Ապացուցված է` Հայաստանում մեքենաները կարելի է տեղական վառելիքով վարել, ընդ որում` մի քանի անգամ էժան. armeniasputnik.am
Advertisement 1000 x 90

Ապացուցված է` Հայաստանում մեքենաները կարելի է տեղական վառելիքով վարել, ընդ որում` մի քանի անգամ էժան. armeniasputnik.am

Երևանցի ավտոմեխանիկը սովորական շարժիչը էլեկտրականով է փոխարինել։ Նա դեռ վարդակից է լիցքավորում ավտոմեքենան, բայց վստահ ասում է` այդպես չորս անգամ էժան է, քան բենզինով, երկու անգամ էժան, քան գազով։

Հայաստանում էլեկտրամոբիլներին առայժմ չեն հավատում, ինչպես ժամանակին չէին հավատում գազով լիցքավորելուն։ Բայց մի երկու-երեք տարում ամեն ինչ կփոխվի, համոզված է ավտոմեխանիկ Դավիթ Գևորգյանը։

Նա որոշել է իր համոզմունքը սեփական մեքենայի վրա ապացուցել։ Իր փոքր արհեստանոցում ներքին այրման շարժիչը փոխարինել է էլեկտրականով ու հիմա ամենայն պատասխանատվությամբ հայտնում է, որ էլեկտրականությամբ աշխատող մեքենան բենզինով աշխատող մեքենայից չորս անգամ ավելի քիչ ու գազով աշխատողից երկու անգամ ավելի քիչ գումար է պահանջում։

Գումարը տնտեսվում է ոչ միայն լիցքավորման, այլ նաև տեխնիկական սպասարկման հաշվին, նկատում է Գևորգյանը։ Քանի որ մեքենայում ավելի քիչ հանգույցներ են մնում։ Վառելիքի բակ (կամ բալոն), պոմպ ու ընթացաշարժիչ չկա։ Մնում է միայն էլեկտրական շարժիչն ու դրա ռեդուկտորը։

Էլեկտրամոբիլները կարելի է սեփական ավտոտնակում լիցքավորել։ Սակայն դրա համար 5-6 ժամ է հարկավոր։ Ունևոր քաղաքացիները, որոնք Հայաստանում Tesla ու Nissan առաջին էլեկտրամոբիլներն են ձեռք բերել, գումար են ծախսել նաև Երևանում, Ծաղկաձորում ու Դիլիջանում լիցքավորման կայաններ տեղադրելու համար։

Բայց էլեկտրամոբիլը շքեղություն չէ, այլ փոխադրամիջոց։ Այսպես են կարծում նաև կառավարությունում։ Հոկտեմբերի սկզբին վարչապետ Կարեն Կարապետյանը հանձնարարել է հեշտացնել դրանց ներկրումն ու այդ թեմայով առաջարկություններ պատրաստել։

Հանձնարարությունը չէր վերաբերում Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությանը, սակայն նախարարությունն այս հարցում չափազանց շահագրգռված կողմ է, Sputnik Արմենիայի հետ զրույցում նշեց փոխնախարար Հայկ Հարությունյանը։

«Վերջին տարվա ընթացքում էլեկտրական շարժիչներով մեքենաների ներկրումն աճել է գրեթե հինգ անգամ։ Բացարձակ թվերով դեռ այդքան էլ շատ չէ` մի քանի տասնյակ։ Բայց համոզված եմ, երբ գործընթացները հեշտացվեն, թիվը կաճի։ Իսկ ամենակարևորը` այդ ժամանակ մարդիկ կտեսնեն, որ էլեկտրամոբիլը ֆինանսապես ձեռնտու է։ Այդ ժամանակ հարյուրավոր ու հազարավոր մեքենաներ կհայտնվեն»,- ընդգծեց փոխնախարարը։

Ինչո՞ւ են մարդիկ մինչև հիմա կասկածում։ Արտասովոր ոչինչ չկա, հասարակ զգուշավորություն է, համոզված է Գևորգյանը։ 15-20 տարի առաջ Հայաստանում չէին հավատում, որ այն գազով, որով ապուր են պատրաստում, կարելի է մեքենա լիցքավորել։ Իսկ հիմա տասից 8-9 մեքենան գազով է աշխատում։ Հայաստանն այս հացում ամբողջ աշխարհից առաջ է ընկել, պատճառը շատ պարզ է. հայերը սիրում են տնտեսել։ Իսկ գազը բենզինից 2-2,5 անգամ էժան է։

Իսկ եթե լավ համոզեն հայ վարորդներին, ապա «գազային» հեղափոխությունից հետո նրանք կարող են «էլեկտրական» հեղափոխություն անել։ Եվ փոքր շուկան միանգամից շատ գրավիչ կդառնա։ Այդ մասին էներգետիկայի նախարարությունը պատմելու է Tesla, Nissan և այլ ապրանքանիշներին։ Նրանց հետ դեռ չեն բանակցում, բայց հանդիպումներ արդեն եղել են։

armeniasputnik.am