2017–ի ավարտին հաշված օրեր են մնացել։ Տարեմուտի գիշերը հաճախ առավել հետաքրքիր է դառնում տոնական հաղորդումների շնորհիվ։ «Արմենիա TV»–ի գլխավոր պրոդյուսեր Ռուբեն Մխիթարյանը Tert.am Life–ին պատմել է, թե ինչ է սպասվում հեռուստաընկերության տոնական եթերում։
«Դեկտեմբերի 31-ին օրը սկսելու ենք Ամանորի «Բարի լույս»–ով, որը գերհագեցած է լինելու 2017 թվականին հայտնի դարձած երգերով ու կատարումներով։ Կարող եմ վստահեցնել, որ առավոտյան ժամը 9-ից «Արմենիա TV»–ի հավատարիմ հեռուստադիտողները կստանան տոնական տրամադրություն։ Ամանորյա ծրագիրը կտևի մոտ 4-5 ժամ,– ասաց նա ու հավելեց, որ դրան կհաջորդեն նախորդ տարիների լավագույն ամանորյա ծրագրերը։ –Ուզում եմ շեշտադրել, հատկապես, «Ամանորի ձայնը», քանի որ այս տարի մենք արեցինք «Հայաստանի ձայնը», և այն դարձյալ ակտուալ է։ Ես համարում եմ, որ «Ամանորի ձայնը» մեր լավագույն ամանորյա ծրագրերից մեկն է»։