Առաջին ալիքն Ամաների ֆիլմ է նկարահանել իր հեռուստադիտողների համար, որի մանրամասները ներկայացնում է Tert.am Life–ը։ Դեկտեմբերի 31-ին՝ ժամը 22:20-ին, կկայանա «Գնացք N1» խորագրով ֆիլմի պրեմիերան։
Ֆիլմը պատմում է մի գնացքի մասին, որն անսարքության պատճառով կանգ է առնում առեղծվածային «Նվերավանում»: Գնացքի ուղևորները հայտնի երգիչներ ու արտիստներ են, ովքեր շտապում են ներկա գտնվել Առաջին ալիքի տոնական համերգին: Ֆիլմի ընթացքում բացահայտվում են մի շարք հետաքրքիր փաստեր ուղևորների և գնացքի անձնակազմի մասին: Հետաքրքրաշարժ սյուժեն ուղեկցվում է «Գնացք N1»-ի հերոսների երաժշտական կատարումներով, ովքեր նորովի են մատուցում մեզ հայտնի համաշխարհային հիթերը:
Ֆիլմի հերոսներն են Խորեն Լևոնյանը, Արամ MP3-ն, Սոնա Շահգելդյանը, Գաբին, Շուշան Պետրոսյանը, Զարուհի Բաբայանը, Ալլա Լևոնյանը, Էրիկ Կարապետյանը, Հայկոն, Անահիտ Սիմոնյանը, Արամեն, Արսեն Սաֆարյանը, Ֆորշը, Հայաստանի երգի պետական թատրոնի սաները, Սուսաննա Շահինյանը, Արթուր Իսպիրյանը, Երվանդ Երզնկյանը, Վազգեն Ասատրյանը, Ջիվան Գասպարյանը, Մարտին Վարդազարյանը, Զավեն Սարգսյանը և ուրիշներ: Ֆիլմի ռեժիսորը Գրիգոր Գասպարյանն է, բեմադրող օպերատորը՝ Միհրան Ստեփանյանը, սցենարիստը՝ Վարդան Զադոյանը։
Հանրայինից տեղեկացնում են, որ կեսգիշերին կմեկնարկի տոնական համերգ սիրված արտիստների մասնակցությամբ։ Դասական երաժշտության սիրահարների համար Հանրայինը հունվարի 1-ին ուղիղ կհեռարձակի Վիեննայի ֆիլհարմոնիկ նվագախմբի տոնական համերգը, իսկ ֆիլմասերների կառաջարկի հայտնի ու սիրված կինոնկարներ։