրեժ Քասունիի, Տիգրան Դավթյանի, Նանոր Պետրոսյանի, Ելենա Ադամյանի, Մարատ Դավթյանի և այլ դերասանների մասնակցությամբ ֆիլմը դրամատիկ պատմություն է, որը զարգանում է հետպատերազմյան ժամանակաշրջանում` Արցախում։ Այն պատերազմի մասին չէ, սակայն պատերազմի հետևանքներն անմասն չեն մնացել սյուժեից։
«Այս ֆիլմը ցույց է տալիս պատերազմի արհավիրքը և ազդեցությունը մարդու ճակատագրի վրա։ Ես ցանկացել եմ ցույց տալ, թե կյանքն ինչքան գեղեցիկ է, որ հակառակ ամեն դժվարության` կարող ենք ապրել։ Ապրելն ամենակարևորն է։ Ֆիլմը, որտեղ մարդը ճաշակում է պատերազմի արհավիրքը, կարող էր նկարահանվել աշխարհի տարբեր ծայրերում, բայց ես ընտրեցի Արցախը, քանի ինձ հոգեհարազատ են հայերն ու մեր երկիրը»,- նշել է կինոնկարի ռեժիսոր ու սցենարի հեղինակ Անահիտ Աբադը, ով ազգությամբ հայ է։ ԽՍՀՄ տարիներին ռեժիսորի ընտանիքին աքսորել են Իրան, արդյունքում Սարգսյան ազգանունը դարձել է Աբադ։