Բրիտանական «Guardian» պարբերականն անդրադարձել է հայազգի հայտնի զինավաճառ, «մահ վաճառող» տիտղոսին արժանացած Սարգիս Սողանալյանին:
Պարբերականի հաղորդմամբ` երկու տասնամյակից ավելի Սողանալյանն աշխարհում ամենախոշոր մասնավոր զինավաճառն էր, ով այդ գործով զբաղվել է Լիբանանում, Նիկարագուայում, Անգոլայում, Իրաքում, ինչպես նաև` իրանա-իրաքյան պատերազմի ժամանակ: Կարճահասակ, թմբլիկ Սողանալյանը կենդանության օրոք բնութագրվում էր որպես «մահ վաճառող», ինչի վերաբերյալ, ըստ թերթի, Սողանալյանն ասել էր. «Այդ անունն ինձ չի անհանգստացնում»: «Guardian»-ի փոխանցմամբ` Սողանալյանը համագործակցել է ԱՄՆ Կենտրոնական հետախուզության վարչության, Հետաքննությունների դաշնային բյուրոյի և ամերիկյան այլ պետական գործակալությունների հետ: Նա զենք է մատակարարել Անաստասիո Սոմոզային (Նիկարագուայի նախագահ) սանդինիստական շարժման դեմ մղած պայքարի ժամանակ, Իրաքի առաջնորդ Սադամ Հուսեյնին Իրանի դեմ պատերազմում: Ըստ պարբերականի` «մահ վաճառողը» ինֆորմատոր էր, ով թանկարժեք ինֆորմացիա էր տրամադրում. «Լսում ես բերանով, խոսում` ականջներով»,- ասել է Սողանալյանը: Հոդվածագրի հավաստմամբ` Սողանալյանի «վաշինգտոնյան կապերը, գործերը վատանալու դեպքում, բանտից դուրս գալու երաշխիք էին և օգնում էին լեզու գտնել դատավորների և դատախազների հետ»: Լիբանանի քաղաքացի Սողանալյանը ծնվել է Թուրքիայում, նրա ընտանիքը հետագայում տեղափոխվել է Լիբանան: Այնուհետև նա 1958թ. գաղթել է ԱՄՆ` դառնալով M16 տեսակի ինքնաձիգեր արտադրող «Colt» ընկերության գաղտնի գործակալը:
Լիբանանի քաղաքացիական պատերազմի (մուսուլմանական և քրիստոնեական համայնքների միջև) տարիներին նա զենք է մատակարարել քրիստոնյա կամավորական ուժերին, և սկսվել է նրա համագործակցությունը Կենտրոնական հետախուզության վարչության հետ: Սողանալյանն աշխատել է նաև կուբացի վտարանդի գործակալ Ֆելիքս Ռոդրիգեսի հետ, ով մասնակցել է հեղափոխական Չե Գևարային գտնելու օպերացիային, ինչպես նաև` Էդվին Վիլսոնի հետ, ով զենք է մատակարարել Լիբիայի առաջնորդ Մուամար Կադաֆիին: «Հաջողակ զինավաճառ դառնալու համար հատուկ բնավորության գիծ է պետք: Դու պետք է բավականություն ստանաս ռիսկի դիմելուց: Վստահությունն ու հեղինակությունն ամեն ինչ են, բայց, եթե ուզում ես կենդանի մնալ, պետք է քեզ վարձատրողներին երջանկացնես»,- ասել է Սողանալյանը: Ըստ պարբերականի` երբ պարզ է դարձել, որ ինքը զինել է Կոլումբիայի զինված հեղափոխական ուժերին (ձախ-արմատական ապստամբական խմբավորումներ), Սողանալյանը հայտարարել է. «Ես երբեք զենք չեմ վաճառել ձախ ուժերին»: «Նա անազնիվ, անպատասխանատու զինավաճառ չէ: Նրան ճանաչում են մեր կառավարության բարձրաստիճան պաշտոնյաները»,- հայտարարել էր նրա փաստաբաններից մեկը: 1981թ. զենքի վաճառքի ոլորտում խարդախության համար նա պետք է 5 տարվա ազատազրկման դատապարտվեր, սակայն պայմանական ազատ արձակվեց:
