Սերժ Թանկյանն աշխատում է «Սպիտակ» ֆիլմի երաժշտության վրա
Advertisement 1000 x 90

Սերժ Թանկյանն աշխատում է «Սպիտակ» ֆիլմի երաժշտության վրա

System of a Down խմբի վոկալիստ Սերժ Թանկյանն աշխատում է «Սպիտակ» ֆիլմի սաունդթրեքի վրա։ Ֆիլմը հայ-ռուսական նախագիծ է` նվիրված 1988թ–ի աղետալի երկրաշարժին։ Այդ մասին երաժիշտը հայտարարել է Rolling Stone ամսագրին տված հարցազրույցում։

Թանկյանի խոսքով` աշխատանքի կեսն արդեն արված է։

Երաժիշտը գնահատել է «Սպիտակը» որպես «շատ ծանր ֆիլմ» և բացահայտել որոշ դետալներ ֆիլմի ապագա սաունդթրեքի մասին։

«Ես ժամանակակից հնչողությամբ պարտիտուրա եմ ստեղծում։ Այնտեղ դաշնամուրի լուսավոր հնչյուններ են, թեթև մթնոլորտ։ Այդ ամենը երբեմն մուգ երանգների մեջ է, երբեմն էլ` լուսավոր», – հաղորդել է նա։

Սերժ Թանկյանը հարցազրույցում շոշափել է նաև System of a Down խմբի ապագայի և նոր ալբոմ ձայնագրելու հնարավորության հարցը։ Նրա խոսքով` խումբը քննարկել է այդ թեման և նույնիսկ փոխանակվել երաժշտական մտահաղացումներով, բայց առայժմ SOAD–ի անդամները չեն կողմնորոշվել, թե ինչ և ինչպես են անելու։

«Սպիտակը»` հայտնի ռուս ռեժիսոր Ալեքսանդր Կոտտի գալիք ֆիլմը, պատմում է 1988թ–ի դեկտեմբերի ողբերգական իրադարձությունների մասին։ Ֆիլմը ստեղծվել է Հայաստանի և Ռուսաստանի համատեղ արտադրությամբ` Հայաստանի Ազգային կինոկենտրոնի, ՊՆ–ի, ԱԻՆ–ի, ՌԴ մշակույթի նախարարության, Կինոյի ռուսական հիմնադրամի, ինչպես նաև «Եվրիմաժ» եվրոպական ֆոնդի աջակցությամբ։

Սպասվում է, որ ֆիլմի պրեմիերան տեղի կունենա 2018թ–ին և նվիրված կլինի ողբերգության 30–րդ տարելիցին։

armeniasputnik.am