Մի քիչ հումոր, մի քիչ pink, մի քիչ հեգնանք․ «Լավ երեկո»-ի լրագրող Արուսիկ Տիգրանյանի ռեպորտաժներն անկեղծ են, անկաշկանդ ու ստանդարտներից դուրս։ Մասնագիտությամբ լրագրող 22-ամյա Արուսիկը տալիս է անսպասելի հարցեր, ստանում անհավանական պատասխաններ: Wnews.am-ի դիմանկարային հարցազրույցների շարքում այս անգամ ներկայացնելու ենք հայկական հեռուստաեթերի նոր անուններից մեկին՝ Արուսիկ Տիգրանյանին։
Կարիերա. Ավարտել եմ ԵՊՀ-ի ժուռնալիստիկայի ֆակուլտետը։ Ուսանողական տարիներին մեծ խմբագրություններում աշխատելը դժվար էր, ուստի ժուռնալիտիկայի գործնական հմտություններ ձեռք բերելու համար ընկերներիս հետ հիմնեցի PinkTV կայքը, որը նաև հնարավորություն էր տալիս զբաղվել լրագրությամբ՝ առանց խիստ կանոնների։ Վերոնշյալ ժուռնալիստական ազատությունը, ակտիվությունը տեղախոխվեցին «Լավ երեկո» նախագիծ։ Համագործակցության սկզբնակետը եղավ հենց Pinktv-ն։ Տեսանյութերս հետաքրքրեցին «Վիտամին»-ի տղաներին, և նրանք առաջարկեցին համագործակցել։ Ամեն ինչ հարթ ընթացավ. նրանք իմ կերպարն էին հավանում, ես՝ իրենց պրոֆեսիոնալիզմը։
Իմ կերպարը. Չեմ սիրում, երբ մարդկանց բնութագրում են միակողմանի։ Կարծում եմ մարդն առհասարակ բազմաբնույթ է և կարող է տարբեր միջավայրերում տարբեր դրսևորումներ ունենալ։ Ինձ մի տեսակով բնութագրել չեմ կարող։ Ես տարբեր տեղերում, տարբեր մարդկանց հետ ունեմ համապատասխան տրամադրություն։ Իսկ ընդհանուր առմամբ՝ ակտիվ և պոզիտիվ մարդ եմ։
Մասնագիտական գործունեությանս մեջ ինձ դուր է գալիս ազատությունը, որովհետև ժուռնալիստիկան գործ ունի իրականության հետ. դու միևնույն ժամանակ չես երևակայում, բայց և ստեղծագործում ես։ Ինձ գրավում է իրականության վրա ինչ-որ բան ստեղծելն ու դրանում ազատություն ունենալը։
Հայտնիություն, աստղային հիվանդություն. Շատ հաճելի է լինել «Լավ երեկո»-ի լրագրողը։ Մի բան է, երբ աշխատում ես ինքդ քեզ համար, ուրիշ բան է՝ զբաղվել այն գործով, որը քեզ դուր է գալիս, իսկ կատարածդ աշխատանքը նաև հասնում է լայն զանգվածներին։ Շոուն այժմ ամենառեյտինգայինն է, որովհետև ունի պրոֆեսիոնալ աշխատակազմ, իսկ ինձ շատ հաճելի է աշխատել նրանց հետ։
Իմ հասցեին շատ արձագանքներ եմ լսում։ Վատն այն է, որ շոուի մաս կազմելուց հետո հասարակական վայրերում դիսկոմֆորտ է առաջացնում բոլորի ուշադրության կենտրոնում լինելը։ Ասել, որ առօրյա կյանքումս այդ առումով մեծ բան է փոխվել, սուտ կլինի, որովհետև օրակարգս նույնն է մնացել, պարզապես աշխատանքս ավելի հագեցած է, մարդկանց արձագանքն իմ անձի հանդեպ՝ ավելի բուռն։
Աստղային հիվանդության մասին խոսելը անիմաստ է, որովհետև եթե տանի, երևի ես չեմ զգա։
Նպատակներ. Ինքս իմ ուժերին հավատացող մարդ եմ, փորձում եմ միշտ ունենալ հնարավորինս լավ արդյունք։ Երբեք չեմ բացառել, որ հաջողություններ կունենամ։ Երազանքներիս մասին չեմ սիրում խոսել, որովհետև դա շատ անձնական է, պետք է մնա քո մեջ, եփվի, երբ շոշափելի կդառնա, կարող ես բարձրաձայնել։
Վախեր. Չեմ սիրում չհասկացված լինել։ Խուսափում եմ նման անհարմար իրավիճակներից։
Հանրությանն ուղղված գլխավոր մեսիջը. Երբ նայում եմ իմ ռեպորտաժները, հասկանում եմ, որ դրանք որքան էլ զվարճալի են, միևնույնն է՝ շատ պարզ ցույց են տալիս մեր հասարակության որոշ խնդիրներ, որոնք վաղուց չպիտի լինեին։ Մեծագույն մեսիջն այն է, որ ժամանակն է, որ յուրաքանչյուրս սկսենք մեզ վրա աշխատել, որպեսզի ցանկացած իրավիճակում կարողանանք լինել ներկայանալի։
Եթե ունենայի կախարդական փայտիկ. Չէի ուզի կախարդական փայտիկ ունենալ, որովհետև եթե ինչ-որ բան հեշտ ես ձեռք բերում, այն արդեն արժեզրկված է։ Կյանքը հենց երազանքներին հասնելու ճանապարհն է, եթե ճանապարհը չլինի, ամեն ինչ կդառնա չափազանց կանխատեսելի ու անհետաքրքիր։
Երկրպագուներ. Իմ հանդեպ մարդկանց հետաքրքրությունը չեմ կապում անձիս հետ․ բոլոր ժամանակներում էլ մի քիչ ավելի հայտնի աղջիկներով հետաքրքրվել են, ու դա որպես անձնական կյանքի մի մաս չեմ դիտարկում։
Կոնֆլիկտներ ռեպորտաժի հերոսների հետ. Նկարահանումների ընթացքում շատ է պատահում, որ նկարահանում ես, հետո մարդիկ քեզնից պահանջում են ջնջել նյութը։ Մենք պետք է գիտակցենք, որ եթե սեփական կամքով տեսախցիկի առջև պատասխանում ենք հարցերին, բնականաբար հեռուստատեսությամբ ցույց են տալու, և մեր խոսքերի համար ինքներս ենք պատասխանատու, հետևաբար նկարահանված նյութի բովանդակությունը հեռուստատեսությանն է պատկանում, և հեռուստատեսությունն է որոշում՝ ինչպես վարվել բովանդակության հետ։ Դրա փոխարեն կարելի է պարզապես աշխատել սեփական խոսքի և մտքերի վրա և չամաչել դրանցից։
Նամակ Ձմեռ պապիկին. Վերջին անգամ Ձմեռ պապիկին նամակը գրել եմ նախորդ տարի, երբ բարեկամներիցս մեկի երեխային սովորեցնում էի, թե ինչպես պետք է գրել։ Այս տարի նամակ չեմ գրի, որովհետև սենիտմենտալությունս անցել է։ Պարզապես հասկացա, որ ռեալ ուժերով ավելին կարելի է անել, քան երազելով։ Երազել պետք է, բայց դրանք իրականացնել կարելի է միայն իրական կյանքում։