Սողանալյանը նաև հրթիռներ է մատակարարել Արգենտինային, որոնք հետագայում օգտագործվել են Ֆոլքլենդյան կղզիների համար անգլոարգենտինյան հակամարտության ընթացքում անգլիական նավը կործանելու նպատակով: «Ամերիկացիները գիտեին, թե ես ինչ էի անում` յուրաքանչյուր րոպե, յուրաքանչյուր ժամ»,- ասել է Սողանալյանը: Նա իր ամենամեծ գործարքը` 1,5 մլրդ դոլար, իրականացրել է Սադամ Հուսեյնի հետ` 1980-ականներին իրանաիրաքյան պատերազմի ժամանակ: Հաղորդվում էր, որ ԱՄՆ-ը արգելել էր երկու կողմերին զենքի վաճառքը, իսկ նա, փաստորեն, խախտել էր այդ հրամանը: Սողանալյանը 1987թ. մեղավոր է ճանաչվում Իրաքին ուղղաթիռ վաճառելու փորձի համար: Նա, որ դատախազների կողմից բնութագրվում էր որպես մեծ խաբեբա և խարդախ, 1991թ. ազատազրկման դատապարտվեց, բայց օգնությունը «ձեռքի տակ էր». 1993թ. նրա 6.5 տարվա ազատազրկումը դարձավ երկու տարի, ապա նա ազատ արձակվեց` Լիբանանում իրականացված ամերիկյան արժութային կեղծ սխեմայի մասին ինֆորմացիա տրամադրելու դիմաց: «Երբ նրանք իմ կարիքը զգում են, անմիջապես գալիս ու ինձ ազատ են արձակում: Ես կարող եմ նրանց հետախուզական ինֆորմացիա տրամադրել»,- դեռևս 2001թ. ասել էր նա:
Սողանալյանը, որ 30 մլն դոլար պարտք ուներ պետությանը (հարկերի տեսքով), և որին արգելել էին զենքի վաճառքով զբաղվել, որոշում է գնալ Ֆրանսիա: Նրան 1999թ. Մայամի ժամանելիս ձերբակալում են` 3 մլն դոլարի բանկային հաշիվների հետ կապված խարդախության համար: Բայց կրկին նրան օգնության ձեռք են մեկնում, և 10 ամիս անց նա ազատ է արձակվում: «Սողանալյանը միշտ վստահեցրել է, թե երբեք ԱՄՆ-ի շահերի դեմ չի գործել: Սակայն 1999թ. 10.000 միավոր AK47 տեսակի ինքնաձիգ է մատակարարել Կոլումբիայի զինված հեղափոխական ուժերին, այդ գործարքը կատարել էր պերուացի լրտես Վլադիմիրո Մոնտեսինոսը, որը Կենտրոնական հետախուզության վարչության գործակալ էր: ԿՀՎ-ն վստահ էր, որ այդ զենքը Պերու է գնում…: ԱՄՆ-ը ֆինանսավորում էր Կոլումբիայի զինված հեղափոխական ուժերի դեմ Կոլումբիայի իշխանությունների պատերազմը: Մոնտեսինոսը Պերուում ազատազրկման դատապարտվեց: Իսկ Սողանալյանի դեպքում «իրավապահ մարմիններին օգնելու համար» դատավճիռը մեղմվեց և համարվեց, որ բանկային մեքենայությունների համար ազատազրկման ժամկետը և 3 տարվա պայմանական ազատազրկումը բավարար պատիժ է նրա համար»,- գրում է հոդվածագիրը:
Սողանալյանը մահացել է 2011թ. հոկտեմբերի 11-ին: Պարբերականն ընդգծում է, որ 2008 թվականից նրա առողջական վիճակը ծանր էր. նրա տուն, սակայն, շարունակում էին այցելել Հետաքննությունների դաշնային բյուրոյի աշխատակիցներ, ովքեր դեռևս ցանկանում էին նրա հետ գործարքներ կնքել: Սողանալյանը, որ ժամանակին մի քանի մասնավոր ինքնաթիռ ուներ, վերջին տարիներին սնանկացել էր և ապրում էր վարձակալած տանը:
Նոյեմբեր 17, 2011
168.